Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովվապետական այցն Արգենտինայի հայոց թեմ (մայիսի 13-14)
Արգենտինայի հայոց թեմ հովվապետական այցի շրջանակներում մայիսի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական դպրոց, որի հանդիսությունների սրահում հավաքվել էին Բուենոս Այրեսի հայկական յոթ դպրոցների աշակերտները:
Երեխաները հաց ու աղով, բուռն ծափահարություններով եւ ուրախության գոչյուններով դիմավորեցին Վեհափառ Հայրապետին: Նորին Սրբությունն իր գոհունակությունն արտահայտեց մանուկ եւ պատանի հայորդիների հետ այս հանդիպման առիթով` գովելով դպրոցների բարերարների, հոգաբարձուների, մանկավարժների եւ ծնողների խնամքն ու հոգածությունը հայ դպրոցների նկատմամբ: Վեհափառ Հայրապետը հորդորեց դպրոցականներին նախանձախնդիր լինել ուսման մեջ, քաջ իմանալ մեր ժողովրդի եւ Սուրբ Եկեղեցու պատմությունը, լավ սովորել մայրենի լեզուն եւ առավել զորանալ հավատքի, եկեղեցանվիրումի ու հայրենասիրության մեջ: Հանդիպման ավարտին Նորին Սրբությունը պատասխանեց դպրոցականներին հուզող հարցերին:
Նույն օրը Հայոց Հայրապետն այցելեց Արգենտինայում ՀՀ դեսպանատուն, իսկ երեկոյան Բուենոս Այրեսի կաթոլիկ տաճարում տեղի ունեցավ էկումենիկ արարողություն: Ներկա էին Քույր Եկեղեցիների ներկայացուցիչներ եւ հավատացյալներ, բազմաթիվ հայ հավատացյալներ, դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ: Նորին Սրբությունն իր խոսքում մասնավորաբար նշեց. ՙՔաղցրությամբ ենք հիշում, երբ 2001 թ. Հայոց Մեծի դարձի 1700-ամյա հոբելյանին Մեզ խնդակից եղան Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու պապ Հովհաննես Պողոս Երկրորդը, Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Ալեքսի Բ պատրիարքը, Ուղղափառ Եկեղեցիների պետեր, Անգլիկան, Ավետարանական Եկեղեցիների ներկայացուցիչներ, Եկեղեցիների հոգեւոր սպասավորներ: Հակառակ ծերունազարդ տարիքին ու մարմնական տկարության` եղբայրական այցով եւ իր աղոթքներով այդ օրերին Մեզ եւ մեր ժողովրդի հետ էր բոլորիս կողմից սիրված եւ անմոռանալի, այլեւս մեր քույր Կաթոլիկ Եկեղեցու կողմից երանելի հռչակված Հռոմի Հովհաննես Պողոս Բ պապը: Մեր երկու Եկեղեցիների բարեկամական եւ եղբայրական ամուր կապերի արտահայտությունը եւ վերահաստատումն էր մեր այցը Հռոմ Բենեդիկտոս ԺԶ պապի հրավերով 2008 թ.: Գոհունակությամբ ենք անդրադառնում, որ սիրո գործակցության այդ ջերմ ոգին է առաջնորդող մեր Եկեղեցիների ներկայացուցիչների եւ մեր զավակների միջեւ ամրապնդվող հարաբերություններում՚: Արարողության ավարտից հետո կաթոլիկ տաճարում տեղադրված Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքարի մոտ Նորին Սրբությունն աղոթեց Ցեղասպանության նահատակների հոգիների խաղաղության եւ հանգստության համար:
Մայիսի 14-ին Նորին Սրբությունն այցելեց Հայ Օգնության Միության ծերանոց եւ իր օրհնությունը բերեց ծերանոցում ապաստանած տարեցներին` բարձր գնահատելով ՀՕՄ-ի անդամների խնամատար եւ հոգածու գործունեությունը:
Վեհափառ Հայրապետն այցելեց նաեւ Հայ մշակութային միություն, որտեղ երիտասարդները հանդես եկան պարային գեղեցիկ կատարումներով: Նորին Սրբությունը գնահատեց Հայ մշակութային միության գործունեությունը եւ կարեւորեց նաեւ Սփյուռքում պահպանումն ու զարգացումը հայ պարարվեստի, որով նույնպես դրսեւորվում են մեր ժողովրդի ոգին ու նվիրական զգացումները:
Երեկոյան Նորին Սրբությունը մասնակցեց գրող եւ մանկավարժ Պետրոս Հաճյանի գործունեության 60-ամյակի հանդիսությանը եւ ուսուցչական ու գրական բեղուն առաքելության եւ եկեղեցանվեր վաստակի համար Պետրոս Հաճյանին շնորհեց Առաքելական Սուրբ Եկեղեցու ՙՍուրբ Սահակ – Սուրբ Մեսրոպ՚ պատվո բարձր շքանշանը:
Այնուհետ Նորին Սրբությունը մասնակցեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Բուենոս Այրեսի մասնաճյուղի 100-ամյակին նվիրված տոնական հանդիսությանը: Վեհափառ Հայրապետն իր խոսքում ի մասնավորի ասաց. ՙՀայկական Բարեգործական Ընդհանուր Միության անդամները մեր ժողովրդին ծառայել են հավատավոր հոգով, սիրով ու նվիրումով` առաքելական պատվերի համաձայն, թե` ՙմի մոռացեք բարեգործությունը եւ ձեր ունեցած բարիքներին միմյանց մասնակից դարձնելը, քանզի այդպիսի պատարագներն են հաճելի Աստծուն՚ (Եբր. 13.16): Նրանց առաջնորդել են աշխարհասփյուռ հայության հոգսերը կիսելու, ազգային կյանքը զորավոր պահելու նպատակները, մեր ժողովրդի լուսավոր գալիքի հեռանկարները, որոնց կյանքի կոչմանը մասնակցել են իրենց սրտաբուխ նվիրատվություններով, ազնիվ ջանքերով ու ամեն սատարումով: Ահա այսօր մեկդարյա գործունեության ծանրաբեռն վաստակով իր հարյուրամյա հոբելյանն է տոնախմբում Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Բուենոս Այրեսի մասնաճյուղը, որը զգալի ներդրում ունի Արգենտինայի հայ համայնքի ձեւավորման ու բարօրության, Արգենտինայի հայոց թեմում հոգեխնամ առաքելության կազմակերպման գործընթացներում՚: Գնահատարժան գործունեության համար Վեհափառ Հայրապետը պարգեւների արժանացրեց Բարեգործականի Բուենոս Այրեսի մասնաճյուղի անդամների. տիար Ռոբերթո Մալխասյանը եւ տիկին Ռոսիթա Յուսուֆյանը Նորին Սրբության կողմից պարգեւատրվեցին ՙՍուրբ Սահակ – Սուրբ Մեսրոպ՚ շքանշաններով, իսկ տիար Հարություն Սարաֆյանը` ՙՍուրբ Ներսես Շնորհալի՚ շքանշանով: