Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցը Նեապոլ

Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցը Նեապոլ

     Ապրիլի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Իտալիայի Նեապոլ քաղաքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ միասին մասնակցեց Ս. Գրիգոր հայի եկեղեցում կազմակերպված արարողություններին:
     Այս առիթով Նեապոլ էին ժամանել նաև Հայ Կաթողիկե Պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ-ն, Հայ Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերից ուխտավորներ, ՀՀ պետական այրեր, գիտության և մշակույթի գործիչներ, գործարարներ:
     Ս. Գրիգոր հայի վանական համալիրում Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ՀՀ նախագահին և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին դիմավորեցին Նեապոլի արքեպիսկոպոս կարդինալ Կրեշենցիո Սեպեն, Կամպանիայի նահանգապետ Ստեֆանո Կալդորոն, Նեապոլի քաղաքապետ Լուիջի դե Մաջիստիսը և մենաստանի միանձնուհիները:
     Այնուհետև ի պատիվ Ս. Գրիգոր Լուսավորչի կառուցված պատմական տաճարում տեղի ունեցավ էկումենիկ արարողություն, որի ժամանակ Հայաստանյայց Առաքելական և Կաթոլիկ Եկեղեցիների սպասավորները միասնական աղոթք բարձրացրեցին աշխարհում խաղաղության, հայ և իտալացի ժողովուրդների բարեկամության և բարօրության համար:
     Արարողության ընթացքում «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության տաճարի ավագ խորանից վերանորոգված` Ս. Գրիգոր Լուսավորչի մատուռ տարվեցին և խորանին վերազետեղվեցին եկեղեցում պահվող հայոց հավատքի հոր մասունքները: Վերջում ողջույնի բարիգալստյան խոսքով հանդես եկան Նեապոլի արքեպիսկոպոս կարդինալ Կրեշենցիո Սեպեն: Իր խոսքը սկսելով հայերեն «Բարի գալուստ Նեապոլ: Սա նաև հայերի տունն է» արտահայտությամբ` նա ուրախություն հայտնեց պատմական այս իրադարձության առիթով, ապա անդրադարձավ հայ ժողովրդի կյանքում Ս. Գրիգոր Լուսավորիչ հայրապետի ունեցած բացառիկ առաքելությանը, հայության կյանքում քրիստոնեական հավատի կարևոր դերակատարությանը և Հայոց Եղեռնի ողբերգությանը:
     Այնուհետև իր ողջույնի և օրհնության խոսքը ներկաներին ուղղեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
     «Ուրախության զգացումով են պարուրված մեր հոգիները: Համախմբվել ենք Իտալիայի հյուրընկալ երկրում` նվիրական այս կամարների ներքո, միասնական մեր աղոթքը երկինք բարձրացնելու և փառաբանելու մեր երկնավոր Հորը, որ շնորհն ընծայեց՝ կատարելու մեր հավատքի hայր Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքների վերազետեղման և Հայոց Ցեղասպանության 100-ամյակի առթիվ կանգնեցված խաչքարի օրհնության արարողությունը:
     Նշանալի այս նախաձեռնությունը արտահայտությունն է Հայ Եկեղեցու և Կաթոլիկ Եկեղեցու եղբայրական կապերի, հայ և իտալացի ժողովուրդների բարեկամության: Հինավուրց ավանդության համաձայն՝ Հայաստանից միջնադարում Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքներից փոխադրվեցին և հանգրվանեցին Իտալիայի Նեապոլ քաղաքում, որոնք հետագայում զետեղվեցին ի պատիվ Լուսավորչի կառուցված այս եկեղեցում, և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետը ճանաչվեց Նեապոլ քաղաքի հովանավոր սրբերից մեկը: Ահավասիկ, դարեր շարունակ Լուսավորիչ մեր Հայրապետի մասունքներն օրհնություն են այս եկեղեցու հավատացելոց և ուխտավորների համար՝ մշտապես հիշեցնելով Սուրբ Գրիգոր Լուսավորչի ու նրա մեծ առաքելության մասին:
     Մեր Տեր Հիսուս Քրիստոս ասում է. «Եթե մեկը կամենում է հետևել Ինձ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը և գա Իմ ետևից » (Մտթ. ԺԶ 24): Սուրբ Գիրգոր Լուսավորիչ առաքելապատիվ Հայրապետը Քրիստոսի այս պատգամը աստվածային զորակցությամբ կյանքի կոչեց Հայոց աշխարհում և իր չարչարանքներով ու հոգևոր սխրանքներով պատմության մեջ հարթեց հաղթական ուղին քրիստոնեական լուսեղեն հավատքի,  Հայաստանում՝ առաջինը աշխարհում, քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակելու: Լուսավորչահաստատ հավատքով զորացյալ մեր ժողովուրդը, ունենալով Հայր Սուրբ Ավետարանը և Մայր՝ Առաքելական Սուրբ Եկեղեցին, Տիրոջ պատվիրանին հավատարիմ՝ անշեղորեն ընթացավ պատմության մեջ՝ չարի դիմաց գործելով բարիք, դժվարություններին տոկալով համբերությամբ,  փորձությունները վերածելով հնարավորության, հայրենի եզերքում և օտարության մեջ բարիքներ ստեղծելով իր ու համայն մարդկության համար, կերտելով «գրոյ յիշատակի արժանի» հոգևոր ու մշակութային հարուստ ժառանգություն:
      Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայի եկեղեցում անցկացվող այս արարողությունը և Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված խաչքարի տեղադրումը հիշարժան իրադարձություն է մեր Եկեղեցիների գործակցության և մեր ժողովուրդների բարեկամության պատմության մեջ: Հիշարժան է և նրանով, որ սրբազան այս արարողությանը ներկա են ՀՀ Նախագահը և պետական այրեր, մեր հոգևոր եղբայրները՝ Մեծի Տանն Կիլիկիո Կաթաղիկոսը և Հայ Կաթողիկե Պատրիարքը, Հայաստանից և տարբեր երկրներից ժամանած բարեպաշտ հայորդիներ՝ գործարարներ, գիտության և մշակույթի գործիչներ: Այս խաչքարը մշտապես խոսուն վկան պիտի լինի Հայոց Ցեղասպանության՝ որպես հորդոր Ցեղասպանության համընդհանուր դատապարտման և մարդկության դեմ նման ոճիրների կանխարգելման: Մեր ժողովուրդը երախտագետ է բարեկամ երկրներին, քույր Եկեղեցիներին, բարի կամքի տեր բոլոր մարդկանց, որոնք դատապարտեցին Հայոց Ցեղասպանությունը», - ասաց Ամենայն Հայոց Հայրապետը:
      Նորին Սրբությունն Ամենակալ Տիրոջ զորակցությունը հայցեց կարդինալ Կրեշենցիո Սեպեին` մաղթելով նորանոր ձեռքբերումներ նրա առաքելության մեջ:  Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց Կամպանիայի նահանգային և Նեապոլի քաղաքային իշխանություններին, ինչպես նաև Նեապոլի Սուրբ Գրիգոր հայի եկեղեցու հովանու ներքո բնակվող քույրերին` հայցելով Սուրբ Գրիգոր Լուսավորչի բարեխոսությունը երկու ժողովուրդների և Եկեղեցիների, նրանց ուխտապահ սպասավորների համար:
      Գարեգին Բ Կաթողիկոսը նաև իր բարձր գնահատանքը հայտնեց Վատիկանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանին՝ Նեապոլի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մատրան նորոգության և Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված խաչքարի զետեղման աստվածահաճո նախաձեռնության համար: Այս առիթով Նորին Սրբությունը Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու «Ս. Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշան շնորհեց տիար Միքայել Մինասյանին:
     Խոսքի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն աղոթքով մաղթեց, որ Աստված հանապազ օրհնի հավատավոր հայ և իտալացի Քրիստոսասեր ժողովուրդներին, ամրապնդի հարաբերություններն ու գործակցությունը Իտալիայի և Հայաստանի Հանրապետությունների և պարգևի խաղաղ ու լուսավոր առաջընթաց։
     Այս առիթով ներկաներին իր պատգամը հղեց նաև Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը:
     Արարողության ավարտին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն այցելեցին նորոգյալ մատուռ, որից հետո «Ուրախ լեր» շարականի ներքո կատարվեց Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով համալիրի բակում կանգնեցված խաչքարի բացումը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը օրհնեցին Ջուղայի պատմական խաչքարերից մեկի կրկնօրինակ խաչքարը` ի վկայություն Մեծ Եղեռնի նահատակների հաղթական հավատի: