Ամենայն Հայոց Կաթողիկոսը հովվապետական այցով մեկնեց ԱՄՆ Հայոց Արեւմտյան թեմ

Սեպտեմբերի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հովվապետական այցով մեկնեց Ամերիկայի Միացյալ Նահանգների Հայոց Արեւմտյան թեմ:

Այցի շրջանակներում, սեպտեմբեր 11-ին, ձեռամբ Վեհափառ Հայրապետի տեղի կունենա թեմի առաջնորդանիստ Սրբոց Ղեւոնդեանց նորակառույց եկեղեցու օծման արարողությունը /ք. Բըրբենք/: Սեպտեմբերի 12-ին` Խաչվերացի տոնին, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նորաօծ տաճարում կմատուցվի Ս. Պատարագ:

Սեպտեմբերի 9-ին, Ամերիկայի Միացյալ Նահանգների Հայոց Արեւելյան թեմում, Բոստոնում, Նորին Սրբությունը կհանդիսապետի Հայոց Ցեղասպանության հիշատակին նվիրված հուշակոթողի օրհնության արարողությունը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղեկցում են Կոտայքի թեմի առաջնորդ Տ. Առաքել եպիսկոպոս Քարամյանը, Գեղարքունյաց թեմի առաջնորդ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը, Մայր Աթոռի «Էջմիածին» պաշտոնական ամսագրի փոխխմբագիր Տ. Շահե աբեղա Անանյանը, Օտարալեզու մամուլի բաժնի պատասխանատու Տ. Կտրիճ քահանա Դեւեջյանը եւ Տ. Անանիա աբեղա Ծատուրյանն իբրեւ գավազանակիր: