Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Հայ Եկեղեցու Երիտասարդաց Միավորման 3-րդ պատգամավորական ժողովի մասնակիցների հետ
Հուլիսի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի դահլիճում հանդիպում ունեցավ Հայ Եկեղեցու Երիտասարդաց Միավորման (ՀԵԵՄ) 3-րդ պատգամավորական ժողովի մասնակիցների հետ:
Հանդիպման սկզբում ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ, ՀԵԵՄ նախագահ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց ՀԵԵՄ պատգամավորական ժողովի ընթացքը` կարևորելով ՀԵԵՄ առաքելության արդյունավորման համար թե՛ Մայր Աթոռի և թե՛ երիտասարդների կողմից ներդրվող ջանքերը:
Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր ուրախությունը հայտնեց, որ երիտասարդները վերստին համախմբվել են Մայր Հայրենիքում և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Նորին Սրբությունը փառք տվեց Երկնավորին, որ ՀԵԵՄ գաղափարը տարիներ առաջ` 2001 թվականին, կյանքի կոչվեց և այսօր արդեն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կյանքից ներս շոշափելի իրականություն է դարձել:
Այս առիթով Գարեգին Բ Վեհափառ Հայրապետն իր գնահատանքի խոսքը փոխանցեց կառույցի նախագահ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանին` նշելով, որ Սրբազան Հոր անխոնջ և անհոգնաբեկ նվիրումի, հետևողական աշխատանքների և երիտասարդության հանդեպ սիրո արդյունքում է հնարավոր դարձել կյանքի կոչել այս կարևոր առաքելությունը:
Իր խոսքում Նորին Սրբությունը գոհունակություն հայտնեց ՀԵԵՄ վերջին պատգամավորական ժողովներին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը ներկայացնող երիտասարդ միաբանների և երիտասարդների մասնակցության համար: Հայոց Հովվապետը նաև իր գնահատանքը հայտնեց Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներին` երիտասարդական միություններին ցուցաբերվող զորակցության համար:
Խոսքն ուղղելով երիտասարդներին` Գարեգին Բ Հայրապետը նշեց, որ նրանց ներկայությունն ազգային-եկեղեցական կյանքից ներս մեծ ուժ և խանդավառություն է պարգևում, վստահություն է ներշնչում նաև այն առումով, որ եկեղեցական կյանքը պետք է լինի առավել բարօր, իսկ ապագան` փայլուն: Նորին Սրբությունը հավելեց, որ Եկեղեցուց ներս լինելը մեծ օգտակարություն ունի հայ երիտասարդի համար, որովհետև Եկեղեցին ամբողջական իմաստով հայոց ազգի գանձարանն է, որտեղ Աստված է բնակվում, և յուրաքանչյուր հայորդի հնարավորություն ունի հաղորդակցվելու մեր հայրերի ժառանգությանը, ազգի պատմությանն ու արժեքներին:
Վեհափառ Հայրապետը կարևոր նկատեց, որ յուրաքանչյուր հայորդի, ով մուտք է գործում Եկեղեցու սրբազան կամարներից ներս, ապրի զորացած և ներքուստ կերպարանափոխված: Ամենայն Հայոց Հայրապետը մաղթեց, որ երիտասարդ պատգամավորները մշտապես լինեն աստվածասիրության շնորհի մեջ, որպեսզի իրենց սրբազան հայրերի թողած հարուստ ժառանգության կրողը լինեն` ի զորու լինելով արդարության, եղբայրասիրության, նախանձախնդրության ոգով իրականացնել իրենց առաքելությունը:
Նորին Սրբությունը պատասխանեց երիտասարդների հարցերին, որոնք վերաբերում էին ՀԵԵՄ գործունեությանը, երիտասարդական շարժումների համակարգմանը, Հայ Եկեղեցու թեմական և ծխական կյանքին, Մայր Աթոռի կողմից իրականացվող քարոզչական աշխատանքներին, հայապահպանության խնդիրներին: