Ամենայն Հայոց Կաթողիկոսը նոր օրհնված Ս. Մյուռոնը բաշխեց թեմակալ առաջնորդներին

Սեպտեմբերի 30-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մյուռոնօրհնեքի առիթով Մայր Աթոռում համախմբված Հայ Առաքելական Եկեղեցու Հայաստանի եւ աշխարհասփյուռ հայոց թեմերի առաջնորդներին:

Հայոց Հայրապետը, ողջունելով եպիսկոպոսաց դասին, իր ուրախությունն ու գոհունակությունը հայտնեց, որ Աստծո ողորմությամբ միասնական աղոթքով սեպտեմբերի 28-ին կատարվեց Մյուռոնօրհնության նվիրական արարողությունը, եւ երկնային շնորհներն առատորեն հեղվեցին մեր Հայրենիքի եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վրա:

Նորին Սրբությունն իր խոսքում նշեց, որ մխիթարական էր տեսնել, որ աշխարհի տարբեր ծայրերից բազում հավատավոր հայորդիներ էին ժամանել` իրենց ուխտը կատարելու եւ աղոթքն առ Աստված բարձրացնելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Ուրախալի էր նաեւ, որ Հայոց Եկեղեցու համար կարեւոր այս իրադարձությանը ներկա էին քույր Եկեղեցիների ներկայացուցիչները, հայոց պետական ավագանին` գլխավորությամբ ՀՀ նախագահ տիար Սերժ Սարգսյանի:

Վեհափառ Հայրապետը նաեւ իր օրհնությունն ու գնահատանքը հայտնեց Մյուռոնօրհնության նախապատրաստման հանձնախմբի ատենապետ, ԱՄՆ Արեւմտյան հայոց թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանին եւ հանձնախմբի անդամներին` Մյուռոնօրհնության աշխատանքները լավագույնս կազմակերպելու, նրանց նախանձախնդիր եւ հետեւողական ծառայությունների համար:

Հանդիպման ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը թեմակալ առաջնորդներին բաշխեց գեղարդակերպ սափորներով նոր Մյուռոնը` մաղթելով, որ Տերը Ս. Հոգու շնորհներով զորացնի նրանց իրենց առաքելության մեջ` բարի արդյունքներ ապահովելու մեր Եկեղեցու պայծառության եւ ժողովրդի բարօրության համար:

Առաջիկա օրերին թեմակալ առաջնորդները կմեկնեն իրենց թեմեր` տանելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությունը եւ նորօրհնյալ Ս. Մյուռոնն իրենց բարեպաշտ հոտին: