Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Սերբ Ուղղափառ Եկեղեցու նորընտիր գահակալին
Հունվարի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Նիշի եպիսկոպոս Իրինեոսին` Պեչսկի արքեպիսկոպոս, Բելգրադի եւ Կարլովցի միտրոպոլիտ, Սերբ Ուղղափառ Եկեղեցու պատրիարք ընտրվելու եւ գահակալության առիթով:
«Սուրբ Հոգու ներշնչմամբ եւ ի նշան Սերբ Ուղղափառ Եկեղեցում Ձեր օրինակելի հոգեւոր առաջնորդության, Դուք ընտրվեցիք որպես Սերբիայի Եկեղեցու առաջին սպասավոր եւ կոչվեցիք առաջնորդելու մի ժողովրդի, որի պատմությունը հատկանշված է անսասան հավատարմությամբ առ Քրիստոս եւ բազում մարտիրոսներով», - ասվում է Հայրապետական շնորհավորագրի մեջ:
Նորին Սրբությունը վստահություն է հայտնել, որ միայն ջանքերի մեկտեղումով հնարավոր կլինի հաղթահարել ժողովուրդների առջեւ ծառացած դժվարությունները եւ մարտահրավերները: Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարեւորել է նաեւ միջեկեղեցական կապերի սերտացումը եւ միջկրոնական երկխոսության առավել խթանումը: