Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական գիր է հղել Աթենքի եւ Համայն Հելլադայի նորընտիր Արքեպիսկոպոսին
Փետրվարի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական գիր է ուղղել Աթենքի եւ Համայն Հելլադայի նորընտիր Արքեպիսկոպոս Նորին Ամենապատվություն Հերոնիմոս Բ-ին:
Նորին Սրբության գրում մասնավորապես ասվում է. «...Ուրախությամբ տեղեկացանք Ձերդ Ամենապատվության` Աթենքի եւ Համայն Հելլադայի Արքեպիսկոպոս ընտրվելու մասին, որի առիթով շնորհավորում ենք Ձեզ եւ Համայն հայության հոգեւ որ կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերում ենք Մեր եղբայրական սերն ու բարեմաղթանքները:
Ձերդ Ամենապատվությունը` իբրեւ «Տիրոջ այգու մշակ», երկար տարիներ ծառայելով եկեղեցական բարձր եւ պատասխանատու պաշտոններում, եղել է կրթության ջատագովը եւ առանձնակի ուշադրությամբ խրախուսել քրիստոնեական դաստիարակությունն ու երիտասարդ հոգեւորականների աստվածաբանական կրթությունը:
Կրթության եւ լուսավորության առաքինի գործը դարեր ի վեր մշակութասեր եւ եղբայրական մեր ժողովուրդների բարեկամության ակունքներում է եղել, որոնք այսօր ավելի են ամրապնդվում Հունաստանի հյուրընկալ երկրում հայ համայնքի եւ հայոց թեմի գործունեությամբ, միջպետական եւ միջեկեղեցական հարաբերություններում սիրո համագործակցությամբ:
Լիահույս ենք, որ Ձերդ Ամենապատվության գահակալության տարիներին հեռանկարներով լի այս հարաբերություններն ավելի կհարստանան աստվածահաճո եւ արդյունաշատ գործերով ու ձեռքբերումներով»: