Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Մոսկվա
Հուլիսի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկօրյա պաշտոնական այցով մեկնեց Մոսկվա, ուր հանդիպում կունենա Ռուս Ուղղափառ Եկեղեցու նորընտիր գահակալ` Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ Ա Պատրիարքի հետ:
Նորին Սրբությանն ուղեկցում են Երուսաղեմի Հայոց Պատրիարքության պատրիարքական փոխանորդ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը, Կ. Պոլսի Հայոց Պատրիարքության Կրոնական ժողովի ատենապետ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Արցախի թեմի առաջնորդ Տ. Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը, Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը, Հարավային Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Տ. Մովսես եպիսկոպոս Մովսիսյանը, Գերագույն Հոգեւոր խորհրդի անդամ Ռուբեն Վարդանյանը, տիար Գագիկ Ղազինյանը եւ Տ. Հովնան աբեղա Հակոբյանը` իբրեւ գավազանակիր: