Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Ս. Ներսես Շնորհալի» շքանշան հանձնեց Սուրեն Սահակյանին

Հունիսի 26-ին` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայ Առաքելական Եկեղեցու «Ս. Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշանով պարգեւատրեց պրն. Սուրեն Սահակյանին` ի գնահատություն Հայոց Եկեղեցու եւ մասնավորապես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին բերած ազնիվ ծառայությունների:

Արարողությունը բացվեց Տ. Պարույր քահանա Ավետիսյանի խոսքով, ով ներկայացրեց մեծարյալի վաստակը: Ապա հանդիսավոր կերպով ներս բերվեց Հայրապետական սրբատառ կոնդակը, որն ընթերցեց Մայր Աթոռի Լուսարարապետ Տ. Արարատ եպիսկոպոս Գալթակճյանը:

«Ճանաչում ենք Ձեզ անձնապես եւ ծանոթ ենք մեր երկրում շինարարության ասպարեզի զարգացմանը միտված Ձեր բեղմնավոր, բծախնդիր ու բարեխիղճ գործունեությանը: Այսօր առիթ ունենք անդրադառնալու Առաքելական մեր Սուրբ Եկեղեցուն մատուցած Ձեր ծառայություններին: Ուրախ ենք, որ Ձեր կարողությունները, մասնագիտական փորձն ու հմտությունները Դուք սիրով ի սպաս եք բերում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Շողակաթ» հեռուստաընկերության շենքի հիմնանորոգման ու բարեզարդման աշխատանքներին: Գոհունակություն է Մեզ համար, որ մեր ժողովրդի զավակները աջակից են մեր Սուրբ Եկեղեցուն` շարունակելու բազմադարյա առաքելությունը հանուն հայ ինքնության անխաթար պահպանման, հոգեւոր ու ազգային մեր կյանքի պայծառության, նախնյաց ավանդների հանդեպ հավատարմության զորացման», - ասվում է Հայրապետական կոնդակում:

Այնուհետեւ Նորին Սրբությունը մեծարյալի կուրծքը զարդարեց «Ս. Ներսես Շնորհալի» շքնշանով եւ մաղթեց, որ Ամենակալ Տերը շնորհի պրն. Սահակյանին եւ նրա ընտանիքի անդամներին կյանքի քաջառողջ ու արեւշող բազում օրեր եւ նրա բոլոր բարի եւ առաքինի ձեռնարկումները պսակի հարանոր հաջողություններով: