Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիպումները Վրաստանի նախագահի եւ Համայն Վրաստանի Պատրիարքի հետ
Հունիսի 10-ի երեկոյան միջեկեղեցական եւ Հովվապետական այցով Վրաստանում գտնվող Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց նախագահական նստավայր, ուր տեղի ունեցավ Վրաստանի Հանրապետության նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի, Համայն Վրաստանի Իլիա Բ Կաթողիկոս-Պատրիարքի եւ Ամենայն Հայոց Հայրապետի հանդիպումը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին վիրահայությանը եւ Վիրահայոց թեմին հուզող հարցեր եւ խնդիրներ:
Հաջորդ օրը` հունիսի 11-ի առավոտյան Ամենայն Հայոց Կաթողիկոսը շքախմբի ուղեկցությամբ մեկնեց Վրաց Ուղղափառ Եկեղեցու պատրիարքարան, որտեղ տեղի ունեցավ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Համայն Վրաստանի Պատրիարքի պաշտոնական հանդիպումը:
Ընդունելության ժամանակ փոխանակվեցին պաշտոնական ճառեր: Իր խոսքում Նորին Սրբությունը գոհունակություն հայտնեց Վրաստան այցի առիթով, ապա անդրադարձ կատարեց երկու ժողովուրդների պատմական ընդհանրություններին եւ հայ-վրացական եկեղեցական հարաբերություններին: Այս առնչությամբ Վեհափառ Հայրապետը մասնավորաբար նշեց. ՙԱրդարեւ, բազում են այն հոգեւոր, մշակութային եւ պատմական կապերը, որ միավորում են մեր ժողովուրդներին` հակառակ պատմական զարգացումների արդյունքում մեր Եկեղեցիների միջեւ ի հայտ եկած դավանաբանական տարբերությունների: Հնագույն ժամանակներից մեր նախնիք ապրել ու արարել են կողք կողքի, խաղաղության եւ ազատության նույն հույսերը ունեցել, միմյանց աջակցել, միասնաբար պաշտպանել հայրենի տունը եւ քրիստոնեական սուրբ հավատքը£ Առ Աստված ապավինությամբ, ամուր եւ աներկբա հավատքով մեր ժողովուրդները դիմակայեցին նաեւ խորհրդային եկեղեցահալած ժամանակներին եւ այսօր վերահաստատել ու կառուցում են իրենց անկախ պետականությունը եւ պայծառացնում իրենց հոգեւոր կյանքը, որպեսզի, ինչպես սաղմոսերգուն է ասում, Տիրոջ օրհնությունը ճանաչող ժողովուրդը միշտ Նրա երեսի լույսով ընթանա, Նրա անվամբ ցնծա եւ Նրա արդարությամբ բարձրանա:
Ուրախություն է Մեզ համար տեսնել այն հոգեւոր զարթոնքն ու առաջընթաց կյանքը, որ ապրում է Վրաստանը, եւ որին, ինչպես դարեր շարունակ, իր մասնակցությունն է բերում Վրաստանի հայ համայնքը: Հոգեւոր եւ ազգային կյանքի զարգացման նույն հույսերն ունենալով եւ ջանքեր ներդնելով, դժբախտաբար Մեր Եկեղեցին Վրաստանում շարունակում է կրել իր առաքելությանը խոչնդոտող դժվարությունները: Վիրահայոց թեմի վերջին քսան տարիների ցավալի կորուստներին անդրադարձ չկատարելով, լավատես երեկ Վրաստանի նախագահի եւ Ձեզ հետ ունեցած զրույցից կուզենայինք արտահայտել Մեր հավատը, որ Ձերդ Սրբության զորակցությամբ վճիռներ պիտի գտնեն թեմին իրավաբանական կարգավիճակ տալու եւ հայկական եկեղեցիները վերադարձնելու խնդիրները` ի նպաստ Վրաստանի հայ համայնքի հոգեւոր կյանքի պայծառության՚:
Հանդիպման ընթացքում, ի հետեւումն Վրաստանի Հանրապետության նախագահի եւ Պատրիարքի հետ հունիսի 10-ին տեղի ունեցած զրույցի, ձեռք բերվեցին հետեւյալ պայմանավորվածությունները. իբրեւ առաջին քայլ Վիրահայոց թեմին առաջիկայում պետք է շնոհվի իրավական կարգավիճակ, ինչպեսեւ Հայաստանում վրաց եկեղեցական համայնքին, որն առ այսօր չէր ցանկանում ունենալ պետական գրանցում: Հավաստիացում կատարվեց նաեւ, որ փլուզված եւ փլուզման վտանգի ենթակա հայկական եկեղեցիների նկատմամբ պատշաճ խնամք եւ հոգատարություն պետք է դրսեւորվի մինչ դրանք կվերադարձվեն հայոց թեմին: Հաջորդ փուլում քննության կառնվի եկեղեցիների վերադարձման խնդիրը:
Այնուհետեւ երկու Եկեղեցիների պետերը շրջեցին պատրիարքարանի տարածքում, Իլիա Պատրիարքը ներկայացրեց Եկեղեցու գործունեությունը: