Ամենայն Հայոց Կաթողիկոսը հաստատել է ֆրանսիայի թեմի առաջնորդի ընտրությունը
Հունիսի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայրապետական գիր է ուղղել Ֆրանսիայի Հայոց թեմի Առաջնորդական տեղապահ, Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Գյուտ արքեպիսկոպոս Նագգաշյանին, Թեմական պատգամավորական ժողովի ատենապետ Կարպիս Ջրբաշյանին եւ Թեմական խորհրդի ատենապետ Գրիգոր Փափազյանին, որով հաստատել է Գերաշնորհ Տ. Նորվան եպիսկոպոս Զաքարյանի` հունիսի 22-ին տեղի ունեցած ընտրությունը` որպես Ֆրանսիայի Հայոց թեմի Առաջնորդ:
«...Հայրապետական օրհնությամբ հաստատում ենք Գերաշնորհ Տ. Նորվան եպիսկոպոս Զաքարյանի ընտրությունը` որպես Ֆրանսիայի Հայոց թեմի Առաջնորդ եւ այսու տնօրինում, որ հընթացս Սուրբ Պատարագի արարողությանց Ֆրանսիայի Հայոց թեմի եկեղեցիներում հիշատակվի նորընտիր Առաջնորդի անունը»,- ասվում է Հայրապետական գրի մեջ: Նորին Սրբությունը նաեւ իր բարձր գնահատանքն է հայտնել Թեմական Խորհրդի անդամներին եւ Թեմական Պատգամավորական ժողովին` Առաջնորդական տեղապահ Գերաշնորհ Տ. Գյուտ արքեպիսկոպոս Նագգաշյանի գլխավորությամբ Թեմակալ Առաջնորդի ընտրությունների կազմակերպական աշխատանքների իրականացման համար:
Ամենայն Հայոց Հայրապետը վստահություն է հատնել, որ նորընտիր Առաջնորդն արդյունավորությամբ իր ջանքերն ու տարիների փորձառությունը պիտի ծառայեցնի ի խնդիր Ֆրանսիայի Հայոց թեմի զորացման եւ Ֆրանսահայ համայնքի ազգային-եկեղեցական կյանքի բարգավաճման: Նորին Սրբությունը մաղթել է, որ Տերը եկեղեցաշեն եւ ազգանպաստ գործոց հարանոր հաջողություններ շնորհի Ֆրանսիայի Հայոց թեմի բարեպաշտ զավակներին: