Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովվապետական այցն Արգենտինայի հայոց թեմ

Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովվապետական այցն Արգենտինայի հայոց թեմ 19.05.2011

 

Մայիսի 12-ի երեկոյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ժամանեց Արգենտինայի հայոց թեմ` ուղեկցությամբ պատվիրակության եւ ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան տիար Վլադիմիր Կարմիրշալյանի:

Օդանավակայանում Նորին Սրբությանը դիմավորեցին Արգենտինայի հայոց թեմի առաջնորդ Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը, թեմական խորհրդի անդամներ եւ վարչականներ, բազում հավատացյալներ: Վեհափառ Հայրապետին դիմավորելու էին եկել նաեւ Արգենտինայի Կրոնից փոխնախարար Խուան Լանդաբուրուն եւ երկրի իշխանությունների ներկայացուցիչներ: Փոխնախարարը, հանուն Արգենտինայի Հանրապետության կառավարության, ողջունեց Նորին Սրբությանը, ուրախություն հայտնեց Հովվապետական այցելության առիթով` նշելով, որ արգենտինաբնակ հայերը մեծապես հարգված են Արգենտինայում եւ իրենց գնահատելի ու ստեղծարար կյանքով ու գործերով միշտ վայելում են իշխանությունների բարյացակամությունն ու աջակցությունը: Բուենոս Այրեսում Նորին Սրբության պատվիրակությանը միացան նաեւ ԱՄՆ Հայոց Արեւմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը եւ Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Տաթեւ արքեպիսկոպոս Ղարիբյանը:

Օդանավակայանից Նորին Սրբությունն ուղեւորվեց Բուենոս Այրեսի Սիվորի թանգարանի հանդիսությունների սրահ, որտեղ Հայոց Հայրապետին դիմավորեցին բազմաթիվ հավատացյալներ, Քույր Եկեղեցիների եւ օտար կրոնների ներկայացուցիչներ, Բուենոս Այրեսի կառավարության անդամներ: Նորին Սրբությունը հանդիպում ունեցավ Բուենոս Այրես քաղաքի կառավարության ղեկավար Մավրիսիո Մակրիի հետ, ով նշանակալի իրադարձություն համարեց Վեհափառ Հայրապետի Հովվապետական այցելությունն Արգենտինա եւ իր գնահատանքն արտահայտեց Արգենտինայի հայ համայնքի նկատմամբ: Բուենոս Այրես քաղաքի կառավարության կողմից Վեհափառ Հայրապետը հռչակվեց Բուենոս Այրեսի պատվավոր այցելու: Նորին Սրբությունը շնորհակալություն հայտնեց պատվավոր կոչման համար եւ իր գնահատանքը բերեց Բուենոս Այրեսի եւ Արգենտինայի իշխանություններին արգենտինաբնակ հայորդիների հանդեպ դրսեւորած շարունակական զորակցության ու սատարումի համար եւ ողջունեց նաեւ Հայոց Հայրապետին դիմավորելու եկած Քույր Եկեղեցիների եւ այլ կրոնների ներկայացուցիչների ներկայությունը: Նորին Սրբությունն իր գոհունակությունը հայտնեց հայ-արգենտինական միջպետական հարաբերությունների սերտացման եւ զորացման, ինչպես նաեւ մեր ժողովուրդների եւ Բուենոս Այրես ու Երեւան քույր քաղաքների միջեւ բարեկամության ու համագործակցության ամրապնդման համար:

Այնուհետեւ Վեհափառ Հայրապետն ուղեւորվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի: Հավատացյալ հազարավոր հայորդիներ, ովքեր հավաքված էին եկեղեցում եւ հարակից տարածքում, Վեհափառ Հայրապետին դիմավորեցին մեծ խանդավառությամբ, ծափողջույններով եւ վառվող ջահերով: Հրաշափառի արարողության ընթացքին հավատացյալներին ուղղված խոսքում Նորին Սրբությունն ասաց. ՙՍիրելիներ, ի սփյուռս աշխարհի հանուր հայության կյանքում Եկեղեցին է, որ փրկչական տերունապատվեր առաքելությամբ նաեւ համախմբում է հայ ժողովրդին եւ Աստծո օրհնության ներքո անսասան պահում նրա ազգային-քրիստոնեական դիմագիծը: Դարեր շարունակ Եկեղեցին է եղել եւ այսօր էլ է պատվարն ու խնամարկուն մեր ազգի, Եկեղեցին է, որ զորացնում է ազգին դժվարությունների ու մարտահրավերների դեմ պայքարում եւ ոգեշնչում նոր արարումների` հանուն հայոց բարօր ներկայի եւ պայծառ գալիքի: Եկեղեցին լոկ քարեղեն կառույց չէ, այլ Եկեղեցին հավատացյալ մեր ժողովրդի հավաքականությունն է: Եկեղեցին դուք եք հավատավոր ձեր կյանքով ու գործերով, ըստ առաքելական խոսքի` ՙտաճար Հոգւոյն Սրբոյ՚ եք, անդամները Քրիստոսի խորհրդական մարմնի: Հիրավի, մեր ժողովրդի պատմությունը նման է Քրիստոսի երկրավոր կյանքի ընթացքին: Եղել են չարչարանքներ, խաչելություն, Ցեղասպանության գողգոթա, բայց հարության հավատքի հաղթանակն է պսակել հարատեւությունը ազգի եւ Հայոց Եկեղեցու: Այդ հաղթանակն է, որ այսօր երեւում է տիրախնամ թեմում ձեր ձեռքբերումների մեջ, արտացոլվում եկեղեցանվեր ու ազգասեր ձեր կյանքի ընթացքներում՚: Այնուհետ հավատացյալները մոտեցան աջհամբյուրի` արտահայտելով Նորին Սրբության Հովվապետական այցելության առիթով իրենց բերկրանքն ու խնդությունը, որ դրսեւորվում էր նաեւ հավատացելոց ժպիտների եւ ուրախության արցունքների, դրանց միախառնված հուզմունքի միջոցով: Հրաշափառի արարողությունից հետո Նորին Սրբությունը հանդիպեց թեմական խորհրդի անդամների, համայնքի ներկայացուցիչների հետ` քննարկելով ներհամայնքային հարցեր: