Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարքին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական գիր է հղել Նորին Սրբություն Ալեքսի Բ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարքին Ռուս Ուղղափառ Եկեղեցու միության վերհաստատման եւ մայիսի 17-ին Մոսկվայի Ամենափրկիչ մայր տաճարում Մոսկվայի Պատրիարքության եւ Արտասահմանի Ռուս Եկեղեցու միջեւ միավորման հռչակագրի ստորագրման առիթով:
«Այս իրադարձությունը կարեւոր նշանակություն ունի ինչպես Ռուս Ուղղափառ Եկեղեցու, այնպես էլ Քրիստոսի ողջ Եկեղեցու համար: Եկեղեցական այս միությունը հիրավի արտահայտությունն է մեր եղբայրական ռուս ժողովրդի միասնականության, նրա կամքի եւ ձգտումների գիտակից համախմբման` ի բարօրություն Ռուս Ուղղափառ Եկեղեցու եւ Հայրենիքի»,- ասված է Հայրապետական ուղերձում: