Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում ունեցավ Ալեքսանդրիայի և Համայն Աֆրիկայի Պապի հետ
Հոկտեմբերի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում հրաժեշտի հանդիպում ունեցավ Ալեքսանդրիայի և Համայն Աֆրիկայի Պապ և Պատրիարք Նորին Ամենապատվություն Թեոդորոս Բ-ի հետ:
Զրույցի ընթացքում Նորին Սրբությունն իր գոհունակությունը հայտնեց, որ Քույր Եկեղեցիների հոգևոր պետերը և ներկայացուցիչները, ընդառաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրավերին, Սրբալույս Մյուռոնի օրհնության առիթով ժամանել են Հայաստան` աղոթակից լինելու Հայ Եկեղեցուն և կիսելու հայ ժողովրդի ուրախությունը:
Վեհափառ Հայրապետը, անդրադառնալով նաև Հայոց Ցեղասպանության զոհերի ոգեկոչման 100-րդ տարում Քրիստոնեական Եկեղեցիների մասնակցությանը ապրիլյան միջոցառումներին, ընդգծեց, որ այդ ներկայությունը կարևոր ուղերձ էր համայն աշխարհին` Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու, ինչպես նաև մարդկության կյանքում նմանօրինակ ոճիրները կանխելու առումով: «Կարևորում ենք այս տեսակ զորակցությունը, որով զորանում են նաև փոխադարձ կապերը Եկեղեցիների միջև», - ասաց Վեհափառ Հայրապետը:
Վերջում Նորին Սրբությունը մաղթեց, որ Ամենակալ Աստված հանապազ օրհնի և խաղաղ ու անվրդով պահի Իր Սուրբ Եկեղեցին:
Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը և Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե վարդապետ Անանյանը: