Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել ՌԴ նախագահին և Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքին
Հոկտեմբերի 31-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական գիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Ա Պատրիարքին` Շարմ-էլ-Շեյխից Սանկտ-Պետերբուրգ թռիչք իրականացնող ռուսաստանյան ինքնաթիռի վթարի կապակցությամբ:
Նորին Սրբությունը Գերագույն հոգևոր խորհրդի, Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու հոգևորականաց և հավատացելոց անունից վշտակցություն է հայտնել ՌԴ նախագահին, Համայն Ռուսիո Պատրիարքին և Ռուսաստանի սգակիր ողջ ժողովրդին:
«Հայցում ենք Բարձրյալին Սուրբ Հոգով մխիթարել զոհվածների ընտանիքներին և Ռուսաստանի բարեպաշտ ժողովրդին: Եվ թող Աստծու ողորմությամբ երկնային բարձունքներում խաղաղությամբ հանգչեն զոհվածների հոգիները», - ասված է Ամենայն Հայոց Հայրապետի ցավակցագրում: