Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց Վաղարշապատ քաղաքի տոնական միջոցառումներին
Հոկտեմբերի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վաղարշապատում մասնակցեց քաղաքի տոնի առիթով հրավիրված «Համաշխարհային ժառանգության քաղաքներ» կազմակերպության տնօրենների խորհրդի նիստի բացմանը եւ հայրապետական իր պատգամը, օրհնությունն ու շնորհավորանքները բերեց ներկաներին:
«Այսօր ուրախություն ենք ապրում ամենքս, քանզի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնով պսակյալ մեր օրհնյալ քաղաքի տարեդարձն ենք տոնում: Նվիրական են հիշատակները պատմական այս քաղաքի: Այստեղ է երկնի վերին խորաններից հրաշափառ կերպով իջել հարուցյալ մեր Տերը` Հիսուս Քրիստոս, եւ Սուրբ Գրիգոր Լուսավորիչն այս վայրում է ունեցել իր լուսեղեն տեսիլքը: Այստեղ է մեր ժողովուրդը դիմավորել հայոց աստվածատուր գրերը իր մտքի հիասքանչ հանճարով երկնած` Հայաստան վերադարձող Սուրբ Մեսրոպ Մաշտոցին: Հոգեւոր եւ մտավոր մեր զարթոնքն ու ծաղկունքը սկսվել են Վաղարշապատ-Էջմիածին աստվածօրհնյալ քաղաքից, որի պատմական անցյալը լուսավորվել է քրիստոնեական արշալույսի նոր հորիզոններով: Այստեղ են համախմբվել մեր երանելի Կաթողիկոսներն ու հայոց թագավորները հավատացյալ ժողովրդի հետ միասին, ուրախացել մեր ազգային եւ հոգեւոր տոներով, համախումբ աղոթք բարձրացրել առ Երկնավորը: Այստեղից են ղողանջել կոչնակ զանգերը նաեւ հայրենյաց պատշտպանության` Ավարայրից Սարդարապատ, այո, նաեւ` Արցախ:
Դարեր շարունակ Հայոց մեծ աշխարհի տարբեր կողմերից, այնուհետ նաեւ ողջ աշխարհասփյուռ եզերքներից այս քաղաք են ուխտավորաբար այցելել եւ այցելում բազում հայորդիներ եւ ուխտավոր հյուրեր` խոնարհվելու մեր նվիրական սրբություններին, տեսնելու Էջմիածինը, որը պատմության հոլովույթներում փարոսի պես լույս սփռող իր Մայր Աթոռով այսօր եւս շարունակում է լինել նվիրական քաղաք: Սուրբ Էջմիածինը հավատքի վեմն ու սրբազան կենտրոնն է համայն հայ ժողովրդի: «Այս սրբավայրում` Իջման Սուրբ Տեղում է գտնվում հայ ժողովրդի սիրտը: Սիրիր Էջմիածինը, ներս մտիր, համբուիր Իջման Սուրբ Խորանը եւ դու համբուրած կլինես ամբողջ աշխարհով մեկ սփռված ողջ տարագիր ազգիս»,- գրում է Պերճ Պռոշյանը, նշեց Վեհափառ Հայրապետը:
Խոսքն ուղղելով վաղարշապատցիներին` Նորին Սրբությունը նկատեց, որ պատիվ ու նաեւ պատասխանատվություն է լինել բնակիչը այս քաղաքի: «Էջմիածնաբնակ Մեր զավակները մշտապես առանձնահատուկ կերպով վկայել են իրենց մեծագույն սերը, որ ունեն հանդեպ լուսավորչահաստատ Մայր Աթոռը մեր Սուրբ Եկեղեցու: Այս իմաստով նաեւ յուրաքանչյուր հայ էջմիածինցի է Սուրբ Էջմիածնին իր պատկանելությամբ, մեր նվիրական հոգեւոր կենտրոնի հանդեպ որդիական ջերմ սիրո եւ անխախտ հավատարմության վկայությամբ: Մեր ժողովուրդը միշտ հավատացել է, որ Սուրբ Էջմիածնի լույսը անմար է եւ շարունակելու է պայծառ շողարձակումով Աստծո օրհնությունը բաշխել սիրասուն իր զավակներին` հաղթահարելու ամեն փորձություն ու նեղություն, կերտելու բարօր ու պայծառ կյանք, իրականություն դարձնելու ազնիվ ու արդար երազները հայ ժողովրդի», - ասաց Ամենայն Հայոց Հայրապետը` հորդորելով նորոգվել Էջմիածնի սիրով, ապրել աստվածահաճո ընթացքով, միասնաբար խնամել եւ ծաղկեցնել քաղաքը, պահպանել հայ ժողովրդի նվիրական ու դարավոր սրբությունները:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաեւ իր գնահատանքը հայտնեց քաղաքի իշխանություններին իրենց աշխատանքի եւ գործունեության համար` ի խնդիր Վաղարշապատ քաղաքի առաջընթացի ու բարօրության:
Հանդիսավոր նիստից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը` ուղեկցությամբ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի եւ այլ պաշտոնատար անձանց, ծաղիկներ դրեցին Արցախի հերոսամարտի հուշարձանին` հարգանքի տուրք մատուցելով զոհված հայորդիների հիշատակին, ինչպես նաեւ ներկա գտնվեցին Մակար Եկմալյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի բացման արարողությանը: