Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովվապետական այցն Արգենտինայի հայոց թեմ (մայիսի 15-16)

Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովվապետական այցն Արգենտինայի հայոց թեմ (մայիսի 15-16) 20.05.2011

Մայիսի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական Ս. Պատարագ մատուցեց Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ եկեղեցում` ի ներկայության բազմաթիվ հավատացյալների, ՀՀ դեսպան տիար Վլադիմիր Կարմիրշալյանի, Քույր Եկեղեցիների ներկայացուցիչների:

Պատարագի ընթացքին եկեղեցանվեր գնահատելի գործունեության եւ ազգաշահ վաստակի համար արժանավոր հայորդիներ Վեհափառ Հայրապետի կողմից պարգեւատրվեցին պատվո շքանշաններով: Նորին Սրբությունը ՙՍուրբ Ներսես Շնորհալի՚ շքանշան հանձնեց Արգենտինայի հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետ տիար Ալբերտո Ճերեճյանին, Վահան սարկավագ Պերպերյանին, տիար Խորխե Մյուրեքյանին, տիարք Գրիգոր Հայրապետյանին եւ Ռուբեն Մոզյանին շնորհվեց ՙՍուրբ Սահակ – Սուրբ Մեսրոպ՚ շքանշան: Վեհափառ Հայրապետը պանակե նվիրեց թեմակալ առաջնորդ Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանին` գնահատելով Սրբազան Հոր տասնամյակների վաստակն ու հոգեւոր ծառայությունը, ինչպես նաեւ Մայր Աթոռից բերված սկիհ ընծայեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն:

Պատարագի ավարտից հետո տեղի ունեցավ մատաղաճաշ, որին ներկա էին բազմահարյուր հայորդիներ: Ճաշի ընթացքում Նորին Սրբությունը Հայրապետական Օրհնության գրեր շնորհեց տիարք Սամո Սարգիսյանին, Փետրո Մուրադյանին եւ տիկին Դիանա Տեր-Կարապետյանին: Նորին Սրբությունն այցելեց նաեւ Սարդարապատ հրատարակչատուն, այնուհետ Սարդարապատի ճակատարմարտի հերոսներին նվիրված հուշակոթողի մոտ աղոթեց հերոսական ճակատամարտում զոհվածների հոգիների խաղաղության համար:

Մայիսի 16-ի առավոտյան Ամենայն Հայոց Հայրապետն այցելեց Բուենոս Այրեսի քաղաքային զբոսայգի, որտեղ հայորդիների կողմից Արգենտինային նվիրված խաչքարի մոտ աղոթեց խաչքարի կանգնեցման նախաձեռնությունն իրականացրած Գեւորգ եւ Վերա Կարագոզյանների հոգիների հանգստության համար: Այնուհետ Նորին Սրբությունն ուղեւորվեց Հայկական գերեզմանատուն: Գերեզմանատան մատուռում, ի ներկայության հավատավոր հայորդիների, Հայրապետը հոգեհանգստյան աղոթք կատարեց, որից հետո մատուռից քիչ հեռու կանգնեցված Հայոց Ցեղասպանության զոհերի հուշարձանին ծաղկեպսակ զետեղեց եւ աղոթեց Ցեղասպանության նահատակների համար:

Նույն օրը Նորին Սրբությունն այցելեց ազգային բարերար Էդուարդո Էօռնեքյանին եւ կատարեց տիար Էօռնեքյանի նոր տան եւ տան բակում կանգնեցված խաչքարի օրհնության արարողությունը` բարձր գնահատելով բարերարի ազնիվ ոգին եւ մեծ ներդրումները ազգային-եկեղեցական կյանքի առաջընթացի ու զարգացման գործում:

Վեհափառ Հայրապետը հանդիպումներ ունեցավ նաեւ Արգենտինայի Ազգային կոնգրեսի Պատգամավորների պալատի Արտաքին հարաբերությունների եւ պաշտամունքի մշտական հանձնաժողովի նախագահ Ալֆրեդո Աթանասոֆի, Սահմանադրական դատարանի նախագահ Ռիկարդո Լորենսետիի եւ փոխնախագահ Էլենա Հայտըն դե Նոլասկոյի հետ:

Արգենտինայի Արտաքին գործերի նախարարությունում, ի պատիվ Հայոց Հայրապետի, կազմակերպվել էր ընդունելություն, որին մասնակցում էին դիվանագիտական առաքելությունների շուրջ երկու հարյուր ներկայացուցիչներ: Հանդիսության ընթացքում Վեհափառ Հայրապետը հռչակվեց Արգենտինայի կառավարության պատվո հյուր: Նորին Սրբությունն այս պատիվը առաջին հերթին գնահատանք նկատեց Արգենտինայի հայ համայնքին իրենց օրինավոր եւ արդյունաշատ կյանքի համար այս երկրում եւ գոհունակությամբ անդրադարձավ Արգենտինայում իշխանությունների կողմից կրոնական գործունեության համար բարենպաստ պայմանների եւ հնարավորությունների ապահովմանը, որով Քույր Եկեղեցիներն Արգենտինայում համերաշխությամբ եւ համագործակցությամբ իրականացնում են իրենց առաքելությունը:

 

Նույն օրը Վեհափառ Հայրապետը հանդիպում ունեցավ Արգենտինայի նախագահ տիկին Քրիստինա Կիրշների հետ: Հանդիպմանը ներկա էին Արգենտինայի հայոց թեմի առաջնորդ Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը, ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը, տիար Էդուարդո Էօռնեքյանը, Արգենտինայի Արդարադատության նախկին նախարար եւ պետական բարձր պաշտոններ զբաղեցրած Լեոն Կառլոս Ասլանյանը, Արգենտինայի Հայոց թեմի թեմական խորհրդի ատենապետ Ալբերտո Ճերեճյանը:

Հանդիպմանը Նորին Սրբությունը ցավակցություն հայտնեց նախագահ Քրիստինա Կիրշներին նրա ամուսնու` Արգենտինայի նախկին նախագահ Նեստոր Կիրշների մահվան կապակցությամբ, ում հետ Վեհափառ Հայրապետը հանդիպել էր Արգենտինայի հայոց թեմ իր առաջին Հովվապետական այցելության ընթացքում: Հայոց Հայրապետը գնահատանքով անդրադարձավ Արգենտինայի Սենատի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը, գոհունակություն հայտնեց նախագահին Արգենտինայի հայ համայնքի վերաբերյալ գնահատանքի խոսքերի համար:

Վեհափառ Հարապետի Հովվապետական այցելությունը Բուենոս Այրես ավարտվեց մշակութային միջոցառմամբ ՙԹեատրո Ավենիդա՚ օպերային թատրոնում: Հանդես եկան հայ եւ արգենտինացի կատարողներ, երգչուհիներ եւ արվեստագետներ: Հանդիսության ընթացքում Նորին Սրբությունը, բարձր գնահատելով արգենտինահայ ազգային բարերար տիար Էդուարդո Էօռնեքյանի բարեգործությունները, ազգային եւ եկեղեցական անդաստանում զգալի ներդրումները, հայրենական կյանքի զարգացման ու առաջընթացին ի խնդիր բերած մեծ նպաստն ու գործերը, նրան հռչակեց Սուրբ Էջմիածնի ասպետ` մաղթելով տիար Էօռնեքյանին արեւշատություն եւ նորանոր հաջողություններ ազգաշեն ու եկեղեցաշեն աստվածահաճո իրագործումներում: