Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորեց Անտիոքի եւ Համայն Արեւելքի մարոնիտ պատրիարքին գահակալության առիթով
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Անտիոքի եւ Համայն Արեւելքի մարոնիտ կաթոլիկ պատրիարք Բեշարա Ալ Ռաին (նստավայրը` Լիբանան)` վերջինիս ընտրության եւ գահակալության առիթով` մաղթելով երկարամյա արդյունավետ գահակալություն:
«Լիբանանի պատմության այս վճռորոշ ժամանակահատվածում Դուք ընտրվեցիք որպես Մարոնիտ Եկեղեցու 77-րդ պատրիարք բազում տարիների Ձեր նվիրյալ ծառայության համար: Ուրախ ենք հաստատելու, որ Ձերդ Ամենապատվությունն արդեն իսկ նշանակալի քայլեր է ձեռնարկել Լիբանանում հաշտության եւ քաղաքական երկխոսության հաստատման ուղղությամբ», - ասվում շնորհավորագրի մեջ:
Նորին Սրբությունն անդրադարձել է Հայոց Ցեղասպանության օրերին Լիբանանի ժողովրդի` այդ թվում Մարոնիտ Եկեղեցու հետեւորդների կողմից հայ ժողովրդի տարագիր զավակների նկատմամբ ցուցաբերած հյուրընկալ եղբայրական ոգուն, ինչը հիմք հանդիսացավ Լիբանանում Սփյուռքի ուժեղ գաղթօջախներից մեկի ձեւավորման եւ Հայաստանի ու Լիբանանի Հանրապետությունների միջեւ սերտ հարաբերությունների հաստատման համար:
Անդրադառնալով Միջին Արեւելքում քրիստոնեական համայքների կյանքին, ինչպես նաեւ Հայ Առաքելական եւ Հռոմեակաթոլիկ եկեղեցիների միջեւ առկա եղբայրական հարաբերություններին` Վեհափառ Հայրապետը ուղերձում վստահություն է հայտնել, որ Հայ եւ Մարոնիտ Եկեղեցիների հարաբերություններում նոր ձեռքբերումներ կարձանագրվեն ի նպաստ տարածաշրջանի եւ երկու բարեկամ երկրների: