Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովվապետական այցը Սանկտ-Պետերբուրգ
Հունիսի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր շքախմբի ուղեկցությամբ մեկնեց Սանկտ-Պետերբուրգ` մասնակցելու հայ համայնքի 300-ամյակին նվիրված միջոցառումներին:
Օդանավակայանում Նորին Սրբությանը դիմավորեցին Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը եւ հայ համայնքի ներկայացուցիչները:
Հովվապետական այցը սկսվեց Ս. Կատարինե հայկական եկեղեցի այցելությամբ, ուր Ամենայն Հայոց Հայրապետին սպասում էին հարյուրավոր հայորդիներ: Ավանդական աղ ու հացի արարողությունից հետո Նորին Սրբությունը զանգերի ուրախարար ղողանջների ու ՙՀրաշափառի՚ ներքո թեմի հոգեւորականների թափորով առաջնորդվեց Ս. Տաճար, ուր Ամենայն Հայոց Կաթողիկոսին բարի գալուստ մաղթեց թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը: Սրբազան Հայրը գոհություն հայտնեց Աստծուն Վեհափառ Հայրապետի օրհնաբեր այցի առիթով` հրավիրելով Նորին Սրբությանն իր օրհնությունն ու պատգամը բերել հավաքված հավատավոր ժողովրդին:
ՙՓառք ենք տալիս Աստծուն, որ այսօր Հայրապետի հետ համախմբված գեղեցկակառույց այս եկեղեցու կամարների ներքո, ձեր առաջնորդի ու հոգեւոր դասի առաջնորդությամբ, ձեզ հետ միասին Մենք աղոթական օրեր պիտի ապրենք: Փառք ենք տալիս Աստծուն, որ 300 տարի շարունակ մեր զավակները վառ են պահել ազգային եւ հոգեւոր կյանքի Սանկտ-Պետերբուրգում, եւ այսօր էլ ազգային-եկեղեցական կյանքը այստեղ աշխուժություն է ապրում, հայորդիները համախմբված են եկեղեցու կամարների ներքո, փարված իրենց հայրերի սուրբ հավատքին` շեն ու պայծառ են պահում ազգային իրենց կյանքը՚, - նշեց Ամենայն Հայոց Հայրապետն իր խոսքում: Նորին Սրբությունը մասնավոր իր գնահատանքը հայտնեց Եզրաս Սրբազանին, ում առաջնորդությամբ ու անմիջական ջանքերով սկիզբ առավ ազգային-հոգեւոր կյանքի վերակազմակերպումը Պետերբուրգում: Վեհափառ Հայրապետն այս առիթով Հայրապետական օրհնությունն ու գնահատանքը բերեց նաեւ տեղական իշխանություններին, որոնց հոգատար վերաբերմունքի շնորհիվ հնարավոր դարձան վերջին քսան տարիների ընթացքում արձանագրված ձեռքբերումները:
Այնուհետեւ Գարեգին Բ Կաթողիկոսը հորդորեց ժողովրդին աջակից լինել հոգեւոր հայրերին, նախանձախնդրությամբ իրականացնել թեմի առաջնորդության, թեմական եւ ծխական խորհուրդների կողմից մշակվող բոլոր այն բարի եւ գեղեցիկ ծրագրերը, որոնք նպատակ են հետապնդում պայծառացնելու ազգային-եկեղեցական կյանքը, Աստծո օրհնությունն ու աղոթքն առատացնելու հայորդիների հոգիներում ու հարկերից ներս: Նորին Սրբությունը նաեւ պատգամեց հայորդիներին միշտ իրենց քայլերն ուղղել դեպի եկեղեցի եւ ազգային հաստատություն, մասնակցել ազգային-հոգեւոր կյանքին, Հայրենիքի շինության ու զորացման նվիրական գործին, հոգում կրել լույս պատկերը Ս. Էջմիածնի: ՙՄնացեք Տիրոջ օրհնության ներքո, մնացեք միաբան, միմյանց հանդեպ սիրով, սիրով դեպի ազգային-եկեղեցական կյանքը: Ձեր սերն ու միաբանությունն են աղբյուրը ձեր կյանքի զորության, եկեղեցական-համայնքային կյանքի ամրության եւ գեղեցիկ իրագործումների ու ձեռքբերումների՚,- ասաց Հայոց Հայրապետը` վերստին փոխանցելով ամենքին Ս. Էջմիածնի օրհնությունը:
Նույն օրը Սալտիկով-Շեդրինի անվան ազգային գրադարանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ կատարվեց ՙՀայ-ռուսական հոգեւոր կապեր՚ խորագրով հայկական գրքերի ցուցահանդեսի բացումը:
Գրադարանի փոխտնօրեն Իրինա Լեանդրովայի եւ Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Հակոբյանի ողջույնի խոսքերից հետո Նորին Սրբությունը իր հայրապետական օրհնությունը բերեց ներկաներին ցուցահանդեսի բացման առիթով` այն խոսուն արտահայտություն նկատելով ռուս եւ հայ ժողովուրդների հոգեւոր կապերի:
ՙԱյսօր առիթն ունենք մեկ անգամ եւս գոհունակ սրտով եւ արժանի գնահատանքով անդրադառնալու հավատակից մեր ժողովուրդների դարավոր բարեկամական հարաբերություններին, գիտական ու մշակութային կապերի հարուստ ավանդներին, որոնց ուրույն արտահայտությունն ենք գտնում Սանկտ-Պետերբուրգի հայ համայնքի պատմության մեջ:
Սկզբնավորվելով Սանկտ-Պետերբուրգի հաստատման առաջին տասնամյակներում, հայ համայնքը աճել ու ստվարացել է քաղաքի զարգացման հետ: Մեր ժողովրդի զավակները իրենց մասնակցությունն են բերել Ռուսաստանի նոր, հյուսիսային մայրաքաղաքի բարօրությանն ու բարգավաճմանը, նաեւ` մշակութային առաջընթացին: Արժանանալով ռուսական բարեխնամ իշխանության հաճությանը` հայ համայնքը կազմակերպել է նաեւ իր հոգեւոր եւ ազգային կյանքը. կառուցել է եկեղեցիներ, սիրով ու հավատարմությամբ խնամել ու պահպանել հայոց լեզուն եւ հայ մշակույթը: Հայրենի ժառանգության հանդեպ մեր ժողովրդի զավակների այս հոգածությամբ եւ Աստծո առատ շնորհներով Սանկտ-Պետերբուրգը, որ կրում է մշակութային շռայլ ու հարուստ ավանդներ, դարձել է նաեւ հայագիտության կենտրոններից մեկը: Սանկտ-Պետերբուրգի հետ կապված են հայ տպագրության, հայ մատենագրության թարգմանությունների հիշատակներ, նաեւ`պատմական դժվարին ժամանակներում Հայաստանի ազատագրության հույսերի, ռազմական համագործակցության ծրագրերի ու համատեղ պայքարի նվիրական էջեր:՚, - նշեց Վեհափառ Հայրապետն իր խոսքում:
Նորին Սրբությունը գոհություն հայտնեց Աստծուն, որ այսօր զարթոնքով է լցվում Սանկտ-Պետերբուրգի հայ համայնքի հոգեւոր-ազգային կյանքը, եւ հայ ժողովրդի զավակները` որպես արժանավոր, հարգված բնակիչներ Սանկտ-Պետերբուրգի, հավատարիմ իրենց հոգեւոր ու ազգային արժեքներին` ջանադրությամբ մասնակից են հարազատ քաղաքի կյանքին, ներգրավված են գործունեության տարբեր ասպարեզներում եւ նոր վկայությունն են բերում հայ-ռուսական եղբայրական կապերի:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր գնահատանքը հայտնելով ցուցահանդեսի կազմակերպիչներին եւ հայ համայնքին, վստահություն հայտնեց, որ ցացահանդեսը կքաջալերի այցելուներին եւ կնպաստի, որ գիրքը` իբրեւ գիտելիքի եւ ճանաչողության, հոգեւոր եւ մտավոր կրթության աղբյուր, շարունակի իր արժանի տեղը ունենալ կյանքում:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Սալտիկով-Շեդրինի անվան ազգային գրադարանի հին ձեռագրերի բաժին, ուր ծանոթացավ գրադարանում պահվող հայկական ձեռագրերին: