Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Վատիկան

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Վատիկան 06.05.2008

Մայիսի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու պետ Նորին Սրբություն Բենեդիկտ ԺԶ Պապի հրավերով մեկնեց Վատիկան` երկու եկեղեցիների միջեւ եղբայրական հարաբերությունների եւ համագործակցության առավել սերտացման համար:

Մայիս 6-9-ը ժամանակահատվածում Նորին Սրբությունը հանդիպումներ կունենա Հռոմի Սրբազան Քահանայապետի, Քրիստոնեական միության աջակցման քահանայապետական խորհրդի նախագահ կարդինալ Վալտեր Կասպերի հետ, կայցելի Սալեզիանի Պապական համալսարան: Մայիս 8-ին Վեհափառ Հայրապետը կմասնակցի Պապական Արեւելյան ինստիտուտում կազմակերպված գիտաժողովին` նվիրված Հայոց Սրբազան Պատարագի արարողությանը:

Երկու քահանայապետերի մասնակցությամբ տեղի կունենա նաեւ էկումենիկ արարողություն:

Մայիսի 10-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպումներ կունենա Իտալիայի հայ համայնքի հետ, կնախագահի Միլանի Սուրբ Քառասուն մանուկների հայկական եկեղեցու հիմնադրման 50-ամյակին նվիրված միջոցառումները: Այցի ավարտին Հայոց Հովվապետը կայցելի նաեւ Վենետիկ` Սուրբ Ղազար կղզի, ուր հանդիպում կունենա Մխիթարյան միաբանության հետ:

Այցի ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետին ուղեկցում են Հայ Եկեղեցու բարձրաստիճան հոգեւորականներ եւ հավատավոր բարերար հայորդիներ: