Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնակցեց Համաշխարհային հայկական կոնգրեսի համագումարին
Հոկտեմբերի 15-ին Գիտությունների ազգային ակադեմիայում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնակցեց Համաշխարհային հայկական կոնգրեսի երկրորդ համագումարի բացմանը: Ողջունելով կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանին, համագումարի կազմակերպիչներին ու մասնակիցներին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական իր պատգամն ու օրհնությունը բերեց նրանց: Նորին Սրբությունը բարձր գնահատեց կոնգրեսի աշխատանքները. «Այսօր, հիմնադրումից շուրջ մեկ տասնամյակ անց, գոհունակություն է Մեզ համար հաստատել, որ Կոնգրեսը նշանակալի իր աջակցությունն է բերում Հայաստանի և Արցախի տնտեսական, գիտակրթական և մշակութային զարգացմանն ու առաջընթացին, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանը, Հայոց Ցեղասպանության համընդհանուր ճանաչման ու դատապարտման և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման համազգային ջանքերին»: Իր խոսքում Ամենայն Հայոց Հայրապետն անդրադարձավ նաև աշխարհում ընթացող քաղաքական ու տնտեսական զարգացումների հետևանքով հայ ժողովրդի առջև հարուցված նոր խնդիրներին, որոնք պահանջում են համատեղ ջանքեր ու գործակցություն: «Այսօր համայն հայության հայացքը մտահոգությամբ ուղղված է դեպի Սիրիա, որտեղ շարունակվող ռազմական գործողությունների արդյունքում ծանր ու անդառնալի կորուստներ է կրում սիրիահայ պատմական համայնքը: Սիրիահայությանը հույս և ապավեն են հայրենի մեր պետության, համայն մեր ժողովրդի, ազգային կազմակերպությունների, նաև` Համաշխարհային Հայկական Կոնգրեսի սատարումն ու զորակցությունը: Դժվարությունների մեջ հայտնված մեր եղբայրներին ու քույրերին մատուցվող նյութական, քաղաքական ու բարոյական աջակցությունը արտահայտում է նաև հավատքն ու ազգասիրությունը մեր ժողովրդի, փորձություններն ու մարտահրավերները միասնաբար հաղթահարելու անսասան կամքը, որոնցով պայքարել ենք և կերտել մեր մեծագույն հաղթանակները», - ասաց Նորին Սրբությունը` աղոթելով, որ խաղաղությունը շուտով հաստատվի Սիրիայում և սիրիահայ կյանքում: Խոսքի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը Համաշխարհային հայկական կոնգրեսի անդամներին մաղթեց աննկուն հավատքով, աննվազ եռանդով ու նախանձախնդրությամբ շարունակել իրագործել ազգօգուտ և աստվածահաճո իրենց առաքելությունը` արձանագրելով նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ` առավել բարեզարդելու ու պայծառացնելու հայ կյանքի օրհնյալ անդաստանը: