Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի ցավակցական գիրը Ժիրայր Հովնանյանի մահվան առթիվ

Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ը ցավակցական նամակ է հղել սգակիր Հովնանյան ընտանիքին Ժիրայր Հովնանյանի մահվան կապակցությամբ, ուր ասվում է. «Ցավով տեղեկացանք մեր ժողովրդի եւ Եկեղեցու արժանավոր զավակ Ժիրայր Հովնանյանի մահվան մասին: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մեր անկեղծ ցավակցությունն ենք բերում հոգելույս հանգուցյալի ընտանիքի անդամներին, բոլոր հարազատներին, ընկերներին ու մերձավորներին:

Անձնապես ճանաչել ենք հոգելույս Ժիրայր Հովնանյանին եւ քաջատեղյակ ենք ազգային կյանքից ներս նրա նախանձախնդիր գործունեությանը: Իր կյանքի ողջ ընթացքին նա սիրով ծառայեց հավատավոր մեր ժողովրդին, գնահատելի ավանդ բերեց Սփյուռքում հայորդյաց հոգեւոր եւ ազգային կյանքի պայծառությանը, Հայրենի մեր Երկրի զորացմանն ու հայրենաբնակ մեր ժողովրդի առջեւ ծառացած դժվարությունների հաղթահարմանը: Հոգելույս հանգուցյալը բարի հիշատակ է թողնում մեր ժողովրդի հոգում` ի Տեր ննջելով արժանավոր գործերի վաստակով:

Ի խորոց սրտի Մեր աղոթքն է, որ Բարին Աստված Իր առատ ողորմությամբ գթա հավատավոր Իր ծառային` նորոգ հանգուցյալ Ժիրայր Հովնանյանին եւ խաղաղության մեջ ընդունի նրա լույս հոգին` արժանացնելով երանական հանգստյան: Թող Երկնավոր Տերը Սուրբ Հոգու շնորհով սփոփանք ու մխիթարություն պարգեւի Հովնանյան ընտանիքի սգակիր անդամներին, բոլոր հարազատներին ու բարեկամներին»: