Ամենայան Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՙԱրմենիա՚ առագաստանավի անձնակազմին
Սեպտեմբերի 6-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՙԱրմենիա՚ առագաստանավի անձնակազմին` գրող, հրապարակախոս Զորի Բալայանի ղեկավարությամբ:
Նորին Սրբությունը գոհունակություն հայտնեց, որ նավարկությունը բարեհաջող ընթացք է ունեցել: ՙՏեղյակ ենք այն խանդավառությանը, որ ձեր այցելություններով ստեղծում էիք հայ համայնքներից ներս` հպարտության զգացում փոխանցելով մեր զավակներին ձեր քաջարի այդ արարքով: Նմանատիպ երևույթները նոր ոգևորություն են ներարկում մեր զավակների հոգիներից ներս և լիցք են հաղորդում նրանց` շարունակելու իրենց ազգապահպան գործունեությունը՚, - նշեց Վեհափառ Հայրապետը` իր օրհնությունն ու գնահատանքը փոխանցելով ներկաներին: Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ հայ ժողովրդի մեջ այս իրադարձությունը կստանա լավագույն գնահատականը և կունենա իր արժևորումը:
Այնուհետև տիար Զորի Բալայանն ՙԱրմենիա՚ առագաստանավի անձնակազմի անունից շնորհակալություն հայտնեց Վեհափառ Հայրապետին ջերմ ընդունելության համար:
Հանդիպումից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Տաճարում ՙՊահպանիչ՚ աղոթքով օրհնեց Իջման Ս. Սեղանի առջև ծնրադրած նավագնացներին` մեկ անգամ ևս մաղթելով նորանոր հաջողություններ իրենց հետագա ծրագրերում: