ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՉԵՆՆԱՅԻ (ՄԱԴՐԱՍ) Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ

2012թ. Հայ Մադրասի 300-ամյակին նվիրված միջոցառումներին ընդառաջ` սույն թվականի հոկտեմբերի 20-ին, Հնդկահայոց հոգեւոր հովիվ եւ Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Տ. Խորեն աբեղա Հովհաննիսյանը, Կալկաթայի Ս. Նազարեթ մայր եկեղեցու վարչության ատենապետ Մայքլ Դաթը, անդամներ Սյուզան Ռուբենը եւ Սունիլ Սոբթին մեկօրյա այցելություն կատարեցին Մադրասի Ս. Մարիամ Աստվածածին պատմական եկեղեցի` կառուցված 1712 թվականին:

Ներկաների մասնակցությամբ կատարվեց հանգստյան ժամերգություն, որին հաջորդեց հոգեհանգստյան կարգ` հայ պարբերական մամուլի անդրանիկ ամսագրի` «Ազդարարի» խմբագիր Տ. Հարություն ավագ քահանա Շմավոնյանի համար, որի գերեզմանը գտնվում է եկեղեցու բակում:

Այնուհետեւ, տեղի ունեցավ եկեղեցական վարչության ժողով, որտեղ քննարկվեց Հայ Մադրասի 300-ամյակի առիթով նախատեսվող տոնախմբությունների ծրագիրը: Ժողովը նաեւ կարեւոր եւ առաջնային խնդիր համարեց տարիներ առաջ օտարված եկեղեցապատկան հարակից շինությունը վերադարձնել Հայոց Եկեղեցուն մինչ հոբելյանական տարին:

Հանդիպմանը մասնակցում էր նաեւ Հայոց մարդասիրական ճեմարանի հայոց պատմության ուսուցչուհի Հերմինե Ադամյանը: Հոգեւոր հովվի նախաձեռնությամբ տիկին Ադամյանը ստանձնեց մինչ 2012թ. պատրաստել ծավալուն աշխատություն` նվիրված Հայ Մադրասի պատմությանը: