Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նոր Հաճըն քաղաքի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նոր Հաճըն  քաղաքի Սուրբ Ամենափրկիչ  եկեղեցին 23.07.2015
Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նոր Հաճըն քաղաքի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին

Հուլիսի 22-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ներկայությամբ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի, տեղի ունեցավ Նոր Հաճըն քաղաքի նորակառույց եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը:
Եկեղեցին, որի հիմնարկեքը կատարվել էր 2011 թվականին, կառուցվել է տիար Գագիկ Ծառուկյանի բարերարությամբ: Եկեղեցու նախագծի հեղինակն է ՀՀ վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանը:
Ամենայն Հայոց Հայրապետին և ՀՀ նախագահին եկեղեցու առջև դիմավորեցին Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, եկեղեցու բարերար Գագիկ Ծառուկյանը, Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, Նոր Հաճընի քաղաքապետ Գագիկ Մաթևոսյանը և բազում ուխտավոր հայորդիներ:
Նորին Սրբությունը, իր հայրապետական օրհնությունը բաշխելով ներկաներին, հոգևորականաց դասի ուղեկցությամբ մուտք գործեց նորակառույց եկեղեցի, ուր սկսվեց եկեղեցու օծման կարգը:
Շարականների և սաղմոսների երգեցողությունից, աղոթքների ընթերցումից հետո խորան բարձրացվեց Սրբալույս Մյուռոնը, որով Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարեց եկեղեցու Ս. Սեղանի օծումը: Խորանի սյուների, Մկրտության ս. ավազանի և խորանի շուրթի օծումը կատարվեց ձեռամբ Երուսաղեմի Հայոց Պատրիարքության դիվանապետ Գերաշնորհ Տ. Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանի, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի, Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի, Տավուշի թեմի առաջնորդ և Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի, Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի և Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի:
Օծումից հետո կատարվեց եկեղեցու անվանակոչությունը: Վեհափառ Հայրապետը նորակառույց եկեղեցին կոչեց Ս. Ամենափրկիչ:

Այնուհետև Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այս ուրախալի առիթով իր օրհնության պատգամը բերեց արարողության մասնակիցներին և Նոր Հաճընի բնակիչներին:
«Մեծ է բոլորիս ուրախությունն այսօր. Հայոց աստվածօրհնյալ երկնակամարի ներքո մի նոր աղոթատուն` Նոր Հաճընի շքեղաշուք Սուրբ Ամենափրկիչ այս եկեղեցին, իր դռներն է բացում հավատավոր մեր ժողովրդի առջև: Գոհություն ենք մատուցում Երկնավոր Տիրոջը, որ հերթական անգամ Մեզ առիթն ու հնարավորությունն է ընձեռում կատարելու նորակառույց եկեղեցու օծման հոգենորոգ արարողությունը:
Սիրելինե՛ր, Եկեղեցին փրկության տապանն է, որը այս կյանքի խռովահույզ ծովում մեզ առաջնորդում է դեպի խաղաղության հանգրվան՝ դեպի բաղձալի նավահանգիստը փրկության, որն Աստված է պարգևում: Քրիստոնյայի երկրավոր կյանքի ճանապարհը ուղևորություն է դեպի այդ օրհնյալ հանգրվանը, որին առանց Եկեղեցու առաջնորդության
անհնար է հասնել: Ինչպես Ընդհանրական Եկեղեցու հայրերից Սուրբ Կիպրիանոսն է ասում. «Չիք փրկութիւն յարտաքոյ Եկեղեցւոյ» (Եկեղեցուց դուրս փրկություն չկա): Յուրաքանչյուր նորաօծ եկեղեցու հետ մեր կյանքում բացվում է երկնային շնորհների և օրհնության մի նոր աղբյուր` զորացնելով առ Աստված հավատքը և առավել հաստատուն դարձնելով հույսը դեպի փրկություն: Փառք Տիրոջը, որ Սուրբ Ամենափրկիչ Եկեղեցու միջոցով փրկագործ այս առաքելությունը զորանալու և արգասավորվելու է նաև Նոր Հաճըն քաղաքում:
Մենք Աստծո նախախնամությունն ենք տեսնում, որ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի նվիրական այս օրերին է օծվում և մեր ժողովրդի կյանքում իր առաքելությունն սկսում Նոր Հաճընի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին: Հաճընը պատմական Կիլիկիայի ծաղկուն քաղաքներից էր, որի հայ բնակչությունը` շուրջ 30.000, հարյուր տարի առաջ տարհանվեց և աքսորվեց դեպի Դեր Զոր, որտեղ նրանց մեծ մասը դաժանաբար կոտորվեց: Փրկվածները վերադարձան իրենց հայրենի բնաշխարհ, ձեռնամուխ եղան վերականգնելու իրենց տները, շարունակելու իրենց խաղաղ կյանքը, սակայն 1920 թ. կրկին հայտնվեցին բնաջնջման սպառնալիքի առջև: Քեմալական գերակշիռ ուժերի դեմ 8 ամիս շարունակվեց Հաճընի հերոսամարտը: Եվ հատկանշական է, որ քաղաքի ինքնապաշտպանությունը գլխավորում էր Հաճընի արիասիրտ առաջնորդ Պետրոս եպիսկոպոս Սարաճյանը, ով Քրիստոսի օրինակին հետևելով, պատրաստ էր իր կյանքը տալու հանուն իր հոտի փրկության: Քաջարի հայորդիք` հավատարիմ իրենց հայրենիքին ու հավատքին, աղոթքը շուրթներին կյանքի գնով պաշտպանում էին հայրենի սրբությունները: Շնորհիվ ինքնապաշտպանության փրկվեցին մեր ժողովրդի շատ զավակներ, իսկ տասնամյակ անց հաստատվեց Նոր Հաճըն ավանը, որն ընդարձակվել, քաղաք է դարձել` վկայելով մեր ժողովրդի վերածնունդը և հավատքով նորոգվող կյանքը:
Այսօր Նոր Հաճընում վեր է հառնել և մեր աղոթքները երկինք է բարձրացնում Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, որի օծման այս հոգեզվարթ և լուսավոր օրը Մեր միտքն են գալիս առաքյալի աստվածաշունչ խոսքերը, թե «…ամենայն ոք, որ Տիրոջ անունը կանչի, կփրկվի» (Հռոմ. 10.13): Այս հավատքով մեր ժողովուրդը դիմակայել է պատմության փորձություններին, ի զորու եղել վեր հառնել մահվան ճիրաններից և նոր կյանք կառուցել: Հայոց Ցեղասպանությունից հետո աշխարհով մեկ սփռված հայությունը Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու շուրջ համախմբված կարողացավ պահպանել ազգային իր դիմագիծը, Աստուծո անունը կանչելով հաղթահարեց նեղությունները և հավատաց իր լուսավոր ապագային: Այսօր, երբ ազատ է մեր Հայրենիքը, երբ նոր շունչ է առնում մեր հոգևոր և ազգային կյանքը, մեզ առավել ևս պիտի միավորի մեր հավատքը, որպեսզի մեր ամեն կարելիությամբ շենացնենք մեր երկիրը ու պայծառ պահենք մեզ դեպի փրկություն առաջնորդող մեր Սուրբ Եկեղեցին:
Հավատում ենք, որ Ամենափրկիչ մեր Տիրոջ Սուրբ Անունը կրող այս նորաշուք եկեղեցին միշտ լեցուն պիտի լինի հավատացյալներով և ձեր աղոթքներով, ձեր արդար, քաջ ու դրվատելի գործերով, ձեր հավատավոր ընթացքով Աստծո շնորհներն ու օրհնությունը պիտի առատանան մեր կյանքում», - ասաց Գարեգին Բ Հայրապետը:
Նորին Սրբությունը նաև ողջունեց Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի և պետական այրերի ներկայությունը:
Այնուհետև Հայոց Հայրապետն իր բարձր գնահատանքը բերեց տեր և տիկին Կոլյա և Ռոզա Ծառուկյաններին և նրանց զավակին՝ Գագիկ Ծառուկյանին, որոնց ազնիվ հանձնառություններով հայրենի երկրում վեր խոյացավ վեցերորդ եկեղեցին: Բարձր գնահատելով Ծառուկյան ընտանիքի եկեղեցաշեն գործունեությունը և Հայ Եկեղեցուն մատուցած օգտաշատ ծառայությունները՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական սրբատառ կոնդակով տեր և տիկին Կոլյա և Ռոզա Ծառուկյաններին շնորհեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշանը:
Շքանշանի հանձնումից հետո Հայոց Հովվապետը նվիրյալ ծառայության համար իր օրհնությունը փոխանցեց Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյանին և հոգևոր դասին, ինչպես նաև գնահատանքը բերեց եկեղեցու ճարտարապետ Արտակ Ղուլյանին, շինարարներին և բոլոր նրանց, ովքեր իրենց մասնակցությունն են բերել հոյակերտ եկեղեցու կառուցման և բարեզարդման աշխատանքներին:
Խոսքի ավարտին Ամենայն Հայոց Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց ներկաներին՝ հայցելով, որ Բարին Աստված Իր Ամենազոր Աջի հովանու ներքո միշտ խաղաղ ու ապահով, շեն ու պայծառ պահպանի հայրենի երկիրը և Հայոց Եկեղեցին, Իր երկնային շնորհներով առատապես օրհնի, զորացնի Նոր Հաճընի հավատավոր ժողովրդին և եկեղեցու բարերարներին:
Վերջում Նորին Սրբությունը նորակառույց եկեղեցուն նվիրեց Տիրոջ Ս. Խաչելության պատկեր:
Արարողությանը ներկա էին ՀՀ պետական այրեր, ԱԺ պատգամավորներ, օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, մշակույթի գործիչներ և բազում ուխտավորներ: