Ամենայն Հայոց Կաթողիկոսը դատապարտում է Հրանտ Դինքի դավադիր սպանությունը

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Հունվարի 20, 2006թ.

Հոգեհանգստյան պաշտոն բոլոր հայկական եկեղեցիներում

Հունվարի 19-ին, Ստամբուլում տեղի ունեցած Կ.Պոլսի «Ակօս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր եւ ականավոր լրագրող Հրանտ Դինքի սպանության ողբերգական առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական գիր է հղել Կ.Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Մեսրոպ Արքեպիսկոպոս Մութաֆյանին` հանուն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության եւ Գերագույն Հոգեւոր Խորհրդի իր վշտակցությունը հայտնելով Մեսրոպ Պատրիարքին, պոլսահայ համայնքին, Դինքի սգացյալ ընտանիքին եւ հարազատներին, «Ակօս» շաբաթաթերթի խմբագրակազմին:

Նորին Սրբության ցավակցականում մասնավորապես ասվում է. «Խոր ցավով լսեցինք «Ակօս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության մասին: Նրա անժամանակ եւ եղերական մահը ցնցել է բոլորիս: Սգում ենք մեր ողջ ժողովրդի հետ կորուստը եւս մեկ մտավորական անմեղ զոհի: Խորին վրդովմունքով դատապարտում ենք դավադիր այս սպանությունը, որը մեր ժողովրդից խլեց շնորհալի, քաջասիրտ իր զավակին, ով իր գրիչը հավատով ծառայեցնում էր ի սեր արդար ու ազատ, խաղաղ կյանքի եւ ավելի լավ աշխարհի:

Մենք նույնպես ակնկալում ենք, որ Թուրքիո իշխանությունները պիտի բացահայտեն եւ օրենքի խստությամբ պատժեն հանցագործներին»:

Հայրապետական մասնավոր տնօրինությամբ վաղը, հունվարի 21-ին, Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու աշխարհասփյուռ բոլոր թեմերում Սուրբ եւ Անմահ Պատարագի ավարտին կկատարվի հոգեհանգստյան մասնավոր պաշտոն բարեհիշատակ Հրանտ Դինքի հոգու խաղաղության համար:

«Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի»: