ԱՊՀ Միջկրոնական խորհրդի նախագահության նիստը Երևանում

ԱՊՀ Միջկրոնական խորհրդի նախագահության նիստը Երևանում 28.11.2011
ԱՊՀ Միջկրոնական խորհրդի նախագահության նիստը Երևանում

Նոյեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով Երևանում, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, գումարվեց ԱՊՀ Միջկրոնական խորհրդի նախագահության նիստը:
Ժողովի առիթով նոյեմբերի 28-ի առավոտյան Հայաստան ժամանեցին ԱՊՀ Միջկրոնական խորհրդի համաատենապետներ Նորին Սրբություն Կիրիլ Ա Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքը և Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեն: Ժողովին մասնակցում էին ԱՊՀ երկրների ավանդական կրոնների (քրիստոնեություն, իսլամ, հուդայականություն, բուդդիզմ) շուրջ երեք տասնյակ առաջնորդներ ու ներկայացուցիչներ:
Ժողովը բացվեց Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Նորին Սրբություն Կիրիլ Ա-ի ողջույնի խոսքով: Այնուհետև ներկաներին իր ողջույնի խոսքը հղեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Ժողովականներին ողջունեց նաև Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, ապա ընթերցվեց ՌԴ նախագահ Դիմիտրի Մեդվեդևի ուղերձը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔԸ
ԱՊՀ ՄԻՋԿՐՈՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎԻՆ
(Երևան, նոյեմբերի 28, 2011 թ.)

Կամոքն Ամենաբարձրյալի այս բարեժամ առիթն ունենք և ուրախությունը` ողջունելու և հյուրընկալելու ԱՊՀ Միջկրոնական խորհրդի նախագահության բարձրապատիվ անդամներիդ և նիստի մասնակիցներիդ աստվածաշնչական Հայաստանում, որ  հայրենիքն է հազարամյակների պատմություն ունեցող և քրիստոնեությունը 1700 տարի իր ինքնությունը դարձրած հայ ժողովրդի: Հնագույն քաղաքակրթություններին հասակակից մեր երկիրը ծաղկել ու բարգավաճել է աշխատասեր ու խաղաղասեր մեր ժողովրդի ջանք ու արարումով, դարձել քրիստոնեական հարուստ մշակույթի օրրան, որտեղ պահպանվել են նաև այլ մշակույթների արժեքներ և գտնվում են մեր պետության մասնավոր հոգածության ու խնամքի ներքո: Այսօր էլ հավատավոր մեր ժողովուրդը ապրում է և կառուցում իր հայրենիքի ազատ նոր կյանքը խաղաղության և ազգերի մեջ հարգանքի ու բարեկամության ձգտումով: Խաղաղարար ու հաշտարար բոլոր ջանքերին նաև` հոգևոր առաջնորդներիս այս հավաքին հայցում ենք Բարձրյալի օրհնությունը:
Առաջին անգամ Երևանում գումարվող ԱՊՀ Միջկրոնական խորհրդի նախագահության ժողովը շարունակությունն է ցայսօր եղած հանդիպումների` զորացնելու համար մեր համագործակցությունը` հանուն մեր ժողովուրդների կյանքում և աշխարհում բարոյական արժեքների ամրագրման, հոգևոր առաջընթացի և խաղաղության հաստատման ու արդյունավորման. ՙԽաղաղութիւն արարէք ընդ միմեանս՚ (Մարկ. Թ 49),- պատգամում է մեզ Ամենակարող և Բարեգութ Աստված:
Աշխարհն այսօր կանգնած է նոր մարտահրավերների առջև: Համաշխարհայնացման ներկա ընթացքների պայմաններում ինտեգրացվող տնտեսական, գիտական, մշակութային ձեռքբերումների կողքին լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս շարունակվող բռնություններն ու պատերազմները, դեռևս չհաղթահարած ընդհանուր տնտեսական և ֆինանսական ճգնաժամը, սոցիալ-քաղաքական ընդվզումները Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում: Ազգերի համակեցության ու համագործակցության, կրոնական և մշակութային երկխոսությունների կողքին վտանգվում են հոգևոր-բարոյական արժեքները, աճող բարեկեցությանն ու հարստությանը զուգահեռ ավելի մեծ տարածում են գտնում կարիքն ու աղքատությունը:
Առկա հրամայականների դիմագրավման և հակամարտությունների կարգավորման համար, մարդասիրական արժեքների տարածման և ժողովուրդների ազատ ապրելու ու իրենց հավատքը անկաշկանդորեն դավանելու աստվածապարգև իրավունքները հարգելու գործում էական է կրոնական առաջնորդներիս համագործակցությունը, քանզի հուզող հարցերի վճռման համար առաջնային նշանակություն ունեն բարոյական սկզբունքների արժևորումը, բարի կամքը, փոխհասկացողության ու հանդուրժողության ոգին, հարգանքը այլ ժողովուրդների ու մշակույթների նկատմամբ: ԱՊՀ երկրները բազմազգ ու բազմամշակույթ աշխարհ են ներկայացնում, որն ունի բարեկամության դարավոր ավանդներ: Այդ ավանդներն իրենց արտահայտությունը գտան նույնիսկ խորհրդային աստվածմերժության շրջանում և այսօր ավելի պիտի ամրանան ու զարգանան, երբ մեր ժողովուրդները իրենց ազատ, ինքնիշխան երկրներում վերականգնում են իրենց հոգևոր կյանքը, ձգտում ապրել հավատքով ու աստվածպաշտությամբ:
Մեր ընդհանուր առաքելությունից բխող պատասխանատվությամբ այսօր մենք համախմբվել ենք համագործակցաբար ուղիներ փնտրելու մեր ժողովուրդներին մտահոգող հարցերի կարգավորման համար: Ցավոք, քիչ չեն հակամարտությունների հետևանք հանդիսացող և լուծման կարոտ հրատապ խնդիրները, որոնց շարքում նաև` Ղարաբաղյան հարցը: Մեր ժողովրդի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների իշխանությունների ձգտումն է եղել կայուն դարձնել խաղաղությունը, ամրապնդել բարի հարաբերությունները և համագործակցությունը հարևան և բոլոր պետությունների ու ժողովուրդների հետ: Այդ ձգտումի վկայությունն էր նաև Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու Հայաստանի Հանրապետության Նախագահի նախաձեռնությունը, որն, ինչպես գիտեք, ընթացք չունեցավ Թուրքիայի ժխտողական դիրքորոշման պատճառով: Մեր ժողովուրդը շարունակում է մնալ խաղաղ բանակցային ընթացքով հարցերի կարգավորման դիրքերում, և մեր Եկեղեցին իր ամեն կարելիությամբ այսուհետ ևս պիտի աջակցի տարածաշրջանում և աշխարհում խաղաղության ամրապնդմանը, որպեսզի մարդիկ աստվածապարգև ազատ կյանքով հնարավորություն ունենան կառուցելու իրենց բարօր ու երջանիկ ներկան ու գալիքը:
Ուրախ ենք, որ միջնորդական ջանքերով և նախագահությամբ Նորին Սրբություն Կիրիլ Առաջին Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքի, ԱՊՀ կրոնապետերի Նախագահության նիստերին հարակից տեղի են ունենում նաև կովկասյան տարածաշրջանի հոգևոր առաջնորդներիս եռակողմ հանդիպումները: Միմյանց հանդեպ խորին հարգանքով և Ամենաբարձրյալի պատվիրած ու պարգևած եղբայրական սիրով մենք ձգտում ենք նպաստել մեր ժողովուրդների միջև առկա խնդիրների լուծմանը, փոխըմբռնման ոգու և բարի կամքի զորացմանը, երկխոսության արդյունավորմանը: Մենք վստահ ենք, որ այլընտրանք չկա խաղաղությանը, և հակամարտություններն ու խնդիրները իրենց լուծումը պիտի գտնեն խաղաղ բանակցային գործընթացներով, մարդկային հիմնարար իրավունքների պաշտպանության և միջազգային օրենքների հարգման ճանապարհով: Պատմությունը շարունակ վկայում է, որ խաղաղությունը, կյանքի ներդաշնակ զարգացումն ու առաջընթացը կարող են մնայուն լինել և ուրախություն ու երջանկություն պարգևել, երբ հիմնված են արդարության, իրավունքի, ճշմարտության, հասարակության հոգևոր ներուժի ամուր հիմքերի վրա:
Բարձրապատիվ սիրելի եղբայրներ, հոգևոր այրեր, Աստված հնարավոր է դարձրել մեր այս հանդիպումը, որպեսզի կարողանանք մեր ժողովուրդների կյանքի հրամայականներին և խնդիրներին դիմագրավելու ուղիներ գտնել` պահպանելով նրանց խաղաղության մեջ և աստվածահաճո ընթացքներում: Մաղթում ենք, որ Աստծուց շնորհ ունենանք կրոնական առաջնորդներիս այս հավաքը դեպի իր նպատակը առաջնորդելու: Հայցում ենք Ամենակարող Աստծուց, որ արդյունավոր դարձնի համատեղ մեր աշխատանքը և զորացնի մեզ մարդկանց սրտերում ամրապնդելու սերն ու խաղաղությունը միմյանց հանդեպ:
Սիրեցյալ եղբայր ի Քրիստոս, Մոսվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլ Առաջին, մեր հանդիպման այս ուրախ առիթն ունենալով, այսօր վերստին շնորհավորում ենք Ձերդ Սրբությանը ծննդյան 65-րդ տարեդարձի առիթով և քաջառողջ, արևշատ կյանքի Մեր բարեմաղթանքներով` Տիրոջ զորակցությունը հայցում Ձեզ ու Ձեր նախանձախնդիր ջանքերին, որ ի գործ եք դնում` ի սեր առավել արդար, բարի ու խաղաղ աշխարհի: Ամենայն բարյաց մաղթանքով, սիրելի եղբայրներ և բարձրապատիվ հոգևոր առաջնորդներ, շնորհակալության Մեր խոսքն ենք բերում Ձեզ, որ ժամանել եք Հայաստան և մասնակցում եք ԱՊՀ երկրների կրոնապետերի ժողովին, որը, վստահ ենք, բարի արձագանք պիտի գտնի մեր ժողովուրդների հավատավոր զավակների հոգիներում և արգասավորվի բարի արդյունքներով:
Մեր օրհնությունն ենք բերում և շնորհակալություն հայտնում Հայաստանի Հանրապետության իշխանություններին` ժողովի աշխատանքներին բերած աջակցության համար:
 Թող Աստված օրհնի այս ժողովը և զորակից լինի մեզ ու մեր ժողովուրդներին` բարին արարելու և մեր կյանքը Իր Սուրբ Կամքի համաձայն ապրելու: