Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է ԼՂՀ նախագահին
Հուլիսի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից շնորհավորական գիր է հղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին` Արցախի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Հայրապետական շնորհավորագրի մեջ մասնավորապես ասվում է. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում Ձեզ և շնորհավորում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի բարձր ու պատասխանատու պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
Արցախահայության սերն ու վստահությունը Դուք արդարորեն վաստակեցիք տարիների Ձեր նվիրյալ աշխատանքով` ի խնդիր Արցախի զորացման, նրա աստվածասեր ժողովրդի խաղաղ ու բարօր կեցության: Ձեր ղեկավարության ներքո իր նոր` ազատ ու անկախ կյանքը կերտող Արցախը ընթացավ զարգացման ուղիով, արձանագրվեցին մնայուն հաջողություններ տնտեսական կյանքում, Արցախի հերոսական բանակի զորացման, սահմանների ապահովության գործում, որոնք ամուր երաշխիք են առավել պայծառ ու լուսավոր գալիքի:
Վստահ ենք, որ հայրենասեր ու ազգասեր նույն ոգով և պետական գործունեության մեջ հարուստ փորձառությամբ շարունակելու եք Ձեր գովարժան գործունեությունը` հանուն մեր ժողովրդի նոր հաղթանակների ու ձեռքբերումների կերտման, Արցախի միջազգային ճանաչման ու անշրջելի առաջընթացի:
Մեր աղոթքն է, որ Տերը զորակից լինի Ձեզ` Ձեր հայրենանվեր առաքելության մեջ, պարգևի քաջառողջություն և նորանոր հաջողություններ` ի բարօրություն Արցախ աշխարհի և հավատավոր արցախահայության»: