Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովվապետական այցն Արգենտինայի հայոց թեմ (մայիսի 19-20)

Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովվապետական այցն Արգենտինայի հայոց թեմ (մայիսի 19-20) 24.05.2011

Մայիսի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, շարունակելով Հովվապետական այցն Արգենտինայի հայոց թեմ, ժամանեց Կորդոբա:

Նորին Սրբությանն ու Հայրապետական շքախմբին դիմավորեցին թեմակալ առաջնորդ Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը, Կորդոբայի հոգեւոր հովիվ Տ. Երեմիա քահանա Խաչատրյանը, եկեղեցական վարչության անդամներ, համայնքի ներկայացուցիչներ եւ հավատացյալներ:

Հրաշափառի արարողությունը տեղի ունեցավ Կորդոբայի Սուրբ Գեւորգ եկեղեցում, որը Հարավային Ամերիկայի առաջին հայական եկեղեցին է` կառուցված 1926 թ.: Ամենայն Հայոց Հայրապետին դիմավորելու էին եկել նաեւ Քույր Եկեղեցիների ներկայացուցիչներ: Նորին Սրբությունը եկեղեցական հանդիսավոր թափորով առաջնորդվեց եկեղեցի, ուր Վեհափառ Հայրապետին մեծ խանդավառությամբ ողջունեցին ներկա բազում հայորդիները: Հրաշափառի արարողության ընթացքում Նորին Սրբությունը, դիմելով հավատացյալներին, ի մասնավորի ասաց. ՙԱյսօր ուրախ ենք վերստին տեսնելու Կորդոբայի համայնքը հավատքով արթուն, հայաշունչ եւ հայրենաշունչ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հանդեպ սիրով լեցուն: Ձեր եկեղեցասիրությամբ, նախանձախնդրությամբ ու նվիրումով ազգաշահ ու եկեղեցանպաստ նորանոր արարումներ են կյանքի կոչվում համայնքում, եւ երկնաշնորհ հաջողությամբ են պսակվում ազգային-եկեղեցական կյանքի առաջընթացին ուղղված ձեր ջանքերը, քանզի հավատավոր գործերի վրա են իջնում Աստծո օրհնությունները: Սիրելիներ, հայոց պատմիչ Եղիշեն Վարդանանց մասին իր պատմության մեջ արձանագրել է նախանձախնդիր հավատքի վկայությունը մեր ժողովրդի զավակների, ովքեր հայտարարում էին. ՙՀայր մեր զՍուրբ Աւետարանն գիտեմք, եւ մայր` զԱռաքելական Սուրբ Եկեղեցի՚: Արդարեւ, չկա հայ հոգին առանց քրիստոնեական մեր հավատքի: Առաքելահաստատ մեր Սուրբ Եկեղեցին է, մեր հայրերի հավատքն է, որ մինչեւ այսօր համախմբում, զորացնում եւ միավորում է ազգիս զավակներին, ուր էլ որ լինեն: Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին է, որ մեր ժողովրդի զավակներին հայ է պահել դարեր շարունակ: Դժվարությունների ու փորձությունների դեմ պայքարած եւ հաղթանակած մեր սուրբ հայրերի օրինակն է, որ ոգեշնչել է ու շարունակում է քաջալերել մեր ժողովրդին: Սուրբ Էջմիածնի լույսն է, որ հավատն ու լավատեսությունը վառ է պահել հոգիներում Մեր զավակների, նրանց առաջնորդել նոր արարումների ու նոր հաղթանակների՚:

 

Արարողությունից հետո եկեղեցուն կից կանգնեցված Հայոց Ցեղասպանության հուշարձանի մոտ Վեհափառ Հայրապետը աղոթեց Ցեղասպանության զոհերի հոգիների խաղաղության համար: Այնուհետեւ եկեղեցու հանդիսությունների սրահում տեղի ունեցավ գեղարվեստական երեկույթ, որի ընթացքում հուզիչ եւ գեղեցիկ կատարումներով հանդես եկան Կորդոբայի հայ համայնքի մանուկ եւ պատանի հայորդիներ: Վերջում Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց միջոցառման կազմակերպիչներին` շեշտելով մշակութային միջոցառումների կարեւորությունը նոր սերնդին ազգային ոգով կրթելու եւ սնուցելու գործում:

Մայիսի 20-ի առավոտյան Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Կորդոբայի նահանգապետ Խուան Իսկիարետիին: Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետը իր գոհունակությունը հայտնեց ջերմ ընդունելության համար, մեծապես գնահատեց Կորդոբա նահանգի եւ Արգենտինայի կառավարության կողմից երկրի ավանդույթների պահպանության գործում դրսեւորած նախանձախնդրությունը, որն օրինակ է նաեւ հավատավոր հայորդիներին` պահպանելու իրենց ազգային ավանդությունները, հավատարիմ մնալու հայրենի ժառանգությանն ու արժեքներին:

Նահանգապետն իր հերթին նշեց Կորդոբայի հայ համայնքի մեծ դերակատարությունը Կորդոբայի քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային կյանքում: Խոսելով Հայոց Ցեղասպանության մասին` նահանգապետը տեղեկացրեց, որ Արգենտինայի կրթական համակարգում կարեւորվում է Հայոց Ցեղասպանության մասին ուսուցանումը, որպեսզի նոր սերունդը, իմանալով մարդկության դեմ գործված ոճրագործությունների մասին, կրթվի եւ դաստիարակվի մարդկության կյանքում խաղաղության, համերաշխության ու եղբայրության հաստատման վճռականությամբ:

Ամենայն Հայոց Հայրապետը կարեւոր նկատեց պատմության ուսուցանումը ճշմարտության ու արդարության սկզբունքներով, որով նոր սերունդը պիտի ավելի նախանձախնդիր լինի մարդկության կյանքից մերժելու չարիքն ու բռնությունը եւ ջանքեր ներդնելու` ի խնդիր առավել լավ ու բարօր աշխարհի կառուցման:

Նույն օրը Նորին Սրբությունը հանդիպեց Կորդոբայի քաղաքապետ Դանիել Ժակոմինոյին: Պաշտոնական ընդունելության ընթացքում քաղաքապետը Վեհափառ Հայրապետին նվիրեց քաղաքի հիմնադիր Խերոնիմո Լուիս դե Կաբրերայի արձանիկը եւ հանձնեց վկայագիր, որով Ամենայն Հայոց Կաթողիկոսը հռչակվում է Կորդոբա քաղաքի պատվո հյուր:

Մայիսի 20-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց նաեւ Սուրբ Սահակ-Մեսրոպ ազգային վարժարան, հանդիպումներ ունեցավ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Կորդոբայի մասնաճյուղի վարչական անդամների, ՀՅԴ ՙԱնդրանիկ՚ ակումբի անդամների հետ:

Երեկոյան տեղի ունեցավ պաշտոնական ճաշկերույթ, որին ներկա էին Կորդոբայի քաղաքապետը, Քույր Եկեղեցիների ներկայացուցիչներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Ճաշկերույթի ընթացքում Վեհափառ Հայրապետը խոսք ուղղեց հավատացյալներին` ասելով. ՙՄենք եկեղեցիներ ենք կերտել ամենուր մեր կյանքում, եւ Աստծո շնորհով մենք եկեղեցիացել ենք որպես ազգ: Ու թեեւ պատմության ընթացքին տեսել ենք եկեղեցի ավերող բարբարոսներ, բայց մեր հոգում Աստծո էջքով կառուցված եկեղեցին հնարավոր չի եղել քանդել, եւ այդ եկեղեցուց ճառագել է մեր հավատքը, որով մենք կերտել ենք նոր եկեղեցիներ, հայ դպրոց, մշակույթ, անսասան ու հաղթական ոգի: Թող Աստված միշտ լինի ձեզ հետ, եւ դուք ձեր հավատի գործերով արժանանաք մեր հայրերի ՙերանի եկեղեցի շինողաց՚ մաղթանքին ու շարունակեք կերտել պայծառությունը մեր եկեղեցու ազգաշինության եւ հայրենաշինության բարի գործերով՚:

Մայիսի 21-ի վաղ առավոտյան Ամենայն Հայոց Հայրապետն ուղեւորվեց Չիլի: