ԱՄՆ Արևելյան հայոց թեմի ուխտավորներն Մայր Աթոռում
Սեպտեմբերի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Արևելյան հայոց թեմի ուխտավորների` ուղեկցությամբ թեմի հոգևոր սպասավոր Արժանապատիվ Տ. Գարեգին ավագ քահանա Գասպարյանի:
Շնորհակալություն հայտնելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին ջերմ ընդունելության համար` Տեր Գարեգինը ներկայացրեց խմբի անդամների եկեղեցանվեր ծառայությունը, ապա ընդգծեց, որ Մայր Աթոռ ուխտավորների այցը և Նորին Սրբության հետ հանդիպումները առիթ են ընձեռում մոտիկից ծանոթանալու Հայ Եկեղեցու նվիրական արժեքներին և ավելի զորանալու իրենց հավատի մեջ:
Այնուհետև ուխտավորներին իր օրհնությունն ու պատգամը բերեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նորին Սրբությունը բարձր գնահատեց Տ. Գարեգին ավագ քահանա Գասպարյանի բազմամյա նվիրյալ ծառայությունը ԱՄՆ Արևելյան հայոց թեմում, ինչպես նաև կարևորեց ներկա հավատավոր հայորդիների գործուն ներգրավվածությունը ծխական-համայնքային կյանքում:
Ի պատասխան հարցումների, անդրադառնալով Սփյուռքում հայապահպանության խնդիրներին, Վեհափառ Հայրապետն ի մասնավորի ընդգծեց, որ Եկեղեցին և եկեղեցականները պիտի շարունակեն ամեն ջանք գործադրել պատանի սերնդի քայլերն դեպի եկեղեցի առաջնորդելու և երիտասարդների հոգում ազգային-հոգևոր նվիրական արժեքների հանդեպ սերն ու հավատարմությունը արթուն պահելու համար:
Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը պատասխանեց ուխտավորների հարցերին, որոնք վերաբերում էին սիրահայությանը Եկեղեցու կողմից ցուցաբերվող զորակցությանը, Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասմանն ու հայոց պահանջատիրությանը, երիտասարդության քրիստոնեական-ազգային դաստիարակության խնդիրներին և եկեղեցի-պետություն հարաբերություններին: