Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորեց Անտիոքի նորընտիր Պատրիարքին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորեց Անտիոքի նորընտիր Պատրիարքին 19.12.2012
Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորեց Անտիոքի նորընտիր Պատրիարքին

     Դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական գիր է հղել Անտիոքի և Համայն Արևելքի նորընտիր Պատրիարք Հովհաննես Ժ-ին:
     Հայրապետական շնորհավորականում մասնավորապես ասվում է. «Աստծու կամքով Ձեզ վստահվեց Անտիոքի հնամենի Աթոռի առաջնորդությունը Սիրիայի և Միջին Արևելքի համար այս ծանր ժամանակաշրջանում: …Այժմ, իբրև բարի հովիվ, Դուք կոչված եք ամբողջանվեր ծառայելու Սիրիայի հավատացելոց կարիքներին` համագործակցելով նաև այլ Եկեղեցիների և կրոնների հետ: Թող Աստված զորացնի Ձեզ` շարունակելու Ձեր նախորդների անխոնջ աշխատանքը` հոգալու Իր ժողովրդի հոգևոր կարիքները, առկա հակամարտության պայմաններում խրախուսելու հաշտությունը և հետամուտ լինելու շարունակական միջկրոնական երկխոսության»:
     Վեհափառ Հայրապետը նաև վստահություն է հայտնել, որ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Անտիոքի Հույն Ուղղափառ Պատրիարքության հարաբերությունները կշարունակեն պտղաբերել և զարգանալ ի փառս Աստծո և Սիրիայում ու Միջին Արևելքում խաղաղության ու կայունության հաստատման համար: