Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ ՀԲԸՄ նախագահի հետ
Դեկտեմբերի 14-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանին:
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀԲԸՄ նախագահն անդրադարձան Սփյուռքում ու Հայրենիքում Միության կողմից իրականացվող ազգանպաստ գործունեությանը և նախանշվող նոր ծրագրերին: Քննարկվեցին նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ համատեղ իրականացվող կրթական, սոցիալական և եկեղեցաշինական ծրագրերը:
Այս առիթով Հայոց Եկեղեցուն և հատկապես Մայր Աթոռ Ս. Էջմիածնին Միության կողմից շարունակ ցուցաբերվող զորակցության ու ամենայն աջակցության համար Նորին Սրբությունն իր օրհնությունը փոխանցեց ՀԲԸՄ անդամներին: Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը հայտնեց նաև Մայր Աթոռի բարերարներ տեր և տիկին Սեդրակյաններին` նրանց եկեղեցասեր ոգու և ազգանվեր գործունեության համար:
Այնուհետև հանդիպմանը խոսվեց ազգային-եկեղեցական կյանքում առկա զանազան խնդիրների և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների մասին:
Հանդիպումից հետո Պերճ Սեդրակյանը Մայր Տաճարում մասնակցեց Ս. Պատարագի արարողությանը, որի ավարտին հոգեհանգստյան կարգ կատարվեց նաև տեր և տիկին Սեդրակյանների հոգելույս ծնողների` Հմայակ Սեդրակյանի և Նուբար Նազարյանի հոգիների խաղաղության համար: