Ամենայն Հայոց Կաթողիկոսը Բոստոնում ծաղկեպսակ դրեց Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին
Հոկտեմբերի 8-ին Բոսթոնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Հոլոքոստի զոհերին նվիրված հուշարձան` իր հարգանքի տուրքը մատուցելու Հոլոքոստի զոհերի հիշատակին: Ամենայն Հայոց Հայրապետին ուղեկցում էին Բրուքլինի Բեթ Զիոն տաճարի հովիվ Ռաբբի Մոշե Ուոլդոկսը, Նյու Ինգլանդի լիգայի տարածքային ղեկավար Էնդրյու Տերսեյը եւ ԱՄՆ Արեւելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը:
Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը ծաղկեպսակ զետեղեց, ապա Նորին Սրբությունը եւ Ռաբբի Մոշե Ուոլդոկսը աղոթեցին նահատակների համար` աղերսելով Աստծուն, որ նման ոճրագործություններ այլեւս տեղի չունենան ոչ մի ազգի կյանքում: Երկու հոգեւոր առաջնորդները մտահոգություն հայտնեցին, որ այսպիսի դաժանությունների ճանաչումը, դատապարտումը եւ կանխումը լինի հաստատուն, հատկապես Դարֆուրի ժողովրդի համար, որոնց հանդեպ այժմ ցեղասպանություն է իրականցվում:
Ռաբբի Ուոլդոկսին Վեհափառ Հայրապետին ներկայացրեց նաեւ հուշարձանի յուրաքանչյուր տարրի բացատրությունը` վերհիշելով, որ հրեաներն ունեն իրենց նշանակալի ներդրումը մարդկության պատմության եւ մշակույթի մեջ եւ որքան հաճախ են նրանք արյունահեղության եւ անհանդուրժողականության ենթարկվել:
Հոլոքոստի հուշարձանի տարածքում շրջելուց հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գոհունակությունը հայտնեց պրն. Էնդրյու Տերսեյին` դատապարտելու համար բոլոր նրանց, ովքեր հրաժարվում են ընդունել Հայոց ցեղասպանությունը` բարոյապես աններելի նկատելով այդ մոտեցումը: Վեհափառ Հայրապետը շնորհակալություն հայտնեց նաեւ Ամերիկայի հրեական համայնքի նախկին նախագահ պրն. Ջեյմս Կոֆմենին` մարդկության բարօրությանն ուղղված նրա ներդրումների համար:
«Մեզ համար մեծ պատիվ է, որ Նորին Սրբությունը եկել է հարգանքի տուրք մատուցելու Հոլոքոստի անմեղ զոհերի հիշատակին: Մենք բարձր ենք գնահատում Հայոց Հայրապետի միասնականության դրսեւորումը եւ ցանականում ենք, որ նա գիտենա, որ մենք նրան եւ հայ ժողովրդի հետ ենք. մի ժողովուրդ, որ տառապել է եւ 1915-1918 թթ. դաժան Ցեղասպանության ընթացում 1,5 միլիոն զոհ է տվել»- ասաց պրն. Կոֆմենը:
Այցի ընթացում ներկա էր նաեւ Ամերիկայի Հայկական Համագումարից պրն. Էնթոնի Պարսամյանը: