ԱՊՀ և Մերձսևծովյան երկրների ազգային լրատվական գործակալությունների ղեկավարների այցը Մայր Աթոռ
Նոյեմբերի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելեցին Հայաստանում կայանալիք ԱՊՀ-ի պետական լրատվական գործակալությունների ղեկավարների խորհրդի նիստի և Մերձսևծովյան երկրների ազգային լրատվական գործակալությունների ասոցիացիայի խորհրդաժողովի մասնակիցները` ուղեկցությամբ «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանի:
Հյուրերին ընդունեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Հանդիպման ընթացքում Սրբազան Հայրը ողջունեց հյուրերի այցը համայն հայության հոգևոր կենտրոն և նրանց փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույններն ու օրհնությունը:
Բագրատ Սրբազանը կարևորեց նման խորհրդաժողովների անցկացումը, որոնք հնարավորություն են ընձեռում ոչ միայն ընդլայնելու լրատվական գործակալությունների միջև փոխհամագործակցությունը, այլև այս բարդ ու դժվարին ժամանակներում դառնալու խաղաղության տարածման յուրօրինակ քարոզիչներ: «ԶԼՄ-ներում կա խորը հոգևոր շերտ, և այդ իմաստով նրանց առաքելությունն է նաև ճշմարտության քարոզչությունը, ճիշտ խոսքի փոխանցումը: Ձեր համագործակցությունը կարող է երաշխավորել աշխարհում խաղաղություն»,- նշեց Սրբազան Հայրը` ընդգծելով, որ ԶԼՄ-ներն ունեն նաև աշխարհը բարեփոխելու կարևոր առաքելություն:
Հյուրերը Մայր Աթոռում այցելեցին նաև Մայր Տաճարի թանգարան: