Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Հայորդյաց տների 140 մանկավարժի հետ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Հայորդյաց տների 140 մանկավարժի հետ 15.10.2015
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Հայորդյաց տների 140 մանկավարժի հետ

     Հոկտեմբերի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում, Ուսուցչի օրվա կապակցությամբ ընդունեց Մայր Աթոռի և ՀԲԸՄ հովանու ներքո գործող Հայորդյաց տների 140 մանկավարժի` ուղեկցությամբ Հայորդյաց տների հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Տ. Կոմիտաս վարդապետ Հովնանյանի:
     Մանկավարժների անունից երախտագիտության խոսք ասաց Հայր Կոմիտասը` նշելով, որ մանկավարժները մեկտեղվել են Սուրբ Էջմիածնում ստանալու Ամենայն Հայոց Հայրապետի պատգամը, Նորին Սրբության օրհնությամբ առավել խանդավառվելու և զորանալու իրենց առաքելության մեջ:
     Այնուհետև ներկաներին իր օրհնությունը բերեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց Հայր Կոմիտասին, ապա նաև Հայորդյաց տների տնօրեններին ու մանկավարժներին իրենց բերած նվիրյալ և ջանադիր ծառայության համար:
     «Մենք մշտապես հետևում ենք Հայորդյաց տների աշխատանքներին և ուրախություն ենք ապրում այն հաջողություններով, որոնք արձանագրվում են Հայորդյաց տների հարկից ներս», - ասաց Վեհափառը` հույս հայտնելով, որ ժամանակի ընթացքում հայորդյաց տներ կստեղծվեն նաև Հայաստանի խոշոր բնակավայրերում, որտեղ եկեղեցականների և ուսուցիչների նախանձախնդիր աշխատանքների արդյունքում պատանի հայորդիները կզորացնեն իրենց շնորհներն ու ձիրքերը, կստանան հոգևոր դաստիարակություն:
     Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ Մայր Աթոռի Հայորդյաց տների համակարգն իր բնույթով տարբերվում է նմանատիպ հաստատություններից, որովհետև նրանց հարկի ներքո կարևորվում է ոչ միայն կրթությունը, տաղանդների և ձիրքերի բացահայտումն ու հղկումը, այլ, նախևառաջ, բարոյական կերպարի ձևավորումը: Վեհափառ Հայրապետը հավելեց, որ հայորդյաց տների մանկավարժների առաքելությունն է կերտել հայրենասեր ու հայրենանվեր անհատների, Եկեղեցու արժանավոր զավակների:
     Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց, որ Աստծու Ս. Աջը հովանի և պահապան լինի մանկավարժներին, իսկ Հայորդյաց տները շարունակեն իրենց վերելքի և ծաղկման ուղին:
     Այսօր Երևանի, Գյումրիի, Էջմիածնի, Վանաձորի, Աշտարակի թվով ութ հայորդյաց տներ հաճախում են հինգ հազար մանուկներ և պատանիներ: Հայորդյաց տներում պաշտոնավարում է 330 մարդ, նրանցից 149-ը մանկավարժներ են: