Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Բերդի նորակառույց եկեղեցին
Սեպտեմբերի 14-ին` Խաչվերացի տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Տավուշի թեմ, ուր հանդիսապետեց Բերդ քաղաքի նորակառույց Ս. Հովհաննես եկեղեցու օծման սրբազան արարողությունը: Տարածաշրջանի բնակչության համար այս պատմական առիթով Բերդ քաղաք էր ժամանել նաև Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:
Ս. Հովհաննես եկեղեցին, որի հիմնարկեքը կատարվել էր 2012 թ. մայիսի 20-ին, կառուցվել է բարերարությամբ լուսահոգի պրն. Ջոն Սթիվենսի (Ֆրեզնո, ԱՄՆ): Եկեղեցու ճարտարապետն է Արտակ Ղուլյանը, շինարարությունն իրականացրել է «Այգեձոր» ընկերությունը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսին և ՀՀ նախագահին քաղաքի մատույցներում դիմավորեցին Տավուշի թեմի առաջնորդ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանը, Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Արամ քահանա Միրզոյանը, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ:
Նորակառույց եկեղեցու առջև Ամենայն Հայոց Հայրապետին և ՀՀ նախագահին մեծ խանդավառությամբ և պատվով ողջունեց Բերդի բնակիչների բազմությունը: Աղ ու հացի ավանդական արարողությունից հետո եկեղեցու զանգերի ավետաբեր ղողանջների ներքո Նորին Սրբությունը և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիսավոր թափորով առաջնորդվեցին եկեղեցի, ուր սկսվեց շքեղակառույց եկեղեցու օծման կարգը:
Արարողության ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարեց եկեղեցու Ս. Սեղանի օծումը, իսկ Տավուշի թեմի առաջնորդ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը, Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ, Հնդկաստանի և Ծայրագույն Արևելքի հայրապետական պատվիրակ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանն ու Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանն օծեցին եկեղեցու 16 սյուները: Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ նորակառույց եկեղեցին կոչվեց Ս. Հովհաննես առաքյալի անունով:
Հավարտ եկեղեցու օծման, ողջույնի խոսքով հանդես եկավ թեմակալ առաջնորդ Տ. Եզնիկ արքեպիսկոպոսը` մեծապես կարևորելով Վեհափառ Հայրապետի և ՀՀ նախագահի այցը Տավուշ և մասնակցությունն եկեղեցու օծման արարողությանը: Այնուհետև Ամենայն Հայոց Հայրապետն իր պատգամն ու հայրապետական օրհնությունը բերեց ներկա հավատավոր ժողովրդին՝ անդրադառնալով Խաչվերացի տոնին և հայ ժողովրդի համար Խաչի խորհրդին:
«Այսօր մեր երկրի այս գողտրիկ աշխարհում, Բերդ քաղաքի նորակառույց Ս. Յովհաննէս եկեղեցում հավաքվել ենք տոնախմբելու Խաչվերացը և տոնի սքանչելի խորհրդով կատարելու եկեղեցու օծումը:
Խաչվերացը 7-րդ դարից ի վեր սեպտեմբերյան այս օրերին մեծ շուքով նշում է քրիստոնեական ողջ աշխարհը: Տոնի անվանումը՝ «Խաչվերաց» նշանակում է խաչը վեր բարձրացնել: Շուրջ 1400 տարիներ առաջ պարսկա-բյուզանդական մեծ պատերազմում Երուսաղեմից գերեվարվեց մեր Տիրոջ խաչափայտը: Տարիներ անց Հերակլ կայսեր գլխավորությամբ բյուզանդական զորքը, որի կազմում մարտնչում էր նաև հայկական զորագունդ, հաղթանակեց և վերադարձրեց խաչափայտը: Վերադարձի ճանապարհն անցավ նաև Հայաստանով, քանի որ խաչափայտը սկզբում տարվեց Կոստանդնուպոլիս և այնտեղից` Երուսաղեմ: Դեպի Երուսաղեմ դարձի ողջ ճանապարհին, ինչպես և Հայաստանում, մարդիկ ամենուր ուրախությամբ երկրպագում էին փրկական խաչին, փորձում էին մոտենալ, որ տեսնեն, բայց որովհետև բազմությունն անափ ծովի էր նման, խաչափայտը տանողները ժամանակ առ ժամանակ այն վեր էին բարձրացնում, որպեսզի հեռվում գտնվողները տեսնեն, մխիթարվեն ու երկրպագեն խաչափայտին:
Այսօր մենք մեր հոգիներում ենք պանծացնում Տիրոջ խաչը, քանզի մեր Տերը մարդկանց փրկության համար հանձն առավ խաչ բարձրանալ և խաչի վրա հեղած արյամբ փրկեց մեզ դատապարտության անեծքից և պարգևեց հավիտենական կյանքը: «Արդարև, Նրա աստվածային զորությունը մեզ շնորհեց ամեն ինչ, որ վերաբերում է կյանքին և աստվածապաշտությանը՝ ճանաչեցնելով մեզ Նրան, ով կանչեց մեզ Իր փառքին և առաքինությանը» (Բ Պետր. 1.3), - հայտարարում է Պետրոս առաքյալը: Նաև 7-րդ դարի Հայոց Կաթողիկոս Սահակ Ձորափորեցին Խաչվերացի շարականում օրհնաբանում է՝ ասելով. «Սուրբ խաչիդ զորությունը, Քրիստոս, որ կանգնեցրիր աշխարհի փրկության համար, թող պահպանի մեզ ամեն փորձությունից»: Այս աղոթքով և մաղթանքով Մենք, սիրելիներ, ձեր աղոթակցությամբ այսօր օծեցինք նորակերտ այս եկեղեցին, որ խաչի պահապան թևերի ներքո պաշտպան կանգնի մեր բազմաչարչար հայրենիքի սահմաններին, նաև` բարեբեր Տավուշ աշխարհին և օրհնի խաղաղ կյանքը Տավուշի մեր զավակների:
Սիրելի բարեպաշտ հավատացյալներ, խաչը մեզ համար Տիրոջ խոսքով ապրելու հանձնառություն է: Խաչն արդարություն է, քանզի նրանով արդարացանք, խաչը ճշմարտություն է, քանզի նրանով ճանաչեցինք Աստծու ճշմարիտ սերը արարածներիս հանդեպ: Խաչով մենք արտահայտում ենք այս աշխարհում մեր կոչումն ու առաքելությունը, մեր հավատը կյանքի հանդեպ և ավելին` մեր հավատը հավիտենական կյանքի հանդեպ: Խաչը նաև հաղթանակի նշան է քրիստոնյաներիս համար: Այս վստահությամբ ու ոգով է ապրել մեր ժողովուրդը՝ տերունական խաչը դարձրած վահան փորձությանց դեմ, օրհնություն և պահպանություն իր կյանքի, իր հույսերի ու ձգտումների: Հավատավոր այս հոգով ու սրտով դուք՝ մեր ժողովրդի զավակունք, ապրում եք այս տարածաշրջանում, որ եղել ու շարունակում է լինել քրիստոնեական ոգու անառիկ ամրոց: Այստեղ ապրող յուրաքանչյուր հայորդի զինվորն է իր հայրենի հողի: Շինականի, գիտնականի, զինվորի տքնության արդար քրտինքով և ի սեր Հայրենիքի թափված արյամբ է շաղախված այս նվիրական հողը, որով այն սուրբ ու նվիրական է: Այսօր Մենք եկել ենք այստեղ Մեր օրհնությունն ու գնահատանքը բերելու ձեզ, որ ձեր արիությամբ ու քաջությամբ անառիկ եք պահում մեր հայրենյաց սահմանները, և խաղաղ՝ հայ կյանքը Հայրենիքում: Եկել ենք նորաօծ այս եկեղեցու կամարների ներքո ի խորոց սրտի հայցելու Տիրոջ սուրբ խաչի պահպանությունը մեր սահմանամերձ քաղաքների ու գյուղերի խիզախ ու արի հայ բնակչության ու մեր երկրի սահմաններն անսասան պահող քաջազուն հայ զինվորների համար:
Հայրենիքի սահմանների պահպանությունը նույնպես խաչի ճանապարհ է, հանձնառություն, որում դուք, սիրելիներ, չեք թերանում՝ հակառակ բոլոր դժվարությունների: Այսօր նորակերտ այս եկեղեցին ևս մեկ հաղթական խաչ է խոյացնում երկինք՝ նրա աշխարհակեցույց թևերի ներքո համախմբելու և զորացնելու ձեզ՝ Աստծուց օրհնյալ ձեր երկրամասը շենացնելու, ձեր իղձերը կյանքի կոչելու, բարեշեն ձեր կյանքը կերտելու համար, որպեսզի ինչպես էլ փոխվեն իրավիճակները, հավատավոր մեր ժողովրդով կանգուն ու աննահանջ մնան մեր հայրենի սահմանները: Մենք հավատում ենք, սիրելիներ, որ եկեղեցին միշտ լեցուն պիտի լինի հավատացյալ ժողովրդով ու ջերմեռանդ աղոթքով և Տավուշ աշխարհի դարավոր վանքերի կողքին այս եկեղեցին պիտի դառնա սիրելի սրբավայր և ուխտատեղի: Թող բարեպաշտ հայորդյացդ խնդրանքն ու հայցը ընդունելի լինեն մեր Տիրոջ կողմից և ուխտը ի կատար, որ միշտ խաղաղ, բարօր ու երջանիկ լինի ձեր կյանքը, խնդությունն ու ուրախությունը թևածեն ձեր հոգիներում և միշտ ժպիտ լինի ձեր և ձեր զավակաց շուրթերին: Ձեր աղոթքներում հիշեք նաև եկեղեցու հանգուցյալ բարերարին` երկրային կյանքից անժամանակ հեռացած ամերիկահայ Ջոն Սթիվենսին, որպեսզի նրա հոգին հանգչի խաղաղության ու հանգստության մեջ և մխիթարություն գտնի երկնքում», - ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետը նաև ողջունեց նորակառույց եկեղեցու օծման հանդիսությանը ներկա գտնվող պետական պաշտոնյաներին՝ գլխավորությամբ ՀՀ նախագահ Տիար Սերժ Սարգսյանի՝ մաղթելով, որ Տիրոջ շնորհով հաջողությամբ պսակվեն և արդյունավորվեն ՀՀ նախագահի ջանքերը՝ ի սեր հայրենյաց խաղաղության, առաջընթացի ու բարօրության:
Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց Տավուշի թեմի բարեջան առաջնորդ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանին և թեմի ողջ հոգևոր դասին՝ գոհունակությամբ ընդգծելով, որ հավատավոր ժողովրդի կողմից նրանց ծառայությունը սահմանամերձ տարածքներում մեծապես գնահատված է: «Ուրախ ենք տեսնել, որ որպես քաջ հովիվ, առանց տրտունջի և առանց վերապահության, նախանձախնդիր կերպով ամենօրյա ձեր հովվական առաքելությունն եք իրականացնում՝ մշտապես ներկա լինելով մեր ժողովրդի կյանքում թե՛ ուրախության և թե՛ տխրության, թե՛ լարված հակամարտության և թե՛ հարաբերական խաղաղության պայմաններում», - ընդգծեց Հայրապետը՝ աղոթելով, որ Տերը հանապազ աջակից և հովանավոր լինի նրանց և օրհնի նրանց նվիրյալ ջանքերը հանուն Եկեղեցու առաքելության արդյունավորման:
Վեհափառ Հայրապետը նաև իր օրհնությունը բերեց եկեղեցու շինարարին, ճարտարապետին և բոլոր այն անձանց, ովքեր իրենց զորակցությունն են բերել եկեղեցաշինության աստվածահաճո այս ծրագրի իրականացմանը:
Ս. Հովհաննես եկեղեցու օծման հիշարժան օրվա և Խաչվերացի տոնի կապակցությամբ Նորին Սրբությունը նորակառույց եկեղեցուն նվիրեց Տիրոջ խաչելության սրբապատկեր՝ մաղթանքով, որ բերդցիները անմար պահեն իրենց հոգիներում խաչի պարծանքն ու փառաբանությունը՝ մշտապես նորոգվելով ու զորանալով Փրկիչ Հիսուս Քրիստոսի կենարար խաչի հաղթական զորությամբ:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև աղոթք վերառաքեց առ Աստված, որ Տերն Իր սուրբ խաչի կենարար օրհնության ներքո պահպանի Բերդ քաղաքը և Տավուշ աշխարհը՝ հավատավոր իր բնակչությամբ, զորացնի ժողովրդին արդար ու բարի գործերում, այլև խաղաղություն և անսասանություն պարգևի սահմանապահ բոլոր հայորդիներին:
Արարողությունից հետո եկեղեցու մուտքին երեսուն զինվորներ ի նշան խաղաղության դեպի երկինք բաց թողեցին աղավնիներ:
Այնուհետև նորաօծ եկեղեցում առաջին անգամ մատուցվեց սուրբ և անմահ Պատարագ: Պատարագիչն էր Տ. Տաճատ ավագ քահանա Դավիդյանը: