Ամենայն Հայոց Կաթողիկոսը Բաքվում մասնակցեց Կրոնապետերի համաշխարհային գագաթնաժողովին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Բաքվում մասնակցեց Կրոնապետերի համաշխարհային գագաթնաժողովին 26.04.2010

Իրադարձությունների տեսանյութ
Նորին Սրբության խոսքի տեսանյութ

Ապրիլի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շքախմբի ուղեկցությամբ ժամանեց Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու` մասնակցելու ապրիլի 26-27-ին Բաքվում գումարված Կրոնապետերի համաշխարհային գագաթնաժողովին` նվիրված կրոնների եւ ավանդական արժեքների վրա համաշխարհայնացման ազդեցության խնդիրներին:

Այցի ընթացքին Նորին Սրբությանն ուղեկցում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը, Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քահանա Մելիքյանը: Համաժողովին մասնակցում է նաեւ ԱՄՆ Արեւելյան թեմի միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը, որպես ԱՄՆ Եկեղեցիների Ազգային խորհրդի նախագահ:

Ժամանումից հետո Նորին Սրբությունը մեկնեց «Գյուլիստան» պալատ, ուր տեղի ունեցավ գագաթնաժողովի պաշտոնական բացումը: Բացման արարողությանն Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքն ուղղեց ներկաներին:

Նորին Սրբությունը, հանուն Հայ Եկեղեցու եւ աշխարհասփյուռ հայ ժողովրդի ողջունելով համաժողովի մասնակիցներին, արդյունավետ աշխատանք մաղթեց համագումարին:

«Գոհություն ենք մատուցում Տիրոջը, որ բարի կամքի վկայությամբ Մենք` կրոնական առաջնորդներս, համախմբվել ենք միասնաբար խորհելու եւ համագործակցության ուղիներ փնտրելու արդի աշխարհում հոգեւոր արժեքների պահպանությանն ու ամրապնդմանն ի խնդիր եւ սիրո, համերաշխության ու համագործակցության մեր կոչն ուղղելու մեր ժողովուրդներին եւ ողջ աշխարհին` հանուն մարդկությանը հուզող ներկա կյանքի մարտահրավերների եւ հիմնախնդիրների հաղթահարման:

Ողջունելի է նախաձեռնությունը գագաթնաժողովում քննարկելու համաշխարհայնացման, կրոնի, ավանդական արժեքների վերաբերյալ հարցերը, եւ այս շրջանակներում անդրադառնալու մշակույթների եւ կրոնների երկխոսության, ինչպես եւ` աշխարհի արդար ու խաղաղ ընթացքը խաթարող վտանգները հաղթահարելու խնդիրներին: Մեր սրբազան պարտականությունն է ամեն ջանք, ուժ եւ եռանդ բերել պատերազմների եւ ահաբեկչությունների դադարեցման, աղքատության եւ դրանից բխող սոցիալական խնդիրների վերացման ուղղությամբ` հանուն մարդկության ապահով, բարօր ու խաղաղ կյանքի, ինչը կամենում է նաեւ Աստված, որովհետեւ, ինչպես Սուրբ Գիրքն է ասում, «Աստված խռովության Աստվածը չէ, այլ` խաղաղության» (Ա Կորնթ. 14.33)» , - նշեց Նորին Սրբությունն իր խոսքում:

Խոսելով համաշխարհայնացման վտանգների մասին` Վեհափառ Հայրապետն ասաց. «Մեր օրերում շարունակ առավել մեծ շրջագիծ ընդգրկող հաղորդակցության եւ համագործակցության գործընթացները քաղաքական, տնտեսական, գիտատեխնիկական, կրթամշակութային ու այլ ասպարեզներում եւ ժողովուրդների մեջ մշտապես սերտացող առնչություններն ու կապերը, ցավոք, դեռ չեն գծագրում հեռանկարը այնպիսի աշխարհի, ուր թագավորում է մարդասիրությունը, արդարությունը, աստվածադիր պատվիրանն ու օրենքը, ուր գերագույն արժեք է մարդը, եւ հարգվում է նրա իրավունքը: Այսօր համընդհանուր մտահոգություն են տեխնոլոգիական փորձարկումների, մթնոլորտային արտանետումների արդյունքում առաջ եկող կլիմայական եւ բնապահպանական խնդիրները, որ վկայում են արարչաստեղծ աշխարհի հանդեպ մարդկային հարգանքի եւ հոգածության պակասի մասին: Բազմահազար մարդկանց ապահովությունն ու կյանքը վտանգում են ահաբեկչությունը, միջպետական եւ տարածաշրջանային հակամարտությունները, ազգամիջյան բախումները: Հավելյալ սպառնալիքներ են ստեղծում տեղեկատվական սադրանքները եւ կրոնական գործոնի շահարկումը` խեղաթյուրված փաստերով եւ հավատացյալների կրոնական գիտակցության խաթարումով առավել բորբոքելով աղետների եւ բախումների կրակը եւ առիթ ծառայում մշակութային արժեքների ոչնչացման համար: Համաշխարհայնացման ընթացքներում առաջ են գալիս կրոնական եւ մշակութային ավանդական արժեքների համահարթեցման վտանգները, որոնք սպառնում են ազգային ինքնություններին, մարդկանց հոգեւոր կերտվածքին, ընտանիքի ավանդական սրբագործված ընկալումներին, աճող սերնդի բարոյականության անաղարտությանը:

Մենք հավատում ենք աշխարհում առկա խնդիրների դիմագրավմանը, մարդկության բարօրությանն ու բարգավաճմանն ուղղված կրոնների եւ մշակույթների երկխոսությանը: Բոլոր ժողովուրդների համար` ազգային առանձնահատկություններով ու ավանդույթներով հանդերձ, ընդհանուր են մարդասիրության, ազնվության ու արդարության արժեքները, ընդհանուր է խաղաղ, ազատ ու երջանիկ կյանքի ձգտումը: Ո°ր մշակույթում չեն գովերգված հարգանքը, սերն ու աջակցությունը միմյանց հանդեպ, եւ ո°ր մշակույթում գնահատված ու մեծարված չեն ազնիվն ու առաքինին, մարդկանց համար բարիք գործողները: Մեր` հոգեւոր առաջնորդներիս եւ Աստծո Խոսքի բոլոր սպասավորների առաքելությունն է մեր ժողովուրդներին համամարդկային այդ արժեքների մեջ ամրացնելը, հավատքի մեջ զորացնելը, աստվածահաճո ուղիներով առաջնորդելը, որպեսզի այս աշխարհում երկնապարգեւ բարին ու բարիքը առատանան, առաքյալի խոսքի համաձայն` «որպեսզի զորության գերազանցությունը Աստծուց լինի եւ ոչ մեզնից» (Բ Կորնթ. 4.7), քանզի համերաշխության, խաղաղության ու բարօրության համար մարդկային ջանքերը ունայն պիտի լինեն առանց աստվածային զորակցության»:

Իր խոսքում Ամենայն Հայոց Հայրապետն անդրադարձավ նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին` մեծապես կարեւորելով խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերը: «Գտնվելով Բաքվում` Մենք այսօր փառք ու գոհություն ենք մատուցում Բարձրյալին, որ շարունակվում են ջանքերը խաղաղ կարգավորման առաջնորդելու համար Ղարաբաղյան հակամարտությունը: Այս ուղղությամբ հարկ է կարեւորությամբ ու գնահատանքով նշել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից հետեւողական տարվող աշխատանքները: Մենք գոհունակությամբ ենք անդրադառնում նաեւ հարցի հանգուցալուծմանն ի խնդիր Ռուս Ուղղափառ Եկեղեցու` ի սկզբանե ներդրած միջնորդական ջանքերին: Մեր երկրների իշխանությունները հանրապետությունների նախագահների բարձր մակարդակով նույնպես շարունակում են բանակցային գործընթացը: Ուրախ ենք նաեւ, որ շփումներ կան եւ երկխոսություն է իրականացվում մեր երկու երկրների քաղաքացիական եւ հասարակական կառույցների ներկայացուցիչների մակարդակով, որի շրջանակում իրակացվում են ֆիլմերի համատեղ նկարահանումներ, երիտասարդական, սպորտային ծրագրեր: Լիահույս ենք, որ ջանքերը պիտի շարունակվեն, որպեսզի հարցի վերջնական կարգավորումը նույնպես ընթանա բացառապես խաղաղ ուղիներով` խնդրահարույց հարցերը վճռելով միջազգային օրենքներին ու չափանիշներին համահունչ եւ համապատասխան ժողովուրդների իրավունքների նորմերին: Մենք` որպես Հայրապետ Ամենայն Հայոց, կարեւոր ենք նկատում Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Շեյխ Ուլ Իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեի հետ հարցի լուծմանն ի խնդիր մեր ջանքերի ու գործունեության շարունակումը: Մեր պարտականությունն է հորդորել մեր ժողովուրդներին, աջակցել մեր պետությունների նախագահներին` խաղաղությամբ ընթանալու դեպի առկա խնդիրների լուծում եւ հարցի վերջնական կարգավորում: Մենք հույս ունենք, որ Կովկասյան տարածաշրջանում առկա մարտահրավերների հաղթահարման եւ խաղաղ ու ստեղծագործ կյանքի ապահովության համար համընդհանուր ջանքերը պիտի պսակվեն ցանկալի արդյունքներով, եւ հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների համերաշխ կյանքի ու համագործակցության փորձառությունը վերստին պիտի վերընձյուղվի խաղաղության շիվերով: Մենք աղոթում ենք տեսնելու այն գեղեցիկ օրը, երբ բաց կլինեն բոլոր փակ սահմանները տարածաշրջանում եւ ազատ` տեղաշարժը մարդկանց, ինչպես ժամանակին Մենք առիթ ենք ունեցել այցելել Բաքու եւ կարճաժամկետ ծառայություն մատուցել հայկական եկեղեցում: Հավատարիմ մնանք Քրիստոսի առաքյալի պատվիրանին, որը նաեւ կոչ է ուղղված ողջ մարդկությանը. «Խաղաղությո°ւն արեք. եւ խաղաղության ու սիրո Աստվածը թող լինի ձեզ հետ» (Բ Կորնթ. 13.11)»:

Խոսքի ավարտին Նորին Սրբությունը հրավեր ուղղեց կազմակերպիչներին Կրոնապետերի հաջորդ գագաթնաժողովը գումարելու Հայաստանում` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Վեհափառ Հայրապետը նաեւ հրավիրեց Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Շեյխ Ուլ Իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեին այցելելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: