Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ կօծվի Մոսկվայի նորակառույց առաջնորդանիստ եկեղեցին
Սեպտեմբերի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը կհանդիսապետի Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի նորակառույց առաջնորդանիստ եկեղեցու օծման ու եկեղեցական համալիրի բացման արարողությունները:
Մոսկվայի Օլիմպիական և Տրիֆոնովյան փողոցների խաչմերուկում գտնվող Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդանիստ շքեղակառույց եկեղեցական համալիրը զբաղեցնում է 1,32 հա տարածք և ընդգրկում առաջնորդանիստ Ս. Տաճարը, Ս. Խաչ եկեղեցին, առաջնորդարանի շենքը, կրթամշակութային ու վարչական մասնաշենքերը, ունի թանգարան, հանդիսությունների սրահներ և այլ օժանդակ շինություններ:
50 մ բարձրությամբ առաջնորդանիստ տաճարի և համալիրի (ճարտարապետ Արտակ Ղուլյան, գլխ. կոնստրուկտոր Հովհաննես Մեյրոյան) նախագծման աշխատանքներն սկսվել են 2004 թ.-ին, իսկ կառուցումը` 2006 թվականին` ռուսաստանաբնակ եկեղեցասեր հայորդիների բարերարությամբ:
Տաճարի քառախորան գմբեթի վրա Քրիստոսի 72 աշակերտների հիշատակին նվիրված խաչեր են քանդակված: Տաճարն ու ողջ եկեղեցական համալիրն իր լուծումներով, բազում զարդաքանդակներով ու խաչքարերով այցելուին պատկերացում է տալիս հայոց ճարտարապետության մասին, իսկ տաճարն ագուցող հարթաքանդակներով ներկայացվում են հայ ժողովրդի պատմության տարբեր դրվագներ, ինչպես օրինակ` գրերի գյուտը, քրիստոնեության ընդունումը, հավատքի ու հայրենիքի համար մղված պայքարը և այլն: Տաճարի մուտքի վերնամասը զարդարում է Հիսուս Քրիստոսի պատկերաքանդակը, ձախ և աջ կողմերում պատկերված են Հայ Եկեղեցու գլխավոր սրբությունները` Ս. Գեղարդը և Հայրապետական Աթոռի խորհրդանիշ` Ս. Գրիգոր Լուսավորչի Աջը: Տաճարը ներսից զարդարված է աստվածաշնչյան և Հայ Եկեղեցու սրբերի յուրօրինակ որմնապատկերներով:
Ս. Խաչ եկեղեցու երկու բաց խորանախորշերում կանգնեցված են հայոց գրին ու հավատին նվիրված արձանագիր հուշակոթողներ: Համալիրի տարածքում տեղադրված է նաև հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող հուշաքար: