Ամենայն Հայոց Կաթողիկոսը Նյու Յորքում նախագահեց ԱՄՆ Արեւելյան թեմի թեմական խորհրդի ժողովը
Սեղմել այստեղ` Տեսահոլովակը դիտելու համար
Հունվարի 21-ին, Նյու Յորքում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախագահեց Ամերիկայի Միացյալ Նահանգների Արեւելյան թեմի թեմական խորհրդի ժողովը:
Ժողովին թեմակալ առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը ողջունեց Նորին Սրբության այցը ԱՄՆ Արեւելյան թեմի առաջնորդարան եւ շնորհակալություն հայտնեց բացառիկ հնարավորության համար` հաղորդ դառնալու Հայաստանյայց Առաքելական Սբ. Եկեղեցու հոգեւոր պետի տեսիլքին եւ մտածումներին:
Թեմական խորհրդի ատենապետ Օսկար Թաթոսյանն իր հերթին երախտագիտություն հայտնեց Նորին Սրբությանն իր առաջնորդության համար եւ վստահեցրեց, որ թեմը պիտի շարունակի աջակցել Նորին Սրբությանը` Հայրենիքում եւ ողջ աշխարհում Եկեղեցու հոգեւոր առաքելության իրագործման ընթացքում: «Մենք այնքան օրհնված ենք` ունենալով հնարավորությունը հանդիպելու մեր Վեհափառ Հայրապետի հետ: Նրա հայրական հոգածությունը մեր Եկեղեցու նկատմամբ եւ նրա ուշադրությունը մեր համայնքի կյանքի եւ զարգացման հանդեպ խորապես ներշնչող է», - նշեց Օսկար Թաթոսյանը:
Ժողովականներն իրենց ջերմ բարեմաղթանքները ուղղեցին Վեհափառ Հայրապետին` ցանկանալով Նորին Սրբությանը հովվապետության երկար տարիներ:
Ժողովի ընթացքում Խաժակ Սրբազանը տեղեկացրեց խորհրդին, որ այս տարի նշվելու է Նորին Սրբության ծննդյան 60-րդ տարեդարձը, եւ այս առիթով Գերագույն հոգեւոր խորհուրդը որոշել է հաստատել համաշխարհային հիմնադրամ, որը կնպաստի ապագա եկեղեցականների կրթությանը: Խորհրդի անդամները վստահեցրեցին, որ կնպաստեն այս ջանքերին եւ Արեւելյան թեմում պատշաճ կերպով կկազմակերպեն անհրաժեշտ միջոցառումները: Նորին Սրբության գահակալության տաս տարիների ընթացքում երեք հարյուր եկեղեցականներ են ձեռնադրվել, Հայաստանում այս տարի ծրագրվում է բացել նոր ճեմարան: Ամեն տարի մի քանի նորաօծ քահանաներ հրավիրվում են Արեւելյան թեմ, ուր, սերտորեն գործակցելով փորձառու հոգեւոր հովիվների հետ, ծանոթանում են Միացյալ Նահանգներում ծխական կյանքին` պատրաստվելով Արեւելյան թեմում իրենց ապագա ծառայությանը իբրեւ հոգեւոր հովիվներ:
Հանդիպմանը Ամենայն Հայոց Հայրապետն իր գնահատանքը հայտնեց Առաջնորդ Սրբազանին եւ թեմական խորհրդի անդամներին, ապա քննարկեց ապագայի ծրագրերը, որոնք ուղղված են նոր եկեղեցականների պատրաստությանը, պատմական տաճարների ու վանքերի վերականգնմանը, նոր եկեղեցիների կառուցմանը, կրթական ծրագրերի իրագործմանը, Եկեղեցու վարչա-կազմակերպական կյանքի կանոնակարգմանը, ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով քարոզչության ընդարձակմանը եւ հայորդիների հոգեւոր փորձառության խորացմանը: Այս ջանքերի շնորհիվ ժողովուրդը Հայրենիքում ավելի է մոտենում իր հավատին, եւ քրիստոնեությունը վերհաստատում է իր պատմական դերակատարությունը հայ ազգի կյանքում:
Նորին Սրբությունը նշեց, որ բոլոր այս ծրագրերը սակայն հնարավոր կլինի իրագործել Հայոց Եկեղեցու ավելի զորեղ վարչական կառուցվածքով: Այս առնչությամբ Վեհափառ Հայրապետն ասաց, որ Արեւելյան թեմի կանոնադրությունը օրինակելի է, եւ ընդգծեց անհրաժեշտությունը բոլոր թեմական կառույցների կողմից իրենց կանոնադրական փաստաթղթերում ընդգրկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո պատրաստված եւ 2009թ. աշնանը Մայր Աթոռում գումարված Թեմական ներկայացուցչական հավաքում հաստատված թեմական կանոնադրության ուղենիշը:
Նորին Սրբությունը նաեւ պատասխանեց թեմական խորհրդի անդամների հարցերին, որոնք վերաբերում էին եկեղեցական եւ հովվական խնդիրներին: Ժողովը փակվեց Հայրապետի «Պահպանիչ» աղոթքով:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կվերադառնա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին հունվարի վերջին: