Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Քենթրբերիի Արքեպիսկոպոսը ստորագրեցին համատեղ հայտարարություն
Սեպտեմբերի 25-ի երեկոյան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Վեհարանում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Անգլիկան Եկեղեցու պետ Քենթրբերիի Արքեպիսկոպոս դոկտոր Ռոուան Վիլյամսը ստորագրեցին համատեղ հայտարարություն:
Ստորեւ ներկայացվում է համատեղ հայտարարության տեքստը:
ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի
եւ Քենթրբերիի Արքեպիսկոպոս
Նորին Սրբազնություն դոկտոր Ռոուան Վիլյամսի
Արքեպիսկոպոսի Հայաստանյայց Եկեղեցի կատարած այցի ավարտին
22-25 սեպտեմբերի 2007թ.
Քենթրբերիի արքեպիսկոպոս Նորին Սրբազնություն դոկտոր Ռոուան Վիլյամսը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ, Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի հրավերով սեպտեմբեր 22-25, 2007թ. պաշտոնական այցելություն տվեց Հայաստանյայց Եկեղեցուն: Արքեպիսկոպոսին ուղեկցում էին Եվրոպայում Ջիբրալթարի եպիսկոպոս եւ Անգլիկան Հաղորդության-Արեւելյան Ուղղափառ միացյալ միջազգային հանձնաժողովի համանախագահ Ջեֆֆրի Ռաուելը եւ Սալիսբերի եպիսկոպոս Դեյվիդ Ստանքլիֆը: Այս այցը հաջորդեց Նորին Սրբություն Գարեգին Բ-ի 2004 թվականին Անգլիկան Եկեղեցուն տված պաշտոնական այցին: Այս փոխադարձ այցերը հնարավորություն ընձեռեցին ճանաչելու երկու Եկեղեցիների կյանքի եւ առաքելության առանձնահատկությունները իրենց պատմական եւ ժամանակակից ենթատեքստերում:
Այցի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Քենթրբերիի Արքեպիսկոպոսը ստորագրեցին հետեւյալ համատեղ հայտարարությունը`
«Մենք ուրախ ենք, որ Անգլիկան Եկեղեցի (2004թ.) եւ Հայաստանյայց Եկեղեցի (2007թ.) կատարած փոխադարձ պաշտոնական այցերի առիթով մենք յուրաքանչյուրս, իբրեւ եղբայրներ, մասնակցել ենք մեր Եկեղեցիների Սուրբ Պատարագներին եւ ժամանակ ենք անցկացրել մեր եղբայր եպիսկոպոսների, հոգեւոր հայրերի եւ հավատացյալ ժողովրդի հետ աղոթքի եւ աստվածպաշտության մեջ: Ներկայիս այցը սքանչելի հնարավորություն էր որոշ չափով ծանոթանալու Հայաստանյայց Եկեղեցու կյանքի լրությանը: Վանքեր եւ ճեմարաններ այցելելուց բացի մենք միասին անձնապես տեսանք Եկեղեցու հովվական ծառայության օրինակներ հայ հասարակության ամենից կարիքավորների շրջանակներում, ներառյալ երիտասարդությանը, որ Եկեղեցու կողմից կազմակերպված հայորդյաց տներում ուսանում եւ ստանում է նոր հմտություններ, ինչպես նաեւ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում իրենց ազատազրկման ժամանակահատվածն անցկացնողներին, ուր հոգեւոր հովիվները հոգում են ազատազրկվածների հոգեւոր կարիքները: Մենք ոգեշնչվեցինք` տեսնելով քաղաքի արագ զարգացող թաղամասերում կառուցված նոր եկեղեցիները` մեր երկու Եկեղեցիների նոր կյանքի ակնհայտ նշանը:
ՄԵնք քննարկումներ ունեցանք ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ Վարչապետ Սերժ Սարգսյանի, ինչպես նաեւ ՀՀ Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի հետ:
Հավատում ենք, որ Մեր Եկեղեցիների եւ մեր հասարակությունների բարօրության համար չափազանց կարեւոր է Եկեղեցի-պետություն փոխադարձ հարգալից եւ արդյունավետ հարաբերությունների շարունակ զարգացումը: Եկեղեցին մշտապես պետք է Աստծո անպայմանավոր սիրո նշանը լինի Իր ժողովրդի մեջ: Աշխարհում Աստծո Խոսքի տարածման եւ ուսուցման մեջ մենք պետք է լինենք լի սիրով, ճշմարտությամբ եւ աներկյուղ` մշտապես ճանապարհներ գտնելով անկեղծ եւ բաց խոսելու սիրո ոգով մեր բոլոր եղբայրների ու քույրերի եւ պետական ու հանրային իշխանությունների հետ` մեր երկու երկրներում:
Մենք խորը զգացում ապրեցինք` մասնակցելով ամենուր տեղի ունեցած Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված աղոթքին Երեւանում` Հայոց Ցեղասպանության հուշահամալիրում, ուր մեզ միացան նաեւ Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Գործադիր Կոմիտեի մեր եղբայրներն ու քույրերը:
Միասին անկացրած օրհնյալ այս ժամանակահատվածի ավարտին մենք խորին երախտագիտությամբ հաստատում ենք Բարձրյալ Աստծո առատ օրհնության մասին, որը բխում է Անգլիկան Հաղորդության եւ Հայ Եկեղեցու երկար ու սերտ հարաբերություններից:
Մենք ողջունում ենք Անգլիկան Հաղորդության-Արեւելյան Ուղղափառ միացյալ միջազգային հանձնաժողովի ստեղծումը 2001թ-ին: 2002թ-ին Սուրբ Էջմիածնում իր առաջին հանդիպման ժամանակ հանձնաժողովի կողմից ձեռք բերված Քրիստոսաբանական համաձայնությունը վկայում է Արեւելյան Ուղղափառ եկեղեցիների ընտանիքի եւ Անգլիկան Հաղորդության միջեւ շարունակվող աստվածաբանական երկխոսության կարեւորության մասին:
Մենք ցավ ենք հայտնում այս երկխոսության ժամանակավոր դադարեցման համար եւ մեր սրտերում ապագայի հանդեպ մեծ հույսերով ակնկալում ենք, որ Հանձնաժողովի աշխատանքները շուտափույթ կվերսկսեն:
Մենք գոհություն ենք մատուցում Աստծուն մեր, եւ մեր երկու Եկեղեցիների միջեւ առկա բարեկամության մեծ պարգեւի համար եւ աղոթում, որ այս բարեկամության պտուղները տեսանելի դառնան մեր Եկեղեցիների անդամների կյանքում եւ վկայեն մեր հանդեպ ունեցած` Հիսուս Քրիստոսի միջոցով Աստծո սիրո մասին»: