Ամենայն Հայոց Կաթողիկոսը վերաօծեց Մադրասի Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը վերաօծեց Մադրասի Ս. Մարիամ  Աստվածածին եկեղեցին 10.11.2008

Նոյեմբերի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Քերալլա նահանգում ավարտելով իր եղբայրական այցը Հնդիկ Մալանկարա Եկեղեցու պետ Նորին Սրբություն Բասիլիոս Մարթոմա Դիդիմոս Ա-ին, մեկնեց Մադրաս, ուր նոյեմբերի 9-ին կատարեց Ս. Աստվածածին եկեղեցու վերաօծման արարողությունը: Եկեղեցին, որ գտնվում է հայկական փողոցում` Չեննայի կենտրոնում, կառուցվել է 1712 թվականին եւ վերանորոգվել Կալկաթայի հայկական համայնքի ջանքերով:

Արարողության ընթացքում Հնդկաստանի հոգեւոր հովիվ Տ. Օշական վարդապետ Գյուլգյուլյանի կողմից ջրով եւ գինով լվացվեցին եկեղեցու Սուրբ Սեղանը եւ սյուները, ապա Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայաստանից բերված նորօրհնյալ սրբալույս մյուռոնով վերաօծեց եկեղեցու Ս. Սեղանը: Նորին Սրբությանն ընթերակա` Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը եւ Երեւանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգեւոր տեսուչ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը կատարեցին եկեղեցու 16 սյուների օծումը:

Արարողության ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր Հայրապետական պատգամն ուղղեց Ծայրագույն Արեւելքից, Եվրոպայից եւ ԱՄՆ-ից Մադրաս ժամանած հավատացյալներին: «Մեր նախնյաց կողմից 1712 թվականին կառուցված Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցին 300 տարի շարունակ ծառայել է մեր ազգի զավակներին եւ իրականացրել Քրիստոսի ավետարանը եւ ազգային ժառանգությունը նրանց ուսուցանելու իր սրբազան առաքելությունը: Այնուամենայնիվ, ժամանակը չի խնայել մեր հնդկահայ համայնքին: Համայնքը փոքրաթիվ է դարձել, եւ այժմ մի խումբ հայ է մնացել Հնդկաստանում: Սակայն նրանք նվիրումով եւ արթնությամբ կենդանի են պահում եւ պաշտպանում են մեր նախնիների հավատը:

...300 տարի շարունակ Աստծո այս տունը անսասան եւ ամուր է մնացել, քանզի այն կառուցված է հավատի ժայռի վրա: Այդ նույն հավատն է, որ վերականգնեց եւ վերանորոգեց այս եկեղեցին», - նշեց Նորին Սրբությունը` իր օրհնությունն ու գնահատանքը փոխանցելով Հնդկաստանի հայ եկեղեցական վարչությանը եւ հոգեւոր հովիվ Օշական վարդապետին` նրանց հավատարիմ եւ նվիրյալ աշխատանքի համար, որի շնորհիվ Մադրասի եկեղեցին վերանորոգվեց եւ բարեզարդարվեց` կրկին դառնալով կենդանի աղոթատեղի:

Նորին Սրբությունը նշեց նաեւ, որ Մադրասի եկեղեցում թաղված հայորդիների հոգիները ցնծություն են ապրում եւ օրհնում մեզ` աղոթելով, որպեսզի մենք էլ իրենց նման հավատարիմ մնանք մեր տեր Հիսուս Քրիստոսին, որպեսզի Մաշտոցի լեզուն եւ Նարեկացու ոգին մշտապես ներկա լինեն Ս. Մարիամ Աստվածածին Եկեղեցու կամարների ներքո` դիմակայելով ժամանակի ընթացքին եւ մշտապես գոհություն մատուցելով Բարձրյալ մեր Տիրոջը:

Ս. Աստվածածին եկեղեցին Ծայրագույն Արեւելքի ամենահին հայական եկեղեցիներից մեկն է: Եկեղեցու տարածքում գտնվում են նշանավոր հայորդիների բազում շիրիմներ, ի թիվս որոնց նաեւ Տ. Հարություն քհն. Շմավոնյանի գերեզմանը: Վերջինիս գերեզմանի խաչքարը բերվել է Հայաստանից, որը օրհնել է երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր հովվապետական այցի ընթացքում 1963 թվականին: Հայտնի են Շամիիր ընտանիքի շիրմաքարերը, որոնք գտնվում են եկեղեցուն կից դամբարանում, որը գոյություն է ունեցել մինչ Ս. Աստվածածին եկեղեցու կառուցումը: Այնտեղ է գտնվում նաեւ հայ բարերար Խոջա Պետրոս Ոսկանի հուշաքարը, ում աճյունն ամփոփված է Հնդկաստանում, սակայն նրա վերջին ցանկության համաձայն` սիրտը թաղվել է Ջուղայում: