Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնակցեց Տաթեւի վանք տանող ճոպանուղու բացման արարողությանը
Հոկտեմբերի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը` ուղեկցությամբ թեմակալ առաջնորդների եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների, մասնակցեց Տաթեւի վանք տանող ճոպանուղու բացման արարողությանը, որով մեկնարկեց «Տաթեւի վերածնունդ» ծրագիրը:
Ներկայությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ հայոց պետական ավագանու Վեհափառ Հայրապետը կատարեց աղոթք, ապա գործարկվեց ճոպանուղին` կառուցված Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի կողմից` նախաձեռնությամբ Գերագույն հոգեւոր խորհրդի անդամ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերար Ռուբեն Վարդանյանի եւ աջակցությամբ մի շարք բարերարների:
Բացման արարողությունից հետո Տաթեւի վանքում հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կատարվեց գոհաբանական մաղթանք, որի ավարտին Նորին Սրբությունը ներկաներին ուղղեց Հայրապետական իր պատգամը:
Ճոպանուղու բացման կապակցությամբ ՀՀ Նախագահը եւս հանդես եկավ ողջույնի խոսքով:
Այս առիթով տեղի ունեցավ հանդիսություն:
Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ
ՏԱԹԵՎԻ ՎԱՆՔ ՏԱՆՈՂ ՃՈՊԱՆՈՒՂՈՒ ԲԱՑՄԱՆ ԱՌԻԹՈՎ
(Տաթեւի վանք, 16 հոկտեմբերի, 2010 թ.)
«Եվ Աստված կարող է ամեն շնորհ շատացնել ձեր մեջ,
որպեսզի ամեն ինչում ամենայն ժամ
առատանաք բոլոր բարի գործերում»
(Բ Կորնթ. Թ 8)
Մեծարգո Նախագահ Հայաստանի Հանրապետության,
Մեծահարգ Նախագահ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության,
Հարգարժան պետական այրեր եւ հյուրեր,
Սիրելի հավատավոր ժողովուրդ,
Բերկրաշատ հոգով ողջունում ենք ձեզ հիշարժան այս օրը, երբ հավաքվել ենք Տաթեւի հնագույն վանք տանող ճոպանուղու բացման արարողությանը, որը հավատավոր հոգով կյանքի կոչված բարի գործ է: Առաքյալի խոսքի համաձայն, Աստված է շնորհն ու ներշնչումը բերում մարդկային հոգիներին` բարի գործեր կերտելու եւ բարեգործությանց մեջ հարատեւելու: Գոհություն ենք մատուցում Տիրոջը, որ այսպիսի բարի գործերով, մեր ժողովրդի ջանքերով ու նվիրումով այսօր շենանում է հայրենական, ազգային եւ եկեղեցական մեր կյանքը` քաջալերություն պարգեւելով մեր հոգիներին եւ զորացնելով բարօր ապագայի մեր հույսերը: Գովելի է մեծապես Տիար Ռուբեն Վարդանյանի կողմից ճոպանուղու կառուցման նախաձեռնությունը, որն իրագործվեց Հայաստանի կառավարության հովանու ներքո` հավատավոր մյուս բարերարների աջակցությամբ: Սյունյաց աշխարհում, որ վաղնջական ժամանակներից հարուստ է մարդու ստեղծագործական մտքի եւ աշխատանքի զարմանալի արդյունքներով, ուր գործել են նաեւ միջնադարյան մեր երկու համալսարանները, այսօր հավելվում է արդիական եզակի այս կառույցը` Տաթեւի ճոպանուղին: Ուրախ ենք բոլորս, քանզի ճոպանուղին, որպես հինավուրց ուխտավայրի արագաթռիչ թեւ` օգնելու է մեզ ավելի հեշտ եւ արագ հասնելու Տաթեւի վանք եւ հաղորդվելու առաքելական ժամանակներից ուխտատեղի դարձած բազմադարյա սրբավայրի նվիրական խորհրդին:
Արդարեւ, հոյակերտ իր գեղեցկությամբ հայ ճարտարապետության բացառիկ արարումներից է Տաթեւի վանքը, որը դարեր շարունակ եղել է հայոց հոգեւոր կյանքի, գիտության ու մշակույթի պայծառ կենտրոն: Տաթեւի վանքում են ապրել, ուսուցանել ու իրենց անմահ գործերը ստեղծել մեծանուն վարդապետներ, հայոց եռամեծ ռաբունապետը, շնորհառատ ու անսպառ քարոզիչ սուրբ Գրիգոր Տաթեւացին, Սյունյաց մետրոպոլիտ Ստեփանոս Օրբելյանը` հոգնաջան առաջնորդն ու պայծառամիտ պատմիչը: Անխոնջ ջանքով ու նվիրումով այստեղ խնամվել է հավատքն առ Աստված, որպեսզի ճշմարտության եւ արդարության հոգին, միմյանց հանդեպ սիրո ոգին մարդկանց սրտերից բխելով` բարիք դառնա կյանքում: Այստեղ խնամվել են գիտությունն ու աշխատասեր կամքը, որպեսզի ծառայեն մարդկանց բարօրությանն ու առաջընթացին: Իր առաքելությամբ Տաթեւի վանքը հավատքի եւ դեպի Աստված ուղու կոթողացած բարձունք է: Այստեղ սրբեր են ապրել ու ամփոփվել: Այստեղ առատ է աղոթքն ու օրհնությունը: Նվիրական այս ուխտավայրում մեր հոգին մեր նախնյաց հետ է, զորեղ` նրանց հավատքի օրինակով եւ հավատքի գործերով: Մեր հոգին Աստծո հետ է` նորոգյալ ուխտով, հույսով քաջալեր` մեր իղձերը կյանքի կոչելու լավատեսությամբ: Արդարեւ, մեր ժողովրդի համար նոր օրհնություն, շնորհ եւ ուրախություն է, որ ճոպանուղու կառուցման ձեռնարկն իրականացրած բարերարները նախատեսում են նաեւ կյանքի կոչել «Տաթեւի վերածնունդ» ծրագիրը, որպեսզի վանքն ամբողջությամբ նորոգվի ու նոր կառույցներով համալրվի եւ առավել արդյունավետ շարունակի հոգեւոր, գիտակրթական ու մշակութային իր առաքելությունը եւ մնա քրիստոնեական մշակույթի գանձ ու արժեք:
Հայրապետական Մեր գնահատանքն ու օրհնությունն ենք բերում ՀՀ իշխանություններին` ի դեմս այս հանդիսությանը ներկա ՀՀ Նախագահ Տիար Սերժ Սարգսյանի, նաեւ ճոպանուղու կառուցումն իրագործած բոլոր բարերարներին: Մեր գնահատանքն ու օրհնությունն ենք բերում Սյունյաց թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանին եւ Առաջնորդական Փոխանորդ Հոգեշնորհ Տ. Զավեն աբեղա Յազիչյանին, թեմի հոգեւորականաց ուխտյալ դասին եւ բարեպաշտ ողջ ժողովրդին: Այսօր Սյունյաց աշխարհում նույնպես զորանում է հոգեւոր կյանքը, Սյունիքի քաջարի ու աշխատասեր մեր զավակները ջանքեր են բերում Հայրենիքի շենացմանը եւ ապրում են ազգային մեր բոլոր իղձերով, որոնց իրականացմանն առավել մոտ ենք զգում մեզ անկախ պետության մեջ եւ ի սփյուռս աշխարհի հոգեւոր ու ազգային մեր կյանքի բարի գործերով ու ձեռքբերումներով:
Սիրելիներ, սուրբ առաքյալի հորդորն ենք վերստին հնչեցնում այսօր. «Եվ Աստված կարող է ամեն շնորհ շատացնել ձեր մեջ, որպեսզի ամեն ինչում ամենայն ժամ առատանաք բոլոր բարի գործերում»: Զգոն եւ արթուն լինենք, որ մեր հոգիները միշտ ունկնդիր մնան Ավետարանի կենարար խոսքին, մեր բարերար Տիրոջ փրկարար կամքին եւ մեր հոգեւոր տունը` մեր Սուրբ Եկեղեցին, մնա պայծառ, անկեղծ ու մաքուր սրտից բխած մեր հավատքով եւ բարեխորհուրդ ու բարեբեր գործերով զորանա մեր Հայրենիքը եւ ապահով ու բարօր լինի կյանքը մեր ժողովրդի: Պողոս առաքյալի խոսքի համաձայն` «Բարին գործելուց չձանձրանաք, որովհետեւ հարմար ժամանակին պիտի հնձենք, եթե չթուլանանք» (Գաղ. 6.9):
Աղոթենք, որ Աստված ամենախնամ Իր Սուրբ Աջով խաղաղ երկնքի ներքո պահպանի մեր երկիրն ու համայն ժողովրդին, առատ արդյունքներով օրհնի մեր ջանքերը եւ ամեն ժամ զորացնի մեզ աներկբա հավատքով, որպեսզի մեր եւ մեր զավակների կյանքից անպակաս լինեն բարի, արդար, արի գործերը` ի փառս Իր Սուրբ Անվան, ի պայծառություն մեր Եկեղեցու եւ ի բարօրություն մեր Հայրենիքի: «Եվ թող այդպես փայլի ձեր լույսը մարդկանց առաջ, որպեսզի տեսնեն ձեր բարի գործերը եւ փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է» (Մտթ. Ե 16), այսօր եւ միշտ եւ հավիտյանս, ամեն: