Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Երեւանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոսական կազմի եւ ուսանողության հետ
Մայիսի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Երեւանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարան, ուր հանդիպում ունեցավ դասախոսական կազմի եւ ուսանողության հետ: Նորին Սրբությանը ուղեկցում էին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Գեւորգյան Հոգեւոր ճեմարանի տեսուչ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը եւ Մայր Աթոռի միաբաններ:
Մանկավարժական համալսարանի մուտքի մոտ Նորին Սրբությանը դիմավորեցին ռեկտոր Արտուշ Ղուկասյանը, դասախոսական կազմի անդամներ եւ ուսանողներ: Ռեկտորի ուղեկցությամբ Վեհափառ Հայրապետը նախ ծանոթացավ համալսարանի սրահներում ներկայացված Հայաստանի պատմական ժառանգությունը պատկերող լուսանկարչական ցուցահանդեսին եւ ուսանողների գեղանկար աշխատանքներին: Այնուհետեւ համալսարանի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում ուսանողության հետ:
Հանդիպումը բացվեց Մանկավարժական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Վոլոդյա Գասպարյանի խոսքով, ապա Նորին Սրբությանը ողջունեց համալսարանի ռեկտոր Արտուշ Ղուկասյանը: Իր խոսքում նա կարեւորեց Եկեղեցու դերը եւ առաքելությունը հոգեւոր-ազգային արժեքների պահպանման գործում, ինչպես նաեւ Հայ Եկեղեցու ներկայիս գործունեությունը կրթադաստիարակչական ոլորտում: Ռեկտորը տեղեկացրեց, որ համալսարանում եկեղեցականների մասնակցությամբ զանազան թեմաների շուրջ պարբերաբար տեղի են ունենում քննարկումներ, կազմակերպվում են նաեւ ուխտագնացություններ: Նա վստահությամբ նշեց, որ Հայոց Հայրապետի գործունեությունը լավագույն գրավական է երիտասարդների մեջ ազգային նկարագրի պահպանման:
Այնուհետեւ ներկաներին իր Հայրապետական օրհնությունն ու պատգամը հղեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը հայտնեց համալսարանի ռեկտորին, դասախոսական կազմին, ուսումնական եւ ուսանողական խորհուրդներին: Դիմելով ուսանողներին` Նորին Սրբությունն անդրադարձավ մանկավարժի մասնագիտության կարեւորությանը, որին կոչվածները մատաղ սերնդին ազգային ոգով, առ Հայրենին եւ եկեղեցին սիրով կրթելու եւ դաստիարակելու բարձր պատասխանատվություն եւ առաքելություն են ստանձնում: Վեհափառ Հայրապետը նշեց, որ ազգային մեր անդաստանում բարի հունդերի կողքին հաճախ սերմանվում են նաեւ ազգային կյանքին սպառնացող չար հունդեր, որոնց բացառման համար եւս մեծ է ապագա մանկավարժների պատասխանատվությունը: Վեհափառը ուսանողներին հորդորեց ճանաչել հոգեւոր-ազգային մեր արժեքները, ազգային պատմությունը, ընկալել մեր կյանքի խորհուրդը, որոնց շնորհիվ կկարողանան իրենց հանձնված մանուկների մեջ սերմանել արժեքներ, որոնք զերծ կպահեն սայթաքումներից: Նորին Սրբությունը պատգամեց երիտասարդներին առաջնորդվել սիրով եւ բարությամբ, որովհետեւ միայն այդպես կարելի է բարին արարել, երկիրը շենացնել, Հայրենիքը զորացնել, մերժել կեղծիքն ու անարդարությունը եւ իր ընթացքը պահել աստվածահաճո ճանապարհների վրա:
Այնուհետեւ Նորին Սրբությունը պատասխանեց դասախոսների եւ ուսանողների հարցերին, որոնք վերաբերում էին քրիստոնեական դաստիարակությանը, ազգապահպանութանը, տարբեր երկրներում հայկական եկեղեցիների եւ կալվածքների պահպանությանը, տարբեր կրոնական կազմակերպությունների եւ աղանդների գործունեությանը եւ ազգային-եկեղեցական կյանքի զանազան խնդիրներին: Վերջում Վեհափառ Հայրապետը վերստին ուրախություն հայտնեց եկեղեցական կյանքում երիտասարդության ներգրավվածության եւ եկեղեցականներին իրենց առաքելության մեջ ցուցաբերվող աջակցության համար. «Եկեղեցին զորեղ է այնքանով, որքանով հզոր է հավատն իր զավակների հոգում, եւ այդ առումով էական եւ անհրաժեշտ է, որ մեր երիտասարդները մասնակցություն բերեն եկեղեցական կյանքին»:
Հանդիպման ավարտին Մանկավարժական համալսարանի ռեկտոր Արտուշ Ղուկասյանը Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի բարձրագույն` «Խաչատուր Աբովյան» մեդալ հանձնեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին` երիտասարդության քրիստոնեական դաստիարակության եւ ազգային հոգեւոր նկարագրի պահպանման գործում ունեցած մեծ ներդրման համար:
Հանդիպումն ավարտվեց Հայրապետի «Պահպանիչ» աղոթքով:
Նորին Սրբությունը համալսարանի գրադարանին նվիրեց վերջին շրջանում Մայր Աթոռի կողմից տպագրված գրականություն: