Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիպումը երիտասարդների հետ
Սեղմել այստեղ` Տեսահոլովակը դիտելու համար
«Եկեղեցու առաքելությունը խիստ կարեւոր է եւ էական մեր ազգային կյանքի առաջընթացի, մեր ինքնության պահպանման համար...»
Փետրվարի 18-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ս. Սարգսի տոնի նախօրեին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Հայ Եկեղեցու հայաստանյան թեմական երիտասարդական կառույցների, հասարակական կազմակերպությունների շուրջ հինգ հարյուր երիտասարդների հետ: Սա Հայ Եկեղեցու Համաշխարհային երիտասարդական կազմակերպության (ՀԵՀԵԿ) կողմից «Հայրապետական պատգամ» ծրագրի շրջանակներում կազմակերպված առաջին հանդիպումն էր Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Հանդիպման խորագիրն էր «Հայ Եկեղեցին երիտասարդների կյանքում, երիտասարդները Հայ Եկեղեցում»:
Հանդիպման սկզբում հանուն երիտասարդների խոսք ասաց ՀԵՀԵԿ հոգեւոր պատասխանատու Տ. Եղիշե վարդապետ Ավետիսյանը: «...Հայ եկեղեցասեր Երիտասարդական կազմակերպության անդամներին է տրված սրբազան պարտականությունը` դառնալու մեր ազգի եւ Եկեղեցու ոգեղեն ու առինքնող այն ուժը, որ իրենց շուրջը պիտի հավաքի համայն աշխարհի հայ երիտասարդությանը` նպատակ ունենալով նրանց մեջ վերարթնացնելու հայրերի հավատքն ու մագաղաթյա դարերի ազգային իմաստությունը, նրանց գիտակցության մեջ ամրագրելու սերն ու նախանձախնդրությունը Հայրենիքի եւ Եկեղեցու նկատմամբ» - իր խոսքում նշեց Հայր Սուրբը: ՀԵՀԵԿ ատենապետ Կարեն Պետրոսյանը ներկայացրեց կազմակերպության կենտրոնական գրասենյակի գործունեության հաշվետվությունը` շնորհակալություն հայտնելով Նորին Սրբությանն ու եկեղեցականների դասին հոգատար վերաբերմունքի համար: «Մայր Աթոռ Ս. Էջմիածինն ու Ամենայն Հայոց Հայրապետն են մեր ուժն ու զորությունը», - դիմելով երիտասարդներին ասաց ՀԵՀԵԿ ատենապետը` հայցելով Նորին Սրբության օրհնությունը:
Այնուհետեւ հարյուրավոր երիտասարդներին Հայրապետական իր պատգամն ուղղեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Հանդիպման առիթով Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց կազմակերպության պատասխանատուներին` գլխավորությամբ ԱՄՆ Արեւմտյան հայոց թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի, ինչպես նաեւ երիտասարդական կառույցների գործունեությանը սատարող թեմակալ առաջնորդներին` նկատելով, որ այս հանդիպումը լավագույն վկայությունն է կազմակերպության աշխույժ եւ արդյունավոր գործունեության:
«Մենք զորեղ են մեր հավատացյալներով, զորեղ ենք ձեզանով, սիրելի երիտասարդներ, եւ մեզ համար մեծ մխիթարություն է տեսնել, որ անկախության այս տարիներին երիտասարդներն այլեւս նախանձախնդրորեն համախմբվում են Եկեղեցու շուրջ, ապրում են հոգեւոր կյանքով, իրենց ծառայությունը բերում մեր Եկեղեցու առաքելության մեջ եւ ջանք գործադրում, որպեսզի Քրիստոսի Ավետարանի պատվիրաններով, պատգամներով եւ քրիստոնեական բարոյականով կրթվեն ու դաստիարակվեն հայորդիները», - նշեց Նորին Սրբությունը:
Վեհափառ Հայրապետն իր խոսքում անդրադարձավ ժողովրդի եւ Եկեղեցու առջեւ ծառացած մարտահրավերներին, որոնց դիմագրավումն եկեղեցական ասպարեզից ներս հնարավոր նկատեց ակտիվ համագործակցությամբ բարեպաշտ ժողովրդի, եւ առավել եւս երիտասարդների:
Նորին Սրբությունը խոսեց նաեւ հոգեւոր-ազգային կյանքի վերակառուցման հրամայականի մասին, որպեսզի մեր Եկեղեցին, որպես ազգային Եկեղեցի, շարունակի իր առաքելությունը կատարել մեր ժողովրդի կյանքում` անխաթար ու անաղարտ պահելով իր ազգային նկարագիրը: ՙ«Ազգային եկեղեցի» հասկացությունը ենթադրում է առաջին հերթին եկեղեցական-վարչական կյանքում ազգի զավակների ներկայություն: Դարեր շարունակ մեր Եկեղեցին իր կյանքը կազմակերպելիս որդեգրել է այդ սկզբունքը: Այսօր էլ ցանկանում ենք, որպեսզի թեմական, համայնքային վարչական կյանքը վերակառուցվի, գործեն եկեղեցական համայնքներն իրենց վարչություններով, թեմական պատգամավորական ժողովները, համայնքային կյանքում` անդամական ժողովները, ...որպեսզի Եկեղեցին լիարժեքորեն, ավելի զորեղ կերպով ներգրավված լինի մեր ազգային կյանքի մեջ, ներկայություն դառնա մեր ժողովրդի կյանքի բոլոր ոլորտներում», - նշեց Հայոց Հայրապետը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց կազմակերպության անդամներին նորանոր երիտասարդներով ավելի ստվար դարձնել իրենց շարքերը, լինել քարոզիչներ մեր հայրերի հավատի, հաղորդակցվել հայոց պատմությանը եւ եկեղեցական ավանդներին, կյանքում առաջնորդվել աստվածսիրությամբ, Վարդանանց ոգով ու ազգային-հոգեւոր արժեքների բարձր գիտակցությամբ, որպեսզի կարողանան դիմակայել ժամանակի փորձություններին եւ դյուրությամբ հաղթահարել դրանք:
Երեք ժամ տեւած հանդիպման ընթացքում երիտասարդները Ամենայն Հայոց Կաթողիկոսից ստացան նաեւ իրենց հուզող հարցերի պատասխանները, հանդես եկան տարբեր առաջարկներով: Հարցադրումները հիմնականում վերաբերում էին Եկեղեցի-պետություն հարաբերություններին, հոգեւորականների պատրաստությանը, պատմական եկեղեցիների վերականգնման եւ նոր տաճարների կառուցման աշխատանքներին, Վիրահայոց թեմի կարգավիճակի եւ եկեղեցիների վերադարձման խնդիրներին, հարեւան երկրներում պատմական հայկական հուշարձանների ոչնչացման փաստերին:
Հանդիպումն ավարտվեց «Հայրապետական մաղթանքով» եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ:
Վերջում երիտասարդներն այցելեցին Մայր Տաճար, ուր աղոթքով նորոգեցին իրենց ուխտը Իջման Ս. Սեղանի առջեւ: