Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Շարժայի կառավարչի հետ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Շարժայի կառավարիչ դոկտոր Շեյխ Սուլթան բին Մուհամմադ ալ Կասիմիի հրավերով հունվարի 29-ին մեկնեց Արաբական Միացյալ Էմիրություններ, ուր Շարժայի Ամերիկյան համալսարանում ներկա գտնվեց Շեյխ Սուլթան բին Մուհամմադ ալ Կասիմիի պարգևատրման արարողությունը: ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի անունից Շեյխին հանձնեց ՀՀ պատվո շքանշան` ՀՀ եւ ԱՄԷ միջեւ բարեկամական կապերի ամրապնդման եւ տնտեսական համագործակցության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:
Արարողության ընթացքում Նորին Սրբությունը նաև իր գնահատանքի խոսքն ուղղեց ներկաներին:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և պրն. Աբրահամյանը նաև այցելեցին կառուցվող Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին և շրջեցին եկեղեցու տարածքում: Նույն օրը նրանք այցելեցին ԱՄԷ-ում ՀՀ դեսպանություն և հանդիպում ունեցան հայ համայնքի ներկայացուցիչների հետ: