Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունեց «Մշակութային քաղաքականություն, քաղաքականություն մշակույթի համար» միջազգային համաժողովի մասնակիցներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունեց «Մշակութային քաղաքականություն, քաղաքականություն մշակույթի համար» միջազգային համաժողովի մասնակիցներին 12.07.2015
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունեց միջազգային համաժողովի մասնակիցներին

Հուլիսի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում ընդունեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային քաղաքականություն, քաղաքականություն մշակույթի համար» խորագրով միջազգային եռօրյա համաժողովի մասնակիցներին:

Հանդիպման սկզբում համաժողովի առաքելությանն ու կարևորությանն անդրադարձավ ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Այնուհետև միջազգային համաժողովի մասնակիցներին իր գնահատանքի և օրհնության խոսքն ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ հաջողություն մաղթելով համաժողովի աշխատանքին: Վեհափառ Հայրապետը, կարևորելով համաժողովի մասնակիցների այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, հույս հայտնեց, որ այս համաժողովը պիտի լուրջ ներդրում ունենա մշակութային ժառանգության պահպանության և պատշաճ խնամքի ապահովման գործում:

Իր խոսքում անդրադառնալով մշակութային արժեքների պահպանության խնդրին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը դատապարտելի նկատեց ամեն տեսակի ոտնձգություն պատմական մեծարժեք ստեղծագործությունների և ժառանգության նկատմամբ: Հայոց Հովվապետը շեշտեց, որ մարդու կողմից ստեղծված մշակույթը լավագույնս վկայում է մարդ-Աստված փոխհարաբերության մասին և այն, որ մարդ ստեղծված է Աստծո պատկերով ու նմանությամբ: Հայոց Հայրապետն ընդգծեց նաև, որ արարելն ամենից կարևոր շնորհներից մեկն է, որ Աստված պարգևել է մարդուն, և ավելացրեց, որ մշակույթի հանդեպ ունեցած հոգածությունը սիրո մեծագույն դրսևորում է Ամենակարող Տիրոջ հանդեպ:

Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: