Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Երևանի Ս. Աննա եկեղեցին
Ապրիլի 30-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ներկայությամբ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի և տիկին Ռիտա Սարգսյանի, տեղի ունեցավ Երևանի Կաթողիկե Ս. Աստվածածին եկեղեցուն հարակից Ս. Աննա նորակառույց եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը:
Ս. Աննա եկեղեցու հիմնարկեքը կատարվել էր 2011 թվականին: Եկեղեցին և և հայրապետական երևանյան նստավայրը կառուցվել են բարերարությամբ Հրայր և Աննա Հովնանյանների:
Նորակառույց եկեղեցու օծմանը ներկա էին բարերար Հովնանյան ընտանիքի անդամները, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, հասարակական գործիչներ և ուխտավոր հայորդիներ:
Արարողության սկիզբն ազդարարվեց եկեղեցական զանգերի ավետաբեր ղողանջներով և Տերունական աղոթքով: Այնուհետև սաղմոսների ու հոգևոր շարականների երգեցողության ներքո լվացվեց եկեղեցու Ս. Խորանը: Աղոթքների ընթերցումից հետո խորան բարձրացվեց Սրբալույս Մյուռոնը, որով Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարեց եկեղեցու Ս. Սեղանի օծումը: Խորանի սյուների օծումը կատարեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Մկրտության սուրբ ավազանն օծվեց ձեռամբ Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի: Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը օծեց եկեղեցու ատյանի շուրթը:
Օծումից հետո Վեհափառ Հայրապետը նորակառույց եկեղեցին կոչեց Ս. Մարիամ Աստվածածնի մոր` Սուրբ Աննայի անունով:
Հավարտ սրբազան արարողության, ներկաներին իր հայրապետական պատգամը փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Իր խոսքում Նորին Սրբությունը նշեց, որ Սուրբ Աննա եկեղեցին` կառուցված Երևանի միջնադարյան հոյակերտ եկեղեցիներից Կաթողիկե Սուրբ Աստվածածնին կից, իր դիրքով ու հորինվածքով կարծես յուրօրինակ պաշտպան ու հովանի է դառնում Կաթողիկեին` Սուրբ Աննայի նման մայրական հոգածությամբ իր գիրկն առնելով Սուրբ Աստվածածնին:
«Գաղտնիք չէ, որ Կաթողիկեն, որի պատմությունն սկսվում է դեռևս 13-րդ դարից, ժամանակին բավական խոշոր չափերով եռանավ բազիլիկ կառույց է եղել, որը շատ ու շատ այլ եկեղեցիների ճակատագրին արժանանալով, քանդվել է խորհրդային իշխանության տարիներին` մասնավորապես ստալինյան բռնությունների ժամանակ: Կաթողիկեում Սուրբ Պատարագին մասնակցողներն իրենք կարող են վկայել, որ եկեղեցին շատ փոքր էր համայնքի բոլոր անդամներին իր մեջ առնելու համար, և հավատացյալներն ստիպված դրսից էին հետևում Սրբազան Պատարագի արարողությանը:
Ուրախ ենք, որ Սուրբ Աննա եկեղեցու կառուցմամբ այլևս մեր հավատավոր զավակունք պիտի կարողանան եկեղեցու լուսեղեն կամարների ներքո կանգնած մասնակցություն բերել սրբազան արարողություններին: Յուրաքանչյուր նոր եկեղեցի, սիրելի բարեպաշտ ժողովուրդ, որ կառուցվում է, հոգևոր ուրախություն ու խինդ է պարգևում հավատավոր մարդուն: Ամեն նոր կառուցվող եկեղեցի Աստվածապարգև պատվիրանները պահելու և քրիստոնեական ուսուցումը սերնդեսերունդ անխաթար կերպով փոխանցելու հնարավորություն է տալիս հավատավոր հոգուն: Եկեղեցին աղոթքի տունն է, ուր տեղի է ունենում մարդ-Աստված հանդիպումը: Եկեղեցին Աստուծո տունն է, ուր մարդ հոգեպարար ծիսակատարությունների ու աղոթքի շնորհիվ հոգևոր իր խաղաղությունն ու հանգիստն է գտնում: Եկեղեցին Աստծուն իրենց սրտերի մեջ ընդունած մարդկանց ժողովն է, միությունն է հավատացյալների, ովքեր գիտակցում են ընդհանրական աղոթքի զորությունն ու ճանաչում են այդ աղոթքի պարգևած շնորհները», - ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Նշելով, որ Սուրբ Աննայի օծումը կատարվում է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի օրերին` Գարեգին Բ Հայրապետը հավելեց. «Մեր ժողովրդի պատմությունը նման է Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցու անցած ճանապարհին. ինչպես մեր ժողովուրդը, այնպես և Կաթողիկե եկեղեցին դաժան ու տառապալի օրեր են տեսել, երկուսին էլ փորձել են վերացնել, սակայն փորձություններին հանդիման երկուսն էլ կանգուն են մնացել և շարունակել են իրենց կյանքի ընթացքը և Աստծո օրհնությամբ պիտի շարունակեն դեպի նոր ժամանակներ ու նոր դարեր»:
Եկեղեցու օծման ուրախալի առիթով Նորին Սրբությունը հորդորեց բարեպաշտ ժողովրդին Աստծու այս սուրբ տաճարում առատացնել աղոթքը` հայրենիքի համար հայցելով Բարձրյալ Տիրոջ հովանին:
Հայոց Հայրապետն իր գնահատանքը բերեց տեր և տիկին Հրայր և Աննա Հովնանյաններին, որոնց ազնիվ նվիրատվությամբ իրականություն դարձավ եկեղեցական համալիրի կառուցումը: Նորին Սրբությունն իր օրհնությունը փոխանցեց նաև եկեղեցու ճարտարապետ Վահագն Մովսիսյանին և շինարարությունն իրականացրած «Չիլինգարյան դիզայն Քնստթրաքշն» ՍՊԸ-ի պաշտոնեությանը:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց, որ Սուրբ Աննա եկեղեցին սիրելի աղոթատեղի դառնա ժողովրդի համար և իր նպաստը բերի Հայոց Եկեղեցու առաքելության պայծառությանը:
Արարողության ավարտին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և բարերար Հրայր Հովնանյանը շրջեցին հայրապետական երևանյան նստավայրի նորակառույց շենքում: