Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովվապետական այցը Ուրուգվայի հայոց թեմ
Ն.Ս.Օ.Տ.Տ.
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, շարունակելով հովվապետական այցելությունը Հարավային Ամերիկայի երկրներ, մայիսի 10-ի երեկոյան ժամանեց Ուրուգվայի հայոց թեմ: Նորին Սրբությանը դիմավորեցին թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հակոբ արքեպիսկոպոս Գըլընճյանը, Ուրուգվայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը, թեմական վարչականներ, հավատացյալներ:Հայոց Հայրապետը եւ նրա գլխավորած պատվիրակությունն օդանավակայանից ուղեւորվեցին Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցի, որտեղ հավատացյալները խանդավառությամբ սպասում էին Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Տեղի ունեցավ Հրաշափառի արարողություն եւ աջհամբույր: Հավատացյալ հայորդիները, մոտենալով Վեհափառ Հայրապետին աջհամբույրի համար, իրենց ուրախությունն էին արտահայտում Նորին Սրբության այցելության առիթով: Երեկոյան Նորին Սրբությունը հանդիպում ունեցավ համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, քննարկվեցին ներհամայնքային հարցեր:
Մայիսի 11-ի առավոտյան Նորին Սրբությունը, ՀՀ դեսպանի եւ ուրուգվայահայ համայնքի ներկայացուցիչների հետ այցելեց քաղաքապետարան եւ հանդիպում ունեցավ Մոնտեվիդեոյի քաղաքապետ Աննա Օլիվերայի հետ: Հանդիպման ընթացքում Վեհափառ Հայրապետը բարձր գնահատեց հայ համայնքի հանդեպ քաղաքապետարանի մեծ աջակցությունն ու սատարումը` Արմենիա հրապարակի բացման, Հայաստանին նվիրված հուշակոթողի, Հայոց Ցեղասպանության հուշարձանի, խաչքարի զետեղման եւ Մոնտեվիդեոյում տարբեր հայանպաստ ձեռնարկների իրականացման գործում:
Քաղաքապետն իր ուրախությունն արտահայտեց Նորին Սրբության այցելության կապակցությամբ, շեշտեց ուրուգվայահայերի հանդեպ իշխանությունների բարյացակամությունն ու բարի վերաբերմունքը եւ հայ համայնքին շարունակաբար զորակցելու պատրաստակամությունը: Այնուհետ Մոնտեվիդեոյի Անկախության հրապարակում Նորին Սրբությունն այցելեց Ուրուգվայի հերոս, ազատարար գեներալ Արտիդասի հուշահամալիր, որտեղ ծաղկեպսակ զետեղեց եւ աղոթեց նրա հոգու խաղաղության եւ հանգստության համար:
Նույն օրը Հայոց Հայրապետը հանդիպեց Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկայի հետ` ջերմ ընդունելության արժանանալով նախագահի կողմից: Հանդիպման ընթացքում նախագահն իր մեծ հարգանքն ու սերն արտահայտեց առ հայ ժողովուրդը` նշելով, որ խորհրդային իշխանությունների տարիներին այցելել է Հայաստան, եղել Մատենադարանում եւ մեծապես տպավորվել հայ մշակույթով: Նախագահը գոհունակությամբ անդրադարձավ Ուրուգվայի Հանրապետությունում բնակվող հայորդիների բերած մեծ ջանքերին ու ներդրումին երկրի առաջընթացի, բարօրության ու բարգավաճման գործում:
Վեհափառ Հայրապետն իր հերթին բարձրորեն գնահատեց Ուրուգվայի իշխանությունների շարունակական սատարումն ու աջակցությունը հայ համայնքին եւ Ուրուգվայի հայոց թեմին: Նույն օրը Նորին Սրբությունն այցելեց նաեւ Ներսիսյան եւ Նուբարյան վարժարաններ, որտեղ սովորող հայ մանուկները ուրախությամբ ու ծափողջույններով դիմավորեցին Հայրապետին եւ ներկայացրեցին գեղարվեստական կատարումներ: Դպրոցների տնօրենները հանդես եկան ողջույնի խոսքով: Վեհափառ Հայրապետը մեծապես գնահատեց ուսուցիչների խնամքն ու ջանքերը երեխաների հայեցի դաստիարակության կարեւոր առաքելության արդյունավորմանն ի խնդիր եւ հորդորեց հայորդի մանուկներին ու պատանիներին միշտ սիրել մեր Եկեղեցին ու Հայրենիքը, լինել բարի եւ արժանավոր զավակները հայ ազգի:
Նորին Սրբությունն այցելեց նաեւ Մոնտեվիդեոյի Արմենիա հրապարակ, ուր Հայաստանը խորհրդանշող հուշակոթողի մոտ տեղի ունեցավ հանդիսություն: Երեկոյան համայնքային ճաշկերույթին ներկա էին բազմաթիվ հավատացյալներ: Ճաշկերույթի ընթացքում ցուցադրվեց ՙՇողակաթ՚ հեռուստաընկերության պատրաստած տեսաֆիլմը Մայր Աթոռի գործունեության մասին, որով ուրուգվայահայ գաղութի անդամները ծանոթացան Նորին Սրբության հայրապետության շրջանում իրականացված ձեռնարկներին եւ իրագործումներին:
Մայիսի 12-ին Նորին Սրբության հանդիսապետությամբ կատարվեց արգենտինահայ ազգային բարերար տիար Էդուարդո Էօռնեկյանի նոր օդանավակայանի եւ այնտեղ տեղադրված խաչքարի օրհնության արարողությունը: Խաչքարը տեղադրվել է տիար Էօռնեկյանի ավիաընկերության բարձրաստիճան պաշտոնյա, վաղամեռիկ Արամ Չուլջյանի հիշատակին: Արարողությանը ներկա էին օդանավակայանի տնօրեն Մարտին Էօռնեկյանը, Արամ Չուլջյանի ընտանիքի անդամները, հայ համայնքի ներկայացուցիչներ, օդանավակայանի աշխատակիցներ: Նույն օրը Նորին Սրբությունը, շարունակելով Հովվապետական այցը, մեկնեց Արգենտինայի հայոց թեմ: