Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովվապետական այցը Չիլիի Հանրապետություն (մայիսի 21-22)
Մայիսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր ուղեկից շքախմբով ժամանեց Չիլիի Հանրապետության մայրաքաղաք Սանտյագո:
Չիլի հովվապետական այցի ընթացքում Նորին Սրբությանն ուղեկցում էին նաեւ Արգենտինայի հայոց թեմի առաջնորդ Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը, թեմական խորհրդի ատենապետ Ալբերտո Ճերեճյանը, ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը եւ Չիլիում ՀՀ պատվո հյուպատոս Էդուարդո Ռոդրիգեզ Գոնաչին:
Սանտյագոյից Նորին Սրբությունն ուղեւորվեց Վալպարաիսո` մասնակցելու Չիլիի Ազգային ժողովի նիստին, որի ընթացքում Չիլիի պետական տոնի` Նավատորմի փառքի օրվա առիթով նախատեսված էր երկրի նախագահ Միգել Խուան Պիներայի ելույթը: Ազգային ժողովի հանդիսավոր նիստից հետո Նորին Սրբությունը մասնակցեց տոնական շքերթին, ապա հանդիպեց Չիլիի նախագահ Միգել Խուան Սեբաստիան Պիներային:
Երեկոյան Սանտյագոյում, ՙԻնտերկոնտինենտալ՚ հյուրանոցի հանդիսությունների սրահում, Վեհափառ Հայրապետը հանդիպեց Չիլիի հայ համայնքի հետ: Հանդիպմանը ներկա էին նաեւ Քույր Եկեղեցիների ներկայացուցիչներ, Չիլիի քաղաքական գործիչներ: Նորին Սրբությունը, դիմելով ներկաներին, ուրախություն հայտնեց հանդիպման համար: Հայրապետը նաեւ ողջունեց պետական, քաղաքական եւ կրոնական գործիչների ներկայությունը հանդիպմանը` այն նկատելով հարգանքի արտահայտություն Չիլիի հայորդիների հանդեպ եւ հայորդիների միջոցով հարգանքի դրսեւորում Հայոց Հայրապետի հանդեպ: ՙԳոհություն է մեզ համար, որ աշխարհում սփռված հայորդիներն ամենուր, ինչպես եւ այստեղ` Չիլիում, արթուն են պահում իրենց հոգիներում լույս հավատքը մեր հայրերի, որ հայոց կյանքում արմատավորվեց քարոզչությամբ Սուրբ Թադեոս եւ Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների: Սիրելի հայորդիներ, ազգային-եկեղեցական կյանքում մեր ձեռքբերումներն ու հաջողությունները ոգեւորություն ու քաջալերություն են մեզ համար, իսկ խնդիրներն ու մարտահրավերները` ահազանգ եւ կոչ` միաբանությամբ, միասնական գործունեությամբ դիմագրավելու, մեկմեկու զորակցելու, նեցուկ լինելու եւ համախումբ ջանքերով լուծումներ գտնելու: Այս առումով կարեւոր է նաեւ բոլորիս նախանձախնդիր գործունեությունը, քանզի Առաքելական Սուրբ Եկեղեցու, մեր հոգեւոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաքելությունը ամենքինս է: Յուրաքանչյուր հայ` որպես մի մասնիկը մեր ժողովրդի, գիտակցելով, որ հոգու պարտք ունի ողջ հայության առջեւ, պիտի գործի ոչ միայն անձնական, այլեւ համազգային մեր բարեկեցության եւ բարօրության, մեր ողջ ազգի փրկության համար: Մեր բազում ազգային նպատակները, նվիրական իղձերն ու երազանքները իրականություն կդառնան, երբ մեր անհատական կյանքը լույս դարձնենք մեր հավաքական կյանքի համար` հավատքից բխող առաքելության նոր կենսագործումներով՚, - ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Մայիսի 22-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Սանտյագոյի արքեպիսկոպոս Ռիկարդո Էցցատիի հետ: Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունն անդրադարձավ Հայ Առաքելական եւ Կաթոլիկ Եկեղեցիների սերտ հարաբերություններին` կարեւորելով երկու Եկեղեցիների միջեւ եղբայրական գործակցության առավել ամրապնդումն ու արդյունավորումը: Զրույցի ընթացքում նաեւ պայմանավորվածություն ձեռք բերվեց Չիլիի Կաթոլիկ Եկեղեցու աստվածաբանական բարձրագույն կրթական հաստատությունում հայ հոգեւորականի ուսման եւ կեցության վերաբերյալ, որով նաեւ Չիլիի հայ համայնքը, ի դեմս ուսանող հոգեւորականի, կունենա իր հոգեւոր հովիվը:
Այնուհետեւ Վեհափառ Հայրապետն այցելեց Սանտյագոյի Հայաստանի Հանրապետության հրապարակ, որտեղ հավատացյալ հայորդիների մասնակցությամբ աղոթք բարձրացրեց Չիլիի հայ համայնքի զորացման, համայն հայության ու Մայր Հայրենիքի բարօրության ու առաջընթացի համար:
Կաթոլիկ համալսարանի եկեղեցում Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ կատարվեց եկեղեցական արարողություն: Հավատացյալներին ուղղված խոսքում Հայոց Հայրապետն անդրադարձավ խաչի խորհրդին, նշելով, որ Տերունական խաչից բխող կենսատու ուժով է զորացել մեր ժողովուրդը, դիմակայել փորձությունների ու արհավիրքների եւ, հաղթահարելով դժվարություններ ու նեղություններ, իր մեծ հավատքի շնորհիվ կերտել է նոր կյանք` խարսխված ազգային արժեքների ու սրբությունների վրա: Նորին Սրբությունը տեղեկացրեց նաեւ առաջիկային հայ համայնքին սպասավորություն բերելու համար Չիլի մեկ հոգեւորականի ծառայության կոչելու մասին, ինչը հավատացյալները ողջունեցին բուռն ծափահարություններով:
Նույն օրը Հայոց Հայրապետն այցելեց նաեւ Սանտյագոյի ՙՀայ տուն՚, ուր տեղի ունեցավ խաչքարի օրհնություն եւ հոգեհանգստյան արարողություն` համայնքի հանգուցյալ անդամների հոգիների խաղաղության համար աղոթքով: ՙՀայ տանը՚ կազմակերպված ճաշի ընթացքում Նորին Սրբությունն իր գնահատանքը բերեց Չիլիի Հայ գաղութային վարչության ատենապետ Խուան Պաբլո Գույումջյանին, վարչականներին եւ նրանց գործակիցներին` Հովվապետական այցի պատշաճ կազմակերպման համար: Վեհափառ Հայրապետը, նաեւ դիմելով ներկաներին, հորդորեց ամուր պահել ազգային ոգին ու ավանդույթները, շարունակել հավատարիմ մնալ Մայր Եկեղեցուն եւ մեր պատմության ու անցյալի ձեռքբերումների արժեւորումով` կերտել նոր օրը հայոց լուսառատ գալիքի:
Նույն օրը երեկոյան Նորին Սրբությունը եւ Վեհափառ Հայրապետին ուղեկցող շքախումբը ուղեւորվեցին Վենեսուելա: