Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովվապետական այցը Բրազիլիայի հայոց թեմ

Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովվապետական այցը Բրազիլիայի հայոց թեմ 12.05.2011

Մայիսի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Բրազիլիայի Հանրապետություն` Սան Պաուլո:

Օդանավակայանում Ամենայն Հայոց Կաթողիկոսին դիմավորեցին Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Տաթեւ արքեպիսկոպոս Ղարիբյանը, թեմի հոգեւորականներ, Բրազիլիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Եղիազարյանը, թեմական-համայնքային վարչության անդամներ, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության, Հայրենակցական միությունների ներկայացուցիչներ, հավատացյալներ:

Մայիսի 7-ին` առավոտյան ժամը 10:30-ին, Սան Պաուլոյի Սուրբ Գեւորգ եկեղեցում տեղի ունեցավ Հրաշափառի արարողություն` ներկայությամբ բազմաթիվ բրազիլահայ հավատացյալների: Արարողությանը ներկա էին նաեւ Հայաստանի Հանրապետության դեսպանը, Քույր Եկեղեցիների ներկայացուցիչներ: Հարաշափառի արարողությունից հետո բոլոր հավատացյալները հերթով մոտեցան Հայրապետի Աջը համբուրելու եւ Նորին Սրբության օրհնությունը ստանալու: Այնուհետեւ Վեհափառ Հայրապետն եկեղեցու ընդունելության սրահում հանդիպում ունեցավ Քույր Եեղեցիների ներկայացուցիչների հետ եւ բարձր գնահատեց Բրազիլիայում Քույր Եկեղեցիների համագործակցությունն ու եղբայրական սիրո ոգին` մեծապես կարեւորելով Եկեղեցիների միասնական առաքելությունը արդի աշխարհի մարտահրավերների հաղթահարման եւ քրիստոսապատվեր արժեքներով մարդկության կյանքը լուսավորելու գործում: "Հայ կենտրոնի" սրահում Նորին Սրբությունը հանդիպեց նաեւ բրազիլահայ երիտասարդների հետ, իր Հայրապետական օրհնությունն ու գնահատանքը բերեց երիտասարդներին նրանց եկեղեցանվիրումի ու ազգասիրության համար, ներկայացրեց Հայաստանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացվող գործունեությունը նոր սերնդի դաստիարակության, երիտասարդներին Եկեղեցու առաքելության մեջ առավել ներգրավման ուղղությամբ, ծանոթացրեց հոգեւոր-կրթական հաստատությունների գործունեությանը եւ պատասխանեց երիտասարդներին հուզող հարցերին` հորդորելով ամուր ու նախանձախնդիր մնալ եկեղեցասիրության եւ հայենասիրության մեջ:

Նույն օրը Վեհափառ Հայրապետը հանդիպումներ ունեցավ նաեւ Բրազիլիայի Հայոց Թեմի Ներկայացուցչական մարմնի, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Բուենոս Այրեսի մասնաճյուղի անդամների, Հայ Օգնության Միության Սան Պաուլոյի եւ Օզասկոյի ներկայացուցիչների, "Հայաստան" Համահայկական հիմնադրամի ներկայացուցիչների, Սան Պաուլոյի ՀՅԴ անդամների, Բրազիլահայ գաղութի Հայ ակումբի վարչության անդամների հետ: Թեմի Ներկայացուցչական մարմնի անդամների եւ վարչականների հետ հանդիպման ընթացքում Վեհափառ Հայրապետը հորդորեց թեմում հիմնադրամներ ստեղծել` Եկեղեցու պահպանության, Եկեղեցու հովանու ներքո գործող հայ դպրոցի, ազգային, մշակութային կազմակերպությունների շարունակական գործունեությունն ապահովելու եւ արդյունավորելու համար:

Հաջորդը օրը`պաշտոնական ճաշկերույթի ժամանակ հայտարարվեց, որ Բրազիլիայի Հայոց Թեմի հավատավոր հայորդիները, Նորին Սրբության հորդորին անսալով, հիմնեցին հայ դպրոցի հիմնադրամը, որը կարեւոր ներդրում պիտի բերի նոր սերնդի հայեցի կրթության եւ քրիստոնեական դաստիարակության գործում: Երեկոյան Հայոց Հայրապետի օրհնությամբ տեղի ունեցավ Սան Պաուլոյում Հայաստանի Հյուպատոսության բացման արարողությունը` ՀՀ Պատվո հյուպատոս Տիկին Հիլտա Պուրմայանի կազմակերպած հանդիսության ընթացքում: Բացման արարողությանը ներկա էին ՀՀ դեսպանը, Սան Պուլո նահանգի նահանգապետ Ջերալդո Ալկեմինը, Բրազիլիայի կառավարության ներկայացուցիչներ, հայ համայնքի անդամներ, Պուրմայան ընտանիքի բարեկամներ:

Մայիսի 8-ին Սուրբ Գեւորգ եկեղեցում մատուցվեց Հայրապետական Ս. Պատարագ, որին հավատացյալների բազմամարդ մասնակցությունն աննախադեպ էր Բրազիլիայի թեմում: Պատարագից հետո Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ կատարվեց եկեղեցուն հարակից տարածքում` Հայոց Ցեղասպանության հուշահամալիրի կողքին տեղադրված խաչքարի օրհնության արարողությունը: Այնուհետ տեղի ունեցավ պաշտոնական ճաշկերույթ, որին մասնակցում էին Քույր Եկեղեցիների ներկայացուցիչներ, բազմաթիվ բրազիլահայ հավատացյալներ:

Մայիսի 9-ին Նորին Սրբությունը մեկնեց Բրազիլիայի Հանրապետության մայրաքաղաք Բրազիլիա, որտեղ հանդիպում ունեցավ Բրազիլիայի փոխնախագահ Միշել Թեմերի հետ: Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունն անդրադարձավ Հայաստանի եւ Բրազիլիայի միջեւ ամրացող հարաբերություններին, բարձր գնահատեց Սան Պաուլոյի քաղաքապետարանի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը եւ հույս հայտնեց, որ Բրազիլիայում Ցեղասպանության ճանաչման գործընթացը շարունակական պիտի լինի, ու նաեւ Բրազիլիոյ պետությունը պիտի դատապարտի Հայոց Ցեղասպանությունը: Նորին Սրբությունն իր գնահատանքը բերեց Բրազիլիայի իշխանություններին հայ համայնքի հանդեպ բարյացակամ վերաբերմունքի եւ մշտապես դրսեւորվող աջակցության համար, որով Բրազիլիայի հայերը իրենց ազգային-եկեղեցական կյանքի կազմակերպմամբ նաեւ մեծ ներդրում են բերում երկրի առաջընթացին ու բարգավճմանը, հայ-բրազիլական հարաբերությունների սերտացմանը: Բրազիլիայի փոխնախագահն իր հերթին ողջունեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցը Բրազիլիա` վստահություն հայտնելով, որ Հայոց Հայրապետի այցը մեծապես պիտի նպաստի մեր երկրների ու ժողովուրդների միջեւ բարեկամության ամրապնդմանը եւ համագործակցության առավել արգասավորմանը:

Նույն օրը Նորին Սրբությունն այցելեց Բրազիլիայում ՀՀ դեսպանատուն եւ զրույց ունեցավ ՀՀ դեսպան տիար Աշոտ Եղիազարյանի հետ: Քննարկվեցին դեսպանության գործունեությանն առնչվող հարցեր: Դեսպանի կողմից վերստին նշվեց, որ առաջիկային պիտի կառուցվի Բրազիլիայում ՀՀ դեսպանատան նոր շենքը` հովանավորությամբ տիկին Հիլտա Պուրմայանի: